Քանի՞ միլիոն են վաստակում «Ջորջիան Մանգանեզը» և միջնորդ ընկերությունները Ճիաթուրայում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ջորջիան Մանգանեզի» նոր հատուկ կառավարիչ՝ Բեսիկ Կիրթաձե

Ֆինանսների նախարարության համակարգում ընդգրկված հաշվապահական հաշվառման, հաշվետվության և աուդիտի վերահսկողության ծառայության պորտալում «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ի հրապարակած ֆինանսական հաշվետվությունները հասանելի չեն։ Վերջին հաշվետվության համաձայն՝ 2021 թվականին «Ջորջիան Մանգանեզը» 96 մլն շահույթ է ստացել։ Փաստաթուղթը ջնջվել է հունիսի 17-ից հետո, երբ «Վրաստանի լուրերը» հրապարակեց հոդված՝ «Նոր մանրամասներ «Ջորջիան Մանգանեզի» շուրջ․ պայքար ընկերությանը տիրանալու համար» վերնագրով։ Գործող օրենսդրության համաձայն՝ «Ջորջիան Մանգանեզը» պարտավոր է ֆինանսների նախարարություն ներկայացնել և հրապարակել տարեկան ֆինանսական գործունեության հաշվետվություն և աուդիտի հաշվետվություն, սակայն նախարարության կայքում «Ջորջիան Մանգանեզի» մասին որևէ տեղեկություն հնարավոր չէ գտնել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսօր առավոտից «Վրաստանի լուրերը» փորձում է կապ հաստատել «Ջորջիան Մանգանեզի» ադմինիստրացիայի հետ, սակայն ընկերության վարչական տնօրեն Թեյմուրազ Խոնելիան և հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Թամար Խուրցիան չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։

Հունիսի 20-ին կայացած ճեպազրույցում «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ի գործառնական կառավարման տնօրեն Լաշա Թութբերիձեն ասել է, որ «ընկերությունը տարիներ շարունակ վնասներ է կրում Ճիաթուրայում հանքարդյունաբերության առումով»։ Թութբերիձեի այս հայտարարությունը հակասում էր reportal.ge-ում «Ջորջիան Մանգանեզի» հրապարակած տարեկան զեկույցին (աուդիտի հաշվետվությանը)։

«Մենք հանքափորներին առաջարկել ենք 5 տոկոս աշխատավարձի բարձրացում, ինչը մեր պարտականությունն էր նրանց հետ կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի համաձայն։ 20%-ով բարձրացում են պահանջել։ Սրա հետ կապված մենք բացատրեցինք, որ ընկերությունը տարիներ շարունակ վնասներ է կրում Ճիաթուրայում հանքարդյունաբերության ոլորտում։ Այս ճգնաժամը Ճիաթուրայում շարունակվում է տարիներ շարունակ։ Մենք փորձում ենք ուղիներ գտնել այս ճգնաժամից դուրս գալու համար։ Պետության կողմից առաջարկ է եղել հանձնաժողով ստեղծել։ Մենք պատրաստ ենք, որ հրավիրվի անկախ աուդիտոր, ուսումնասիրի ընկերության ֆինանսական վիճակը, արդյոք ընկերությունը ռեսուրսներ ունի աշխատակիցների աշխատավարձը ևս 15 տոկոսով բարձրացնելու համար։ Այս ժամանակահատվածում մեր առկա աշխատավարձի 15%-ը կազմում է մոտավորապես 10 միլիոն դոլար տարեկան ծախս:

Մենք նրանց [հանքափորներին] առաջարկել ենք՝ եկեք աուդիտի հաշվետվություն դնենք, գանք հետագա արդյունքներին կամ տեսնենք ընթացիկ ֆինանսական վիճակը։ Ցավոք, ի վերջո բանակցությունները մտան փակուղի։ Մեր նպատակն է սկսել աշխատանքները Ճիաթուրայում։ Ընկերությունը ցանկություն չունի դադարեցնելու ամեն ինչ, թեև ամբողջ տարվա ընթացքում, ներկայիս ճգնաժամի ֆոնին, ստիպված ենք դադարեցնել ձեռնարկությունը։ Այս ընթացքում դադարեցված արտադրությամբ մեր աշխատակիցներին վճարում ենք աշխատավարձ, որն իսկապես քիչ չէ և ամսական 6 միլիոն լարիից ավելի է։ Ներկայումս, ըստ կանխատեսումների, մեր ֆինանսական վնասը կազմում է 12 միլիոն դոլար»,- ասել է Թութբերիձեն։

Նա նաև ասել է, որ ճգնաժամից դուրս գալու համար Ուկրաինայից հրավիրվել են հանքարդյունաբերական աշխատանքների արտադրության փորձ ունեցող մասնագետներ։ «Նրանց կողմից եզրակացություն է արվել, թերություններ են հայտնաբերվել նաև տեղի միջին օղակի կառավարման մեջ։ Սահմանվեցին հարցեր, որոնք որպես խնդրահարույց բարձրաձայնվեցին հենց աշխատակիցների կողմից, որոնք իսկապես չպետք է լինեին»։

«Ջորջիան Մանգանեզի» գործառնական կառավարման տնօրենը ուկրաինացի մասնագետների թվում նկատի ուներ Անդրի Բարաբախին, ով օրեր առաջ՝ հունիսի 1-ին, նշանակվել է «Մաղարոելի» ՍՊԸ-ի միանձնյա տնօրեն։ «Մաղարոելի» ՍՊԸ-ն հիմնադրել են Նոդար Միքաբերիձեն (նույնը` «Բաշկիրա») և Ջեմալ Խարաիշվիլին, և բաժնետոմսերը հավասարապես բաշխված են։ Ճիաթուրայում հանքափորների իրականացրած գործողություններից մեկն ուղղված էր հենց Բարաբախի դեմ։

«Ջորջիան Մանգանեզում» աշխատող շուրջ 3 500 հանքափորներն արդեն 16-րդ օրն է գործադուլ են անում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծել։ Այս պահին նրանցից 15-ը հացադուլ են անում, մեկը ի նշան բողոքի կարել է բերանը, իսկ մեկ այլ մասնակից՝ կարել է աչքերը։

Հավանաբար «Ջորջիան Մանգանեզի» հետ կապված տարբեր էջեր հովանավորվող գրառումներով կեղծ տեղեկություններ են տարածում, թե հանքափորների աշխատավարձը հասնում է 3000 լարիի, երբեմն նույնիսկ գերազանցում է այն։ «Վրաստանի լուրերը» մեկ տասնյակից ավելի հանքափորների հետ զրույցում ճշտել է, թե որքան է նրանց աշխատավարձը։ Արդյունքում պարզվել է, որ աշխատավարձը տատանվում է 1700-1800 լարիի սահմաններում։

«Մաղարոելի» ՍՊԸ-ն «Ջորջիան Մանգանեզի» կապալառու ընկերությունն է։ Երկու ընկերությունների միջև կնքված պայմանագիրը հասանելի չէ շահագրգիռ կողմերին։ Նման փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հանքային ռեսուրսների գործակալություն և Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություն, սակայն նման փաստաթղթեր այդ գերատեսչություններից հնարավոր չէ ստանալ։

Տարբեր տվյալներով՝ «Ջորջիան Մանգանեզն» ունի քսանից ավելի նման միջնորդ ընկերություններ։ Նման ընկերությունների թիվն ավելացավ հատկապես 2017 թվականից հետո, երբ Բնապահպանության և բնական պաշարների նախարարության պահանջով դատարանը նշանակեց հատուկ պետական ​​կառավարիչ և ուկրաինացի միլիարդատեր և օլիգարխ Իգոր Կալոմոյսկու խմբին զրկեց ընկերությունը ղեկավարելու իրավունքից։

Նախարարությունն իր պահանջը հիմնավորել է նրանով, որ «Ջորջիան Մանգանեզի» գործունեությունը Ճիաթուրայում ստեղծել է էկոլոգիական աղետին հավասար իրավիճակ, և աղետից հնարավոր է խուսափել միայն հատուկ կառավարչի նշանակմամբ։ Սկզբում «Վրացական երազանքի» մտերիմ Նիկոլոզ Չիքովանին 3 տարի ժամկետով նշանակվել է հատուկ կառավարիչ, ապա նրա լիազորությունները երկարացվել են ևս երեք տարով, իսկ 2023 թվականի մայիսի 16-ին դատարանի կրկին Շրջակա միջավայրի պահպանության նախարարության խնդրանքով երկարաձգել է «Ջորջիան Մանգանեզի» կառավարման հատուկ ռեժիմը ևս 2 տարով և Բեսիկ Կիրթաձեին նշանակել նոր հատուկ կառավարիչ։ Արդեն յոթերորդ տարին է, ինչ «Ջորջիան Մանգանեզը» ամբողջությամբ գտնվում է պետական ​​կառավարման ներքո, իսկ Ճիաթուրայի շրջանում առանց այն էլ ծանր իրավիճակը հասել է էկոլոգիական աղետի։ Մինչ ձեռնարկությունում կառավարման հատուկ ռեժիմի ներդրումը, ոչ մի փաստաթղթում ֆինանսական ճգնաժամի մասին խոսք չկա։

Հունիսի 17-ին «Վրաստանի լուրերի» կողմից հրապարակված հատուկ ռեպորտաժում հայտնել ենք, որ Կիրթաձեի նշանակումով ընկերությունում իր ազդեցությունները ուժեղացնում է «Վրացական երազանքի» պատգամավոր Ալեքսանդր Դալաքիշվիլիին, ով նախկինում եղել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա։ Կիրթաձեն նույնպես երկար տարիներ աշխատել է քննչական ծառայությունում։ Նոդար Միքաբերիձեն («Բաշկիրա») Դալաքիշվիլիի վստահելի անձնավորություն է, ով մենաշնորհային միջնորդ ընկերությունների միջոցով ոչ միայն կառավարում է բաց հանքարդյունաբերությունը Ճիաթուրայում և միլիոններ է վաստակում շրջակա միջավայրի ոչնչացման հաշվին, այլև կոորդինացնում է ստորգետնյա հանքարդյունաբերությունը, որի մասին է վկայում իր սեփականությունում գտնվող ընկերության միանձնյա տնօրենի պաշտոնում «Ջորջիան Մանգանեզի» կողմից հրավիրված ուկրաինացի մասնագետի նշանակումը։

Հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների և աուդիտի մասին Վրաստանի օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետը առևտրային կազմակերպություններին պարտավորեցնում է ֆինանսական հաշվետվությունները և սույն օրենքով նախատեսված դեպքերում աուդիտորական հաշվետվությունը անմիջապես, բայց ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հոկտեմբերի 1-ը, հրապարակել նույն մարմնի պաշտոնական կայքում:

«Մաղարոելի» ՍՊԸ-ն հրապարակել է միայն 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունները, սակայն պետք է ներկայացներ նաև 2021 թվականի հաշվետվությունը։

2020 թվականի հաշվետվության համաձայն՝ նորաստեղծ «Մաղարոելի» ՍՊԸ-ի զուտ շահույթը ընդամենը 7 ամսում կազմում է 2 174 642 լարի։ Ընկերությունը գրանցվել է 2020 թվականի մայիսի 20-ին։

Նոդար Միքաբերիձեն «Մանգանում Լոջիստիկ» ՍՊԸ-ի 100%-ի սեփականատերն է։ Սա նույնպես «Ջորջիան Մանգանեզի» մենաշնորհային միջնորդ ընկերություններից է։ Միքաբերիձեն բաց եղանակով արդյունահանված հանքաքարը հանքարդյունաբերողներից էժան է գնում՝ տոննայի համար վճարում է մոտ 70-100 դոլար, լվանում և միայն դրանից հետո բերում «Ջորջիան Մանգանեզ»։ Հետագայում «Ջորջիան Մանգանեզը» հանքանյութը վերամշակում է Զեստափոնիի ֆեռոլալաձուլման գործարանում և դրանից հետո արտահանում։ Միջնորդ ընկերությունը զգալի շահույթ է ստանում:

«Մանգանում Լոջիստիկի» շահույթն ըստ տարիների՝

  • 2018 թվականին՝ 11 854 274 լարի,
  • 2019 թվականին՝ 11 775 288 լարի,
  • 2020 թվականին՝ 12 031 569 լարի,
  • 2021 թվականին՝ 12 890 414 լարի։

Ընդհանուր շահույթը 4 տարում՝ 48 551 545 լարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):