Բաթումի նավահանգստում, որտեղ երեկվանից կայանված էր Ռուսաստանից ժամանած ռուս զբոսաշրջիկներով լի զբոսաշրջային նավը, քաղաքացիները հավաքվել են և բողոքի ակցիա են անցկացրել։ Ցուցարարների ու նավի արանքում ոստիկաններ են եղել կանգնած։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Այսօր հավաքվել ենք այստեղ՝ պաշտպանելու մեր ազգային պատիվը։ Առաջին նավարկության ժամանումից հետո առաջին հյուրերը համարձակվեցին վիրավորել մեր ազգային պատիվը՝ ասելով, որ Ռուսաստանը օկուպանտ չէ, որ Աբխազիային պաշտպանում են մեզանից։ Այսօր մենք պաշտպանում ենք Վրաստանի համար պայքարում զոհված հերոսների անունները։ Մենք ցանկանում ենք յուրաքանչյուր ռուս զբոսաշրջիկի հասկացնել, որ իրենք մեր հյուրերը չեն, մենք երբեք թույլ չենք տա, որ նրանք վիրավորեն մեր արժանապատվությունը և հանգստանան մեր ծովում, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ Լուկա Նացվլիշվիլին։
Հանրահավաքին ներկա են եղել նաև ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ։ «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիորգի Կիրթաձեի խոսքով, կառավարությունը փորձում է ընտելացնել Ռուսաստանի քաղաքացիների նման այցելություններին։
«Երբ այս նավից եկած մարդիկ մեզ ասում են, որ Ժյուլի Շարտավան, Գուրամ Գաբիսկիրիան և հազարավոր մարդիկ, ովքեր կռվել են Աբխազիայում, դաժան մարդիկ են, և որ Ռուսաստանը պաշտպանել է աբխազներին այդ մարդկանցից, դրանից ավելի վիրավորական ի՞նչ կա։ Շատ կարևոր է, որ մարդիկ բողոքեցին դրա դեմ։ Այս նավի վրա գտնվողները և բոլոր նրանք, ովքեր գտնվում են Ռուսաստանում, պետք է իմանան, որ իրենց այստեղ ոչ ոք էլարջիով և խաչապուրիով չի դիմավորելու, եթե կարծում են, որ Ռուսաստանը օկուպանտ չէ, իսկ Սոխումին Վրաստանը չէ, այնպես ինչպես Սամաչաբլոն»,- ասել է Կիրթաձեն։
«Աստորիա Գրանդե» զբոսանավը, որը Ռուսաստանից, մասնավորապես Սոչիի նավահանգստից դուրս է եկել հուլիսի 22-ին, երեկ՝ լուսադեմին հասել է Բաթումիի նավահանգիստ։ Նավում 850 ուղևոր կա, և նրանք մեկ օրով կանգ են առել Բաթումիում։
Ինչպես հայտարարել է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը, նավը շահագործում է թուրքական զբոսաշրջային ընկերությունը, նավի սեփականատերը գրանցված է Սեյշելյան կղզիներում և ենթակա չէ միջազգային պատժամիջոցների, հետևաբար նա իրավունք ունի մնալ նավահանգստում։
Քաղաքացիներին հատկապես զայրացրել է նավից իջած Ռուսաստանի Դաշնության որոշ քաղաքացիների մեկնաբանությունները։ Նրանք չեն ճանաչում, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքները։
«Մենք չգիտենք օկուպացիայի մասին, դուք մեր ինչ-որ հանրապետություններից էիք, միություն, ոչ թե օկուպացված։ Ռուսաստանը օկուպանտ չէ, մենք ի՞նչ է, ձեզ օկուպացրե՞լ ենք։ Մենք օգնում էինք ձեզ: Մենք ձեզնից ազատեցինք Աբխազիան։ Նրանք մեզնից օգնություն խնդրեցին։ Դուք տանկերով մտաք այնտեղ, և մենք տեսանք այդ տանկերը։ Ես Աբխազիայում էի, տեսա տներ առանց պատուհանների, քանի որ դրանք բոլորը քանդվել էին ձեր կողմից։ Ռուսաստանը օգնեց Աբխազիան ազատել ձեզնից»,- լրագրողներին ասել է զբոսաշրջային նավի ուղևորներից մեկը։ Նա չի հստակեցրել, թե երբ է եղել Աբխազիայում, և չի բացառվում, որ նա խախտել է «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը։
2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած պատերազմից հետո ընդունված օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին թույլատրվում է Վրաստանի օկուպացված տարածքներ՝ Աբխազիա և Ցխինվալիի շրջան մուտք գործել միայն Զուգդիդիի և Գորիի մունիցիպալիտետներից։ Սույն կանոնը խախտելու դեպքում կիրառվում է տուգանք, կամ ազատազրկում 2-ից 4 տարի ժամկետով: «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը կոչ է արել ՆԳՆ-ին արձագանքել՝ բացահայտելու օրենսդրության սահմանված պահանջները խախտող անձանց։
Բաթումին այս տարի առաջին անգամ ընդգրկվել է Astoria Grande-ի մեկշաբաթյա նավարկության երթուղում։ Մեկ այլ նման շրջագայություն նախատեսվում է անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Astoria Grande-ն, որի վրա կլինեն ռուսական էստրադայի երգիչներ, Սոչիից կմեկնի Տրապիզոն, այնուհետև կմտնի Բաթումի նավահանգիստ, որտեղից կվերադառնա Թուրքիա և կանգ կառնի Ամասրայում և Ստամբուլում։ Ստամբուլից նավը կվերադառնա Սոչի։