Բալդայի եզակի կիրճը փրկելու համար պայքարող տեղի երիտասարդներին ռուսերեն հայհոյանքներով վտարել են պետական մարմնի՝ Պահպանվող տարածքների գործակալության գրասենյակից։ Կառավարությունը կիրճի մոտակայքում գտնվող գյուղերի բնակիչներին անգամ առանց հարցնելու, բնության հուշարձանը 40 տարով հանձնել է Ռուսաստանի հետ սերտ կապ ունեցող անձանց։ Նրանք արագացված տեմպերով բետոնացնում ու աղավաղում են կիրճը։ Օրենքի խախտմամբ կայացված որոշման կատարմանը չխոչընդոտելու համար նրանց հատուկ հսկում է ոստիկանությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Բալդայի կիրճ հասնելու համար Մարտվիլիից 20 րոպեի ճանապարհ է պետք է անցնել։ Կիրճը շրջապատված է գյուղերով՝ առաջին, երկրորդ և երրորդ Բալդաներով։ Բոլոր երեք գյուղերի գոյությունը, այնտեղի բնիկ բնակչության կյանքն ու զարգացումը կապված է Բալդայի կիրճի հետ։ Կիրճը բնության հուշարձանի կարգավիճակ ունի, հենց այն պատճառով, որ Աբաշայի գետի հովտի այս հատվածը՝ ավելի քան մեկուկես կիլոմետր, հարուստ է հազվագյուտ և եզակի բնական գոյացություններով։ Մինչ այժմ այդ ամենը անձեռնմխելի էր։
Կառավարությունը բնության հուշարձանը 40 տարով հանձնել է մասնավոր ընկերությանը, տեղացիներն այդ մասին իմացել են երեք ամիս առաջ, երբ հուլիսյան շոգ օրերին երիտասարդները գնացել են լողալու ձորում գտնվող գետում և նրանց վռնդել են այնտեղից։
Բալդա գյուղի բնակիչ Թազո Ռուխաիա. «Հանկարծ մի օր իմացանք, որ այս վայրը, որը մեր ամբողջ կյանքում եղել է մերը և մտնում էինք այստեղ, վաճառվել է քառասուն տարով»։
Բալդա գյուղի բնակիչ Ցոտնե Թվարաձե. «Գյուղը ոչինչ չի իմացել։ Միակ տեղեկությունը, որ պտտվում էր ասեկոսեների մակարդակով, այն էր, որ ինչ-որ բարեկարգում էր տեղի ունենալու, ինչը մեզ համար նշանակում էր, որ նրանք հավանաբար իջնելու տեղ էին սարքելու, ինչ-որ փոքր բան՝ նվազագույն միջամտությամբ: Մինչև հիմա ձոր իջնելու տեղ չկար, ու ստիպված էինք մասնավոր անձի հողամասից իջնել»։
Ապօրինի աճուրդ
Պահպանվող տարածքների գործակալությունը զբոսաշրջային ենթակառուցվածքների կազմակերպման նպատակով 2022 թվականի նոյեմբերի 5-ին էլեկտրոնային աճուրդի է հանել Բալդայի կիրճը և դրան հարակից 24 130 քառ․մ հողատարածքը։ Աճուրդի հաղթողը պարտավոր է այցելուների կենտրոն, առնվազն 350 մետր երկարությամբ հետիոտնային արահետ, դիտակետ և 350 մետր երկարությամբ այսպես կոչված «Ռոլեր» ատրակցիոն կազմակերպել։ Ընդհանուր առմամբ պետք է ներդրվի 2 800 000 լարի։ Պայմանագիրը չի սահմանափակում վարձակալին հանձնված տարածքում լրացուցիչ ենթակառուցվածքներ կազմակերպելու հարցում: Նա նաև կարող է իր ցանկությամբ փոփոխություններ կատարել նախագծում՝ առանց մարդկանց կարծիքը հարցնելու։
Վրաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝
- Յուրաքանչյուր ոք ունի բնական միջավայրից և հանրային տարածքից օգտվելու իրավունք:
- Յուրաքանչյուր ոք ունի շրջակա միջավայրի վիճակի մասին ժամանակին լիարժեք տեղեկություն ստանալու իրավունք:
- Յուրաքանչյուր ոք ունի շրջակա միջավայրի մասին հոգ տանելու իրավունք:
- Բնապահպանական խնդիրների հետ կապված որոշումներին մասնակցելու իրավունքը երաշխավորված է օրենքով։
Սահմանադրության հետ մեկտեղ Օրհուսի կոնվենցիան ուղղակիորեն պարտավորեցնում է պետական մարմիններին տեղեկացնել և խրախուսել մարդկանց մասնակցությունը բնապահպանական որոշումների ընդունման սկզբնական փուլում։
Պահպանվող տարածքների գործակալությունը անտեսել է հասարակությանը, հատկապես տեղի բնակչությանը՝ որոշումների կայացման բոլոր փուլերում իրազեկելու պարտավորությունը: Գործընթացն ամբողջությամբ փակվել է։ Մարտվիլիի և Օկացեի հուշարձանների վարչակազմի տնօրեն Զազա Գագուան այժմ ասում է, որ աճուրդը հայտարարվել է հրապարակային, և որ ցանկացած մարդ կարող էր տեսնել հայտարարությունը, թեև այս «փաստարկը» չի ապացուցում գործընթացի հրապարակայնությունը։ Կառավարությունը ճիշտ նույն մեթոդով 49 տարով Ռաճայում և Քվեմո Սվանեթիում 104 712 հա անտառ է փոխանցել Պուտինին մերձավոր օլիգարխի գործընկեր Դավիթ Խիդաշելիին։ Աճուրդի մասին հայտարարությունը այն ժամանակ էլ հրապարակվել Պետական գույքի ազգային գործակալության կայքում, սակայն ոչ ոք ոչինչ չգիտեր այս անհավանական պատմության մասին, քանի դեռ «Մթիս Ամբեբին» վեճ չէր սկսել, փաստաթղթեր ձեռք չէր բերել ու չեր հրապարակել փաստերը։
Սոցիալական արդարության կենտրոնի ներկայացուցիչ Սալոմե Շուբլաձեն բացատրում է, որ Բալդայի կիրճի համար նախատեսված գործունեությունը անհամատեղելի է բնական հուշարձանի գործառական նպատակին.
«Բնության հուշարձանը կարող է օգտագործվել միայն էկոտուրիզմի և ռեկրեացիոն նպատակներով։ Գոյություն ունի «Սամեգրելոյի բնական հուշարձանների համալիրի գործունեության ժամանակավոր կարգավորման կանոն», որը սահմանում է այն գործողությունների ցանկը, որոնք թույլատրվում են Բալդայի կիրճի տարածքում։ Այս ցանկը բավականին կարճ է և չի ներառում այցելուների լայնածավալ կենտրոնի և ատրակցիոնների տեղադրումը:
Այցելուների կենտրոնի կազմակերպումը նշանակում է, որ առաջիկա 40 տարիներին տեղացիները չեն կարողանա անվճար մուտք գործել Բալդայի կիրճի տարածք, և նրանք ստիպված կլինեն գումար վճարել մասնավոր ընկերությանը։
«Կանիոն 350»-ի ռուսական կապերը
Աճուրդին մասնակցած միակ ընկերությունը՝ «Կանիոն 350» ՍՊԸ-ն, գրանցվել է աճուրդի հայտարարումից 3 օր անց՝ նոյեմբերի 8-ին։ Այն հաղթող է դարձել արդեն նոյեմբերի 15-ին։
Ընկերության բաժնետոմսերի 50%-ը պատկանում է Գիորգի և Մամուկա Մերկվիլաձեներին։ Գիորգի Մերկվիլաձեին է պատկանում նաև «Զիպին Կինչխա» ընկերությունը, որի համասեփականատերն է Ռուսաստանի և Վրաստանի երկքաղաքացի Իրենա Խարազովան։
Բալդայի կիրճին տիրող ընկերության ռուսական կապերի ցանցը շատ ավելի լայն է։
Ընկերության բաժնետոմսերի 35%-ի սեփականատեր Մամուկա Մերկվիլաձեն Ռուսաստանում վրացական սփյուռքի փոխնախագահն է։ 2021 թվականին նա մասնակցել է Մոսկվայում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման և երկու երկրների միջև առանց վիզայի փոխադրումների հարցերը։
Նա նաև եղել է «Վրացական երկաթուղիների» դուստր ընկերության «GR Logistics & Terminals»-ի տնօրենը, որը կաբալային պայմանագրով, առանց աճուրդի շուրջ 800 վագոն է հանձնել ռուսական ընկերությանը։
Նույն Մամուկա Մերկվիլաձեն, որը Վրաստանի և Ռուսաստանի երկքաղաքացի է, Ֆրիդոն Քաթամաձեի բիզնես գործընկերն է։ Քաթամաձեն «Կապիտալ Գրուպ» ՍՊԸ-ի 50%-ի սեփականատերն է, որը 2019 թվականին Քոբուլեթիի մունիցիպալիտետի Խալա գյուղի շրջակայքում ստացել է ոսկու արդյունահանման 25 տարվա լիցենզիա։ Մերկվիլաձեն Ռուսաստանի այլ քաղաքացիների հետ միասին ունի ևս երկու ընկերություն։
Մամուկա Մերկվիլաձեի կինը՝ Թամար Դուդունիան, բժիշկ և երգչուհի է, որը կրթություն է ստացել Պուտինի վարչակազմի բյուջեով։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վոկալի մրցույթի հաղթող Դուդունիային անձամբ է մրցանակ փոխանցել։ Նա աշխատում է ռուսական շոու բիզնեսում, մտերիմ է ռուս քարոզիչների հետ։
Պայքար՝ հանուն կիրճի փրկության և համակարգը՝ երիտասարդների դեմ
Բալդա գյուղի բնակիչ Բաչո Թվարաձե. «Հիմա քարերը «կերխերով» լվանում են։ Այնտեղ ինչ կանաչ մասեր որ տեսանք քարերի արանքում, մեզ ասացին, որ ոչինչ չպետք է մնա։ Միայն մաքուր պատերը պետք է մնան, քանի որ այս կանաչապատումն ու ծառերը խանգարում են, որ այս ատրակցիոնը շարժվի»։
Բալդի գյուղի բնակիչ Ցոտնե Թվարաձե. «Կա մի փոքր հողատարածք, որի վրա աճել և ամրացվել են այդ ծառերը։ Այս հողը լվանում են, հետո այս ծառերն ընկնում են ձորը։ Նրանք իրենք են կտրել հատվածը։ Ոմանք, երբ քար են կտրում, հետո ասում են՝ այստեղ մենք իրավունք ունենք կտրելու, ինքն իրեն ընկել է, մենք դրա հետ գործ չունենք»։
Բալդի գյուղի բնակիչ Թազո Ռուխաիա. «Այս ատրակցիոնը սարդոստայնի պես սփռվելու է այս ամբողջ կիրճում։ Այստեղ, այս մալուխների և երկաթի ու բետոնի այլանդակության մեջ, մի շրջանակում պետք է տեղադրվի ազատություն ճառագող այս մի տեղը։
Երբ տեսնում եմ, որ կոնկրետ մեքենան գալիս է ու ոչնչացնում է այս բնությունը, որն իմն է, և ես սիրում եմ այն, բնականաբար, ուզում եմ պաշտպանել, բայց ինձ դա թույլ չեն տալիս։ Մարտվիլիի բոլոր ոստիկանները միաժամանակ գալիս են այս բետոնե մեքենայի հետ, լցնում են բետոնը ու գնում»։
Յուրահատուկ կիրճը պաշտպանելու համար բալդացիները մի քանի ակցիա են անցկացրել, անգամ իրենք են դիմել տեղի իշխանություններին։
Մարտվիլիի փոխքաղաքապետ Ալեքսանդրե Խուրցիլավան հանրահավաքի մասնակիցներին խնդրել նշել օրենքի այն հոդվածը, որը պարտավորեցնում է քաղաքապետարանին պարզել, թե արդյոք մարդիկ տեղյակ են եղել այս որոշման մասին և ինչ դիրքորոշում են ունեցել մինչև շինարարության թույլտվություն տալը։ «Սա քաղաքապետարանի կողմից օրենքում գրված չէ»,- իր հարցին պատասխանել է ինքը՝ փոխքաղաքապետը։
Օրենքում գրված է, որ շահագրգիռ քաղաքացիներն աշխատանքները դադարեցնելու խնդրանքով իրավունք ունեն դիմել դատարան այն դեպքում, երբ հուշարձանին այնպիսի վնաս է հասցվում, որի վերանորոգումն անհնար կլինի։ Այս հարցով դիմել են, սակայն Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Մերի Գուլուաշվիլին չի բավարարել աշխատանքը դադարեցնելու պահանջը, քանի դեռ դատական վեճը չի լուծվել։ Սոցիալական արդարության կենտրոնի ներկայացուցիչ Սալոմե Շուբլաձեն «Մթիս Ամբեբիին» ասել է, որ առաջիկա օրերին իրենք դիմելու են դատարան հիմնական հայցով։
Եթե նայենք այն դեպքերին, երբ բնակչությունը դիմադրում է կենսամիջավայրը պաշտպանելու համար՝ միայնակ, ժողովրդից թաքուն կայացրած որոշումներին և պահանջում է դրանք չեղարկել, օրինակ՝ «Նամախվան ՀԷԿ-երի կասկադի» դեպքում, դատարանը երեք տարուց ավելի է, ինչ չի էլ սկսել գործի քննությունը։ Ռաճայի անտառները ռուս օլիգարխի գործընկերոջը հանձնելու մասին որոշման բողոքարկումից անցել է գրեթե մեկուկես տարի, սակայն այս գործով էլ դատարանի առաջին նիստը դեռ չի կայացել։
Բնության հուշարձանից բացի, ատրակցիոնների կառուցման հետևանքով Բալդայի անտառում ապրող այծյամ է սատկել։
Բալդա գյուղի բնակիչ Թազո Ռուխաիա. «Այս ճանապարհը նրա համար ճանապարհ է եղել իր ողջ կյանքում։ Հանկարծ ինչ-որ մեկը ցանկապատեց, և նրա կյանքի առօրյան խաթարվել է։ Նա հայտնվել է այնտեղ, որտեղ պետք է լիներ իր ճանապարհը, և փաստորեն հանդիպել է բետոնների, ամրանների ու սատկել է՝ ընկնելով դրանց վրա։
Մարտվիլիի և Օկացեի հուշարձանների վարչակազմի տնօրեն Զազա Գագուան «Մթիս Ամբեբիի» հետ հեռախոսազրույցում Բալդայի կիրճը պաշտպանելու համար պայքարող երիտասարդներին մեղադրել է այծյամին սպանելու, իսկ հետո սատկած կենդանուն շինհրապարակ բերելու մեջ։ «Դա միտումնավոր են արել, որ աղմուկ բարձրացնեն։ Ես դիմել եմ ոստիկանություն՝ հետաքննություն սկսելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով»։
Ակտիվիստների տարածած տեսանյութերից երևում է, որ Գագուան ագրեսիվ է նրանց նկատմամբ։ Երբ Բալդայի կիրճի նոր սեփականատեր Գիորգի Մերկվիլաձեն ռուսերեն հայհոյել է երիտասարդներին, հենց Գագուան է ակտիվիստներին դուրս քշել պետական մարմնի շենքից։
Զազա Գագուա. Նրանք ներխուժեցին, առանձնազրույց ունեի։
«Մթիս Ամբեբի». Տեսանյութում երևում է, որ նրանք չեն ներխուժել։ Ավելի շուտ, նրանք հարցրել են՝ կարո՞ղ են ներս մտնել, որովհետև լսել են, որ դուք քննարկում եք Բալդայի կիրճի վերաբերյալ հարցերը:
Զազա Գագուա. Դա մասնավոր հանդիպում էր:
«Մթիս Ամբեբի». Ի՞նչ առանձնազրույցներ եք անցկացնում հանրային գործակալության շենքում՝ աշխատանքային ժամերին։ Բացի ձեզնից, այնտեղ էին այս ընկերության սեփականատերը և մի քանի Բալդայի բնակիչներ։ Ինչո՞ւ վտարեցիք այս երիտասարդներին։ Դուք լոբբինգ եք անում այս ընկերության և Ռուսաստանի հետ կապ ունեցող անձանց շահերի համար։
Զազա Գագուա. Ոչ: Ես չգիտեմ, թե ով է կապված Ռուսաստանի հետ։ Մերկվիլաձեներին վաղուց եմ ճանաչում։ Այդ երիտասարդներն ինձ անվանում են հայրենիք վաճառող, վիրավորում են ինձ անձամբ։ Ուստի ես նրանց հետ հարաբերություններ չեմ ցանկանում։
«Մթիս Ամբեբի». Դուք կարող եք վիրավորված զգալ, բայց պետական ծառայող եք։
Զազա Գագուա. Ես ասացի, որ գնան դատարան, դիմեն ոստիկանություն։
Տեղի երիտասարդներին ագրեսիվ է վերաբերվում ընկերության կողմից ուղարկված անձը, ով համակարգում է շինարարությունը, «երեկ գյուղացիներին, որոնք գնում են նկարահանելու, թե ինչ է կատարվում իրականում, ընկերության ներկայացուցիչը կանգնում է ոստիկանների մոտ և միջնամատ է ցույց տալիս»,- ասում է Բաչո Թվարաձեն։
«Հենց քեզ եմ ցույց տվել։ Լավ նկարո՞ւմ էիր, ինչո՞ւ էիր նկարում: Ես էլ էի ուզեցու ու ցույց տվեցի։ Ի՞նչ է, բողոքներ ունե՞ս»,- «Մթիս Ամբեբիի» տեսախցիկի առաջ հաստատեց ընկերության ներկայացուցիչը։
Սա դեռ ամենը չէ: Զիպլայնի ֆեդերացիայի նախագահ Գիորգի Չինչալաձեն, ով ներկայացավ, որպես «Կանիոն 350» ՍՊԸ-ի և, այսպես կոչված, «Ռոլեր» ատրակցիոնի կազմակերպման պատասխանատու, տարբեր մեղադրանքներ առաջադրեց ակտիվիստներին։
Գիորգի Չինչալաձե. Այս մարդիկ տոկոսավորներ են։
«Մթիս Ամբեբի». Ի՞նչ է նշանակում տոկոսավոր։
Գիորգի Չինչալաձե. Փայ են ուզում։
«Մթիս Ամբեբի»․ Ումի՞ց և ի՞նչ ձևով են պահանջում մասնաբաժին, սեփականատերին շանտաժի՞ են ենթարկում։
Գիորգի Չինչալաձե. Այո:
«Մթիս Ամբեբի»․ Դուք ունե՞ք դրա ապացույցը։
Գիորգի Չինչալաձե. Այո:
«Մթիս Ամբեբի»․ Կարո՞ղ եք մեզ փոխանցել։ Դուք ինքներդ տեսե՞լ եք:
Գիորգի Չինչալաձե. Այո:
«Մթիս Ամբեբի»․ Ավելի ստույգ բացատրեք, թե ինչ ապօրինության կամ հանցագործության հետ գործ ունենք, կոնկրետ ինչ են խնդրում։
Գիորգի Չինչալաձե. Հարցնում են, թե ինչ կստանա գյուղը այս ամենից։
«Մթիս Ամբեբի». Իսկ ի՞նչ անօրինական բան կա դրանում, եթե հետաքրքրվում են, թե ինչ օգուտներ կստանան գյուղացիները այս ամենից։
Չնայած խոստմանը, Չինչալաձեն մեզ ոչ մի տեսագրություն չի տրամադրել։
Տապալված հանդիպում
Կառավարությունը բնակիչներին հանդիպել է արդեն պոստ-ֆակտում, բողոքից հետո։ Հոկտեմբերի 6-ին Մարտվիլիում կայացած հանդիպմանը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն։
«Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ շատ լավ կլինի, քանի որ ես նույնպես չեմ տեսել, թե ինչի մասին է շնորհանդեսը։ Ձեզ համար էլ կարող է հետաքրքիր լինել։ Ես գիտեմ, որ բնակչության հետ շփում եղել է»,- փոխնախարարի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել մարդկանցով լեփ-լեցուն դահլիճում։
«Ոչ, շփում, հանրային քննարկումներ չեն եղել։ Հենց դրա համար էլ մենք պահանջում ենք դադարեցնել այս նախագիծը։
Մենք ոչ մի կերպ դեմ չենք զարգացմանը։ Բոլորը, ում տեսնում եք այստեղ, ցանկանում են, որ գյուղը զարգանա, բայց այն պետք է զարգացնել, ոչ թե վաճառել:
Եթե ձեզ համար դա պարզապես Բալդայի կիրճն է, մեզ համար դա ամենագլխավորն է, և սա օդի մեջ չենք խոսում»,- ավելացրել է Ցոտնե Թվարաձեն։
«Թող այս վայրի բնությունը մնա այնպես, ինչպես կա իր բնական գեղեցկությունով: Ինչպես կարելի է ձեռք տալ այս ամենին:
Ինչ որ արժեքավոր բան պե՞տք է մնա այս երկրում։ Հովիտ է, գետ է, ամեն ինչ հո չի՞ վաճառվում։ Սա հո մերն է։ Սա գյուղինն է։
Ի՞նչ պետք է անի գյուղի երիտասարդությունը։ Ի՞նչ անեն, կամ ո՞ւր գնան, կամ որտե՞ղ հանգստանան։ Ոմանք կոպիտ ձևով ասում են՝ «եթե չթռչկոտեն ինչ կլինի որ», եթե նույնիս թռչկոտեն։ Ինչո՞ւ իրավունք չունեն։
Իրե՞նք են այս ձորը սարքել։ Բնությունն այս գյուղին նվեր է տվել։ Թող այս գետը հոսի: Անձամբ քո՞նն է: Ինչո՞ւ պետք է այն վարձակալությամբ տրվի մեկին: Քառասուն տարին արդեն կես կյանք է։ Քառասուն․ դա վարձակալություն չէ, դա վաճառք է: Սա վաճառված է։
Գյուղի բնակիչ Մաիա Շավդիան ասում է, որ բնակչությունը չի հանձնվելու։
Այս քառասուն տարիների ընթացքում ներդրողը նաև լավ բաներ է խոստանում տեղի բնակիչներին։
«Մենք նկատեցինք, որ գյուղացիները երբեմն ոտքով են գնում Մարտվիլի, որոշեցինք նրանց մեկ տրանսպորտ տրամադրել, իսկ երկրորդ տարվանից գյուղին 50 հազար լարի կտանք։ Դրանից լավ ի՞նչ կարող ենք առաջարկել ձեզ, էլ ի՞նչ եք ուզում»,- ներդրողների առաջարկն է հիշում Բաչո Թվարաձեն։
Մեկուկես կիլոմետրանոց եզակի լանդշաֆտը, որտեղ կա մոտ քառասուն լողալու վայր, արդեն ցանկապատվել է մասնավոր սեփականատիրոջ կողմից, և այսօր ոչ ոք իրավունք չունի մտնել այնտեղ։ Շինարարության ավարտից հետո կիրճ մտնելու մոտավոր արժեքը կկազմի 30 լարի։
«Մթիս Ամբեբին» կշարունակի ակտիվորեն լուսաբանել այս թեման։
Հեղինակներ՝ Սալոմե Սիմոնիա, Դավիթ Թամազաշվիլի