Մեծ հույս ունենք, որ Վրաստանը չի ընդունի այսպես կոչված գործակալների մասին օրենքը․ Շոլցը՝ Կոբախիձեին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում քննադատել է այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը «Վրացական երազանքը» կրկին ներկայացրել է խորհրդարան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք, այնպես, ինչպես ողջ Եվրամիությունը, շատ քննադատաբար ենք նայում այսպես կոչված գործակալների մասին օրենքին։ Այս օրենքի կասեցումից հետո մենք մեծ հույս ունեինք, որ այն այլևս օրակարգ չի բերվի։ Հիմա նոր օրինագիծը, ըստ էության, չի փոխվել ու գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի։

Մենք մեծ հույս ունենք, որ այս օրենքը Վրաստանի կողմից չի ընդունվի, որ խորհրդարանը հաշվի կառնի մեր և Վրաստանի բնակչության քննադատական ​​դիրքորոշումը։ Ուստի մեր զրույցում ես ևս մեկ անգամ ընդգծեցի քաղաքացիական հասարակության կարևորությունը, ընդդիմության և իշխանության համագործակցությունը, ինչը շատ կարևոր է հասարակության զարգացման համար»,- ասել է Շոլցը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ժողովրդավարական պետությունում թափանցիկությունն այլընտրանք չունի, և համանման օրենքը վերջերս աջակցություն է ստացել Եվրահանձնաժողովի կողմից։

«Միակ բանը, որ նախատեսում է օրենքի նախագծով, դա հասարակական կազմակերպությունների կողմից ֆինանսների տարեկան հրապարակումն է։ Առայժմ որևէ հիմնավորում չի եղել, թե ինչու այդ հասարակական կազմակերպությունները չպետք է պահպանեն թափանցիկության սկզբունքը։ Վրաստանի վարչապետ նշանակվելուց հետո ես պահանջեցի հրապարակել Վրաստանի կառավարության բոլոր որոշումները։ Մենք բոլոր իրավունքներն ունենք թափանցիկության նվազագույն չափորոշիչներ պահանջելու ոչ կառավարական կազմակերպություններից»,- ասել է Կոբախիձեն։

Հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք գործում են օտար երկրների շահերից ելնելով և որոշակի քայլեր են ձեռնարկում, 2020 թվականից հետո երկու դեպք է եղել, երբ ցանկություն կար իշխանությունը փոխել ոչ թե ժողովրդավարական ընտրությունների, այլ փողոցային ցույցերի միջոցով։ Դրանց ֆինանսավորումը տեղի է ունեցել վերջին տարիներին, այդ թվում՝ ապօրինի ճանապարհներով, ինչը վերջին շրջանում դարձել է անօրինական պրակտիկա։ Մենք տեսնում ենք, որ այդ կազմակերպությունները շահագրգռված չեն նշված հաշվետվությունների հրապարակմամբ և նպաստում են հասարակության բևեռացմանը»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը վստահ է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կնպաստի «ուժեղ, հիմնավոր, հիմնարար ժողովրդավարության» ձևավորմանը։

Այս հարցի շուրջ Օլաֆ Շոլցին հարց է ուղղել իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Քեթևան Քարդավան։ Նա հետաքրքրվել է, թե ինչու են Վրաստանի եվրոպացի գործընկերները անհանգստացած, «եթե Եվրոպայում և ԱՄՆ-ում գործում են նույն կամ նմանատիպ կանոնակարգեր»։

«Եվրամիությունը չունի նմանատիպ օրենսդրություն, քննարկվում է տարբեր ոլորտներում թափանցիկություն հաստատելու մասին, բայց սա բոլորովին այլ հայեցակարգ է, դեռ որոշված ​​չէ և, ամենայն հավանականությամբ, որոշում չի կայացվի»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Հարցին, թե ինչո՞վ է բացատրում այն, որ բոլորովին այլ դիրքորոշում ունի եվրոպացի գործընկերներից, Վրաստանի վարչապետը պատասխանել է, որ պատրաստ է քննարկումների եվրոպացի, ամերիկացի կամ տեղի վրացի գործընկերների հետ։

«Մեր դիրքերը շատ ամուր են։ Այս օրենքը շատ կարճ է։ Ոչ ոք չի կարող ասել, որ ֆինանսների հրապարակումը կարող է բացասական ազդեցություն ունենալ այս կամ այն ​​կազմակերպության գործունեության վրա։ Եթե ​​սխալ բան եմ ասում, նորից եմ կրկնում, մենք բաց ենք քննարկման համար։

Կոբախիձեի խոսքով, նախորդ տարի օրինագծի քննարկման ժամանակ «համապատասխան քննարկում» չի եղել։

Երեկ՝ ապրիլի 11-ին, Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ «Վրացական երազանքի» վերստին ներկայացված օրինագիծը անհամատեղելի է եվրոպական արժեքներին և այն ո՛չ եվրոպական է, ո՛չ էլ ամերիկյան։ Պավել Հերչինսկին նաև նշել է, որ «թափանցիկությունն ապահովելու այլ ուղիներ կան»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։