Ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի երեկվա նիստին, որտեղ 27 երկրների արտգործնախարարները քննարկել են Վրաստանի նկատմամբ անհատական պատժամիջոցները և դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը։ Կոբախիձեի խոսքով՝ պատժամիջոցների սահմանմանը դեմ են արտահայտվել առնվազն հինգ երկրներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հինգ կոնկրետ երկրներին, որոնք աջակցել են վրաց ժողովրդին։ Դրանք են, ինչպես գիտեք, Հունգարիան, Սլովակիան, Իտալիան, Իսպանիան և Ռումինիան։ Նրանք խորհրդին ընտրել են վրաց ժողովրդի շահերը»,- ասել է Կոբախիձեն այսօր կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը հրապարակայնորեն տեղեկացել է հինգ երկրների մասին, թեև կարծում է, որ «պատժամիջոցներին դեմ դուրս եկած երկրների ցանկն էլ ավելի լայն է»։
«Մենք կշարունակենք խորհրդակցությունները բոլոր երկրների հետ, որոնք աջակցում են վրաց ժողովրդին»,- նշել է Կոբախիձեն։
Անդրադառնալով խորհրդի որոշմանը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման գործընթաց սկսելու վերաբերյալ, Իրակլի Կոբախիձեն այն որակել է որպես «հակավրացական քայլ» և ասել, որ «նման որոշումներն են, որ նվազեցնում են վրացական հասարակության վստահությունը եվրոպական կառույցների նկատմամբ»։
«Սա ընդամենը խորհրդանշական ժեստ է և, այնուամենայնիվ, գործնական ազդեցություն չի ունենա։ Բացի այդ, բոլորը գիտեն, որ
մարդիկ, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր՝ լինեն նրանք քաղաքական գործիչներ, թե դեսպաններ, ունեն նաև ոչ դիվանագիտական անձնագրեր։ Ուստի նրանք կարող են առանց վիզայի մուտք գործել եվրոպական երկրներ։
Դա հաստատել են նաև եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները։ Ուստի դա խորհրդանշական ակտ է, դրանով ոչ մի իրական արտոնություն չեղյալ չի հայտարարվում։ Դա ընդամենը քաղաքական ժեստ է և հերթական հակավրացական որոշումը։ Դեսպանն անձեռնմխելի է նույնիսկ պատերազմի ժամանակ, և երբ ինչ-որ մեկը փորձում է վիզային սահմանափակումներ մտցնել մեր դեսպանների վրա, օրինակ, ի տարբերություն այլ քաղաքացիների, սա դարերով հաստատված տարրական սկզբունքների խախտում է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո ասել է, որ համաձայություն է ձեռք բերվել «դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու անհրաժեշտության մասին»։ Եվրահանձնաժողովն այս կապակցությամբ առաջարկություն կներկայացնի այս տարի։ Ինչպես նշել է Կալասը, հանդիպմանը «ավելին անելու մեծ ցանկություն է եղել»։
Խորհրդի ավարտից հետո Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ սլովակ գործընկերոջ հետ վետո է դրել Վրաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու վրա։
