Կստեղծվի ռեգիստր և կիմանաք, թե որտեղից էր ֆինանսավորվում «Նամախվան ՀԷԿ»-ի արգելափակումը. Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, հենց որ խորհրդարանը հավանություն տա օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի նախագծին և ստեղծվի ռեգիստրը, հասարակությունը կիմանա, օրինակ, թե ում շահերից էր բխում արգելափակել Ռիոնի հովտում «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցումը և ինչու են ֆինանսավորվել հակազդեցության գործողությունները:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հիշեցնեմ, որ եղել է, օրինակ, «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման թեման և կոնկրետ արտասահմանյան աղբյուրներից՝ կարող են լինել ռուսական կոմերցիոն աղբյուրներ, կարող են լինել այլ աղբյուրներ, բայց եղել են կոնկրետ կազմակերպություններ, որոնք մասնակցել են այս ՀԷԿ-ի շինարարության արգելափակմանը, որն ուներ միայն մեկ նպատակ, դա Վրաստանի էներգետիկ անվտանգության ոչ պատշաճ ապահովումն էր։ Սա էր գլխավոր նպատակը։

Ես իրադարձություններից առաջ չեմ ընկնի: Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել սրա վրա, մի քանի ամսից, երբ կկազմվի ռեգիստրը, այնտեղի բոլոր կազմակերպությունների հետ կապված, թե ով որտեղից է ֆինանսավորվել, ինչի համար է ֆինանսավորվել, հանրությունն այս առնչությամբ տեղեկություն կունենա, և դրանից ելնելով հասարակությունը կարող է իր եզրակացությունն անել, թե ում շահերից է եղել արգելափակել այս ՀԷԿ-ի կառուցումը և ինչո՞ւ են ֆինանսավորվել հակաքայլերը։

Հասարակությունը կքննարկի դրանք, մի քանի ամսից հնարավորություն կունենա։ ՊԱԾ-ը (Պետանվտանգության ծառայությունը) ունի իր տեղեկությունը, սակայն այստեղ կարևոր է, որ համապատասխան տեղեկությունը հանրության համար թափանցիկ լինի»,- ասել է Կոբախիձեն։

«Ռիոնի հովիտը փրկելու համար» շարժման ղեկավար Վառլամ Գոլեթիանիի կարծիքով՝ կառավարությունը «Նամախվան ՀԷԿ»-ի հետ կապված ցավալի փորձ ունի հենց այն պատճառով, որ բնակչությունը և հասարակական կազմակերպությունները համակարգված պայքար են մղել։

«Դա տվեց իր արդյունքը։ Այդ փուլում պայքարն ավարտվեց ժողովրդի հաղթանակով։

Մենք գիտենք, որ կառավարությունը մտադիր է վերսկսել «Նամախվան ՀԷԿ»-ի շինարարությունը, և նրանք նախօրոք մաքրում են դաշտը, որպեսզի վարկաբեկեն այս թեմայով աշխատած կազմակերպություններին, մեզ մեղադրեն օտարերկրյա գործակալ լինելու մեջ»,- «Վրաստանի լուրերի» հետ զրույցում ասում է Գոլեթիանին։

«Ռիոնի հովիտը փրկելու համար» շարժումը Նամոխվանի ՀԷԿ-երի կասկադի դեմ բողոքի ակցիաները սկսել է 2020 թվականի հոկտեմբերին։ Վերջին տարիներին սա առաջին անգամն էր, որ տասնյակ հազարավոր մարդիկ միացան ինքնակազմակերպված խմբի կողմից սկսած շարժմանը, և բողոքի ցույցերը շարունակվեցին 20 ամիս։

Նամոխվանի ՀԷԿ-երի կասկադի նախագիծը ներառում է երկու ՀԷԿ՝ «Զեմո Նամախվանի ՀԷԿ»՝ 100 ՄՎտ դրվածքային հզորությամբ և «Քվեմո Նամախվանի ՀԷԿ»՝ 324 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ «Զեմո Նամախվանի ՀԷԿ» ամբարտակի կառուցումը նախատեսվում է Տվիշի գյուղի մոտակայքում։ Ամբարտակի բարձրությունը լինելու է 56 մետր: ՀԷԿ-ի համար ջրով կծածկվի մոտ 1000 հա հողատարածք: «Քվեմո Նամախվանի ՀԷԿ»-ի գլխակառույցի համար նախատեսված է 105 մետր բարձրությամբ ամբարտակի կառուցում Ռիոնի գետի նեղ հովտում՝ Նամախվանի գյուղի վերևում։ Այստեղ ջրով կծածկվի ավելի քան 500 հեկտար։ «Քվեմո Նամախվանի ՀԷԿ»-ի համար նախատեսվում է 4 400 մետր երկարությամբ թունելի (տրամագիծը 9 մետր) կառուցում, որով հոսելու է Ռիոնի գետը։

Վրաստանի կառավարությունը ներդրող թուրքական ընկերությանը Ռիոնի հովտում ավելի քան 600 հեկտար հող է տվել ՀԷԿ-երի կառուցման համար, որից 300 հեկտարը որպես սեփականություն, իսկ մնացածը վարձակալությամբ՝ 99 տարով։ Հովտի զգալի հատվածը ընկերությանը տրվել է մինչև Նամոխվանի ՀԷԿ-երի կասկադի կառուցման թույլտվությունների տրամադրումը։ Նույնիսկ ուսումնասիրություններ չեն եղել, թե արդյո՞ք հնարավոր կլինի հսկայական ՀԷԿ կառուցել այս տարածքում։

«Ռիոնի հովիտը փրկելու համար» շարժումն իր հակազդեցությունը բացատրում էր սպասվող սպառնալիքներով և կառավարության և ներդրողի միջև պայմանագրի կաբալային պայմաններով։ Կառավարությունը երկար ժամանակ գաղտնի էր պահում «Նամախվա ՀԷԿ»-ի պայմանագրի վերաբերյալ Արդարադատության նախարարության բացասական եզրակացությունը։

ՀԷԿ-երի կասկադի կառուցման համար տրված բնապահպանական որոշումներն ու թույլտվությունները տեղի բնակիչների և «Կանաչ այլընտրանքի» կողմից վիճարկվել են դատարանում։ Թբիլիսիի քաղաքային դատարանը դեռ չի սկսել երեք տարի առաջ ներկայացված հայցի քննարկումը։

Թուրքական «Enka Renewables» ընկերությունը 2021 թվականի սեպտեմբերին Վրաստանի կառավարությանը տեղեկացրել է, որ հրաժարվում է «Նամախվան ՀԷԿ»-ի նախագիծն իրականացնելուց և խզում է 2019 թվականին կնքված պայմանագիրը։

2022 թվականի ապրիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «Նամախվան ՀԷԿ»-ը, «Նենսկրա ՀԷԿ»-ը և «Խուդոն ՀԷԿ»-ը պետք է կառուցվեն պետության մասնակցությամբ։

Անցյալ տարվա հոկտեմբերին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին ասել է, որ կառավարությունը բանակցություններ է վարում «Էնկա»-ի հետ՝ «Նամախվանիի» նախագիծն իրականացնելու համար։

«Ռիոնի հովիտը փրկելու համար» շարժմանը և Նամախվան ՀԷԿ-ի կառուցմանը դեմ հանդես եկող Ծղալտուբոյի և Ցագերիի գյուղերի բնակիչներին բնապահպանական հարցերում փորձագիտական ​​և իրավաբանական աջակցություն են ցուցաբերել «Կանաչ այլընտրանք» հասարակական կազմակերպությունը, Սոցիալական արդարություն կենտրոնը և Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Բոլոր երեք կազմակերպություններն էլ իրենց կայքերում հրապարակել են տարիների ընթացքում տարբեր ծրագրերի համար դոնորներից ստացած ֆինանսավորման մասին տեղեկությունը:

Ինչ վերաբերում է«Ռիոնի հովիտը փրկելու համար» շարժմանը, ապա աուդիտի հաշվետվության համաձայն՝ 2020 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը ներառյալ, կազմակերպությունը որպես նվիրատվություն ստացել է 283 498 լարի։ Դոնորները ամբողջությամբ Վրաստանում ապրող և արտագաղթած Վրաստանի քաղաքացիներն են։

-----

Փետրվարի 20-ին խորհրդարանի բյուրոն քննարկման է ընդունել խորհրդարանական մեծամասնության անդամներ Սոզար Սուբարիի, Դիմիտրի Խունդաձեի, Գուրամ Մաճարաշվիլիի և մի շարք այլ պատգամավորների ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է «օտարերկրյա ազդեցության գործակալի» կարգավիճակ տալ անկախ հասարակական և մեդիա կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային հիմնադրամների աջակցությամբ։ «Վրացական երազանքը» կողմ է օրինագծին։ Սա ռուսական օրենք է, այն արգելված է ԵՄ երկրներում։ Վրաստանում այս օրենքն ընդունվում է նույն փաստարկներով, որով Վլադիմիր Պուտինը 2012 թվականին խաբում էր ռուսներին: Այս օրենքը Ռուսաստանում վերացրեց քննադատական ​​ձայնը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։