Կոբախիձեն չի ուզում, որ հրապարակվի այն սարսափը, որը տեղի էր ունենում Շովիում. Դավիթ Ջելաձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի այսօրվա հայտարարությանը արձագանքել է Շովիում՝ աղետի գոտում գտնվող Դավիթ Ջելաձեն, ով իր զարմուհու՝ 6-ամյա Մաշոյի հետ կարողացել է փրկվել սելավից։ Կոբախիձեն «անհավանական սուտ» է որակել տեղեկությունը, թե իբր երեխան 3 ժամ պայքարել է սելավի դեմ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Շատ դժվար է, ես չէի սպասում նման հայտարարության։ Ինձ ոչ ոք այդպես չի վիրավորել, ինչպես հիմա Իրակլի Կոբախիձեն։ Ոչնչացրեց մեզ՝ փրկվածներիս: Ես չեմ հասկանում նրան ինչ է տալիս ինձ մեղադրելը։ Հավանաբար, չի ուզում որպեսզի հրապարակվի այն սարսափելի բաները, որոնք տեղի են ունեցել Շովիում»,- ասել է Ջելաձեն՝ հավելելով, որ իշխող կուսակցության նախագահի նման հայտարարությունն անսպասելի էր։

«Պարզվում է, որ այն ամենը, ինչ պատմել եմ, և ինչ տեսել եմ ինքս, սուտ է եղել, և վերջ, ես բոլորին ստել եմ։ Ես երբեք այսքան վիրավորված չեմ եղել։ Ասում է ինձ անհավանական է թվում, թե ինչպես է այս մարդը կարողացել երեխայի հետ մեկ ափից մյուսը տեղափոխվել: Իսկապես անհավանական է, թե ինչպես դա հաջողվեց ինձ ու Մաշոյին: Ես դեռ չգիտեմ։ Այդ վայրում կանգ առնելն անհնար էր։ Այնքան ցեխ էր, որ եթե մի տեղ կանգնեիր, մի պահ կխորտակվեիր ու կխեղդվեիր։ Այդ ուժն ինձ տարավ մյուս ափ։ Ես կարծում էի, որ այնտեղ ապահով տեղ կլինի։ Անցնում էի վախենալով, որ սողանք կհարվածի մեզ ու վերևից կանցնի, շտապում էի։ Չգիտեմ, թե ինչպես կարողացա դա անել, և փոխարենը ինչ-որ մեկը կանգներ իմ կողքին և ընդուներ իմ պատմությունը...

Երբ ես անցնում էի սելավի միջով, որին Իրակլի Կոբախիձեն չի հավատում, ներքևից լսեցի մարդու ձայն, չէի կարողանում հասկանալ, թե որտեղից է գալիս, ոչ մեկին չէի տեսնում։ Այդ մարդը թաղված էր հողի մեջ և օգնություն էր խնդրում։ Մեզնից ոչ ոք չէր կարող օգնել, քանի որ բոլորս ցեխի մեջ էինք։ Այս աղետը պարզապես չպետք է լիներ, այն չպետք է հասներ այս կետին։ Սողանքը եղել է հենց քոթեջների գլխին։ Հիմնականում այդ տեղը պետք է գնահատվեր, հատկապես այն ժամանակ, երբ օգոստոս է, մարդիկ հանգստանում են։ Գոնե պետք է ուշադրություն դարձնեին շրջակա միջավայրին, որպեսզի խուսափեին այս ողբերգությունից»,- ասում է Դավիթ Ջելաձեն։

Իրակլի Կոբախիձեն այսօր «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է, որ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սելավի զանգվածի տակ մնացած մարդիկ ողջ մնալու հնարավորություն չունեին։ Իշխող կուսակցության նախագահի խոսքով՝ «շահարկումներ են եղել, ապատեղեկատվություն է տարածվել, թե իբր երեխաներից մեկը 3 ժամ պայքարել է սելավի դեմ, ինչն անհավանական սուտ է»։ Լրագրողները իշխող կուսակցության նախագահին ցույց են տվել աղետից փրկված Դավիթ Ջելաձեի՝ Facebook-ում հրապարակած լուսանկարը գրությամբ՝ «Մաշո՛, ինչպե՞ս անցանք այս ճանապարհը, հիմա էլ եմ զարմանում»։ Լուսանկարում Դավիթ Ջելաձեն նշել է այն ճանապարհը, որն անցել է 6-ամյա զարմուհու հետ՝ ապահով վայր փնտրելու համար։

«Դա ստո՞ւյգ է չգիտեմ, կստուգենք, բայց մի փոքր կասկած ունեմ... Այս լուսանկարից չեմ կարող ասել մեկ բան՝ ինչու էր պետք մի ափից մյուսը տեղափոխվել, չգիտեմ, որովհետև ավելի ապահով էր այդ ափին մնալը, շատ մարդիկ մնացին այնտեղ և հասցրեցին... Պատկերացնո՞ւմ եք, մենք այդ տարածքում էինք օրերս, և այնտեղ տեղափոխվելը գործնականում անհնար էր։ Ուստի այս ամենը ստուգման կարիք ունի»,- նշել է Կոբախիձեն։

Օգոստոսի 3-ին տեղի ունեցած սառցադաշտային սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը։ Փրկարարներին միայն սահմանային ոստիկանության ուղղաթիռներով 3 ժամ անց է հաջողվել հասնել աղետի գոտի։ Օգոստոսի 3-ին և 4-ին Շովիից դուրս է բերվել 210 մարդ։ Սելավի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, 8 հոգու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ինչպես մահացածների, այնպես էլ անհետ կորածների թվում կան երեխաներ։ Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ողբերգությունից խուսափել հնարավոր չի եղել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։