«Կգնա Բելառուս». ինչ է սպասվում Պրիգոժինին և նրա մարտիկներին ապստամբությունից հետո

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Պրիգոժինը հունիսի 24-ին լքում է Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ REUTERS-ի լուսանկարը

Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ «զինված ռազմական հեղաշրջման փորձի» գործը կփակվի, իսկ ինքը՝ Պրիգոժինը, «կգնա» Բելառուս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դուք ինձ հարցրիք, թե ինչ է լինելու անձամբ Պրիգոժինի հետ։ Նրա դեմ հարուցված քրեական գործը կփակվի, և նա կգնա Բելառուս։ Եթե ​​ինձ հարցնեք՝ ո՞րն է երաշխիքը, որ Պրիգոժինը կգնա Բելառուս, սա ՌԴ նախագահի խոսքն է», - հունիսի 24-ի օրվա վերջում Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Ինչպես ասել է Պեսկովը, ինքը տեղեկություն չունի Պրիգոժինի գտնվելու վայրի մասին։

Կրեմլի ներկայացուցիչը նաև ասել է, որ ապստամբությանը մասնակցած «Վագների» անդամների նկատմամբ դատական ​​հետապնդում չի սկսվի՝ «հաշվի առնելով նրանց վաստակը ճակատում»։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը կվերադառնա իր ճամբարներ։ Ցանկացողները պայմանագրեր կկնքեն ՊՆ-ի հետ։ Խոսքը վերաբերում է այն հատվածին, որը չի մասնակցել այս երթին։ Իսկապես, կային ստորաբաժանումներ, որոնք ի սկզբանե ուշքի եկան ու հետ գնացին։ Ինչ վերաբերում է մյուս մարտիկներին, ապա նրանց նկատմամբ ոչ ոք քրեական հետապնդում չի սկսելու՝ հաշվի առնելով նրանց վաստակը ռազմաճակատում։ Մենք միշտ հարգել ենք նրանց հերոսությունը ռազմաճակատում և միշտ կպահպանենք այդ հարգանքը»,- ասել է Պեսկովը։

Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե Բելառուսի նախագահի միջնորդությամբ կնքված գործարքը ի՞նչ նշանակություն կունենա ապստամբների համար՝ հաշվի առնելով նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար բռնում է դավաճանության ճանապարհը, պատասխանատվության կենթարկվի օրենքի առջև։

«Կար ավելի բարձր նպատակ՝ խուսափել արյունահեղությունից, խուսափել ներքին կռիվներից, խուսափել անկանխատեսելի հետևանքներով բախումներից։ Հենց այդ նպատակով էլ իրականացվեց Լուկաշենկոյի միջնորդությունը, և նախագահ Պուտինը համապատասխան որոշումներ ընդունեց։

Կարող եք հարցնել, թե ինչու նախագահ Լուկաշենկոն: Բանն այն է, որ նա Պրիգոժինին անձամբ ճանաչում է վաղուց՝ մոտ 20 տարի։ Սա նրա անձնական նախաձեռնությունն էր՝ համաձայնեցված նախագահ Պուտինի հետ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլը «երախտապարտ է Լուկաշենկոյին այս ջանքերի համար»։

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ ապստամբությունը չի ազդի Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքի վրա, Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կրկին դիմել ՌԴ քաղաքացիներին, և չի փոխել իր վերաբերմունքը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ այն դժգոհության պատճառով, որը Պրիգոժինին ստիպեց ապստամբել։

«Վագների» մարտիկները՝ Ռոստովում, REUTERS-ի լուսանկարը

Հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է «վագներականների» ճամբարները ռմբակոծելու մեջ և խոստացել սկսել «արդարության երթ»։ Նրա խոսքով, 25 հազար «վագներականները» պետք է պարզեին, թե «ինչու է այս անկարգությունը տեղի ունենում երկրում»։

«Ռուսաստանի ռազմական ղեկավարության բերած չարիքին պետք է վերջ դրվի»,- ասել է Պրիգոժինը։ Նա հանդիպում է պահանջել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։

Պաշտպանության նախարարությունը հերքել է Պրիգոժինի մեղադրանքները և նրա տարածած տեղեկությունը սադրանք անվանել։ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ զինված հեղաշրջման փորձի հոդվածով։

Հունիսի 24-ին «Վագները» հսկողություն է սահմանել Դոնի Ռոստովում՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտների, այդ թվում՝ օդանավակայանի վրա և սկսել շարժվել դեպի Մոսկվա։ Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել Մոսկվա քաղաքում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում։

Հունիսի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ՌԴ քաղաքացիներին և Պրիգոժինի գործողությունները որակել որպես «դանակ թիկունքից»։ Նա խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր «բռնեցին դավաճանության ճանապարհը», կպատժվեն «անխուսափելի պատժով»։

«Ով կազմակերպել և նախապատրաստել է ռազմական ապստամբություն, ով զենք է բարձրացրել իր ծառայակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին՝ դրա համար պատասխան է տալու»,- ասել է Պուտինը։

Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը անսպասելիորեն հայտարարել է, որ իր վարձկանների շարասյունը, որը գտնվում էր Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա, վերադառնալու է դաշտային ճամբարներ։

«Ուզում էին լուծարել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը։ Հունիսի 23-ին մենք սկսեցինք «արդարության երթ» և ցերեկվա ու գիշերվա ընթացքում հասանք Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա։ Այս ընթացքում մեր մարտիկների ոչ մի կաթիլ արյուն չի թափվել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի մենք գիտակցում ենք ողջ պատասխանատվությունը այն բանի համար, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մեր շարասյունները հետ ենք տանում և, ըստ պլանի, գնում ենք հակառակ ուղղությամբ՝ դաշտային ճամբարներ»,- ասել է Պրիգոժինը ձայնային հաղորդագրության մեջ։

Նրա այս հայտարարությանը նախորդել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայության տարածած տեղեկությունն այն մասին, որ ողջ օրվա ընթացքում ընթացող բանակցությունների արդյունքում Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել շարժը դեպի Մոսկվա։ «Առայժմ սեղանին դրված է իրավիճակի կարգավորման բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների անվտանգության երաշխիքներով», - ասվում է Լուկաշենկոյի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։