Մայիսի 11-ին՝ Եվրոպայի օրվա առթիվ, Թբիլիսիում ընդդեմ ռուսական օրենքի մեծամասշտաբ ցույց կանցկացվի։ Այս մասին երեկվա հանրահավաքին իր ելույթի ժամանակ հայտարարել է Արևելյան Եվրոպայի բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոնի տնօրեն Լևան Ցուցքիրիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Ուզում եմ հիշեք այս օրը՝ մայիսի 11-ին մենք միասին շատ մեծ ցույց ենք կազմակերպելու։ Մեծ, խաղաղ, հզոր, վստահ դրսևորում։ Նշեք ձեր օրացույցները: Միգուցե դուք գիտեք մեկին, ով այստեղ չի գալիս, և մինչև մայիսի 11-ը եկեք բոլորս ստանձնենք այս խնդիրը՝ մեզ հետ բերել մարդկանց, ովքեր դեռ այստեղ չեն եղել»,- ասել է Ցուցքիրիձեն։
Ապրիլի 15-ից ի վեր, չնայած ցույցերը ճնշելուն ու ձերբակալություններին, Թբիլիսիում ամեն օր բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ռուսական ռեպրեսիվ օրենքի։ Ավանդաբար Ռուսթավելիի պողոտան ցուցարարների հավաքման գլխավոր վայրն է, սակայն վերջին օրերին երիտասարդները նաև շարժվել են դեպի Հերոսների հրապարակ և փորձել իշխանություններին ստիպել ետ կանչել ռուսական օրենքը՝ փակելով քաղաքի գլխավոր տրանսպորտային հանգույցը։
Մեկ ամիս առաջ «Վրացական երազանքի» կողմից գրանցված ռուսական օրենքը երկու ընթերցմամբ արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից։ Չնայած Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կոչերին, իշխող կուսակցությունը պնդում է, որ չեն նահանջելու։
Օրենքի երրորդ՝ վերջին ընթերցումը նախատեսված է մայիսի 13-ով սկսվող նիստերի շաբաթվա ընթացքում։ Մինչ այդ կառավարությունը մայիսի 7-ը, 8-ը և 10-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել։ Ընդդիմությունը կարծում է, որ «մայիսյան արձակուրդների» ներդրումը ծառայում է ռուսական օրենքի դեմ բողոքի թուլացմանը։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։