Ապօրինաբար կալանավորված Վրաստանի քաղաքացի Գիորգի Տերաշվիլին ազատ է արձակվել օկուպացված Ցխինվալիի նախնական կալանքի մեկուսարանից։ Օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները նրան ձերբակալել էին մայիսի 11-ին՝ Քարելիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մոտ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 4 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Ես ու երկու համագյուղացիներս գյուղի կովերին էինք արածեցնում։ Երբ անասունները անցան օկուպացված տարածք՝ գնացի որ քշեմ, այդ ժամանակ ինձ ձերբակալեցին ռուս զինվորականները»,- ազատ արձակվելուց հետո ասել է Գիորգի Տերաշվիլին։
Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ կալանավորին անհապաղ ազատ արձակելու համար ակտիվորեն օգտագործվել է ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, այնպես էլ կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող մյուս բոլոր գործիքները։ Այսօր Էրգնեթիի անցակետում Տերաշվիլին հանձնվել է ՊԱԾ-ի ներկայացուցիչներին։
«Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր կործանարար գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ռեժիմը։ Կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին կշարունակի ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու համար»,- ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Ապրիլի 30-ին Ռուսաստանի օկուպացիոն ուժերը Քարելիի Դվանի գյուղի մոտ ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներ Չիտո Ախալկացիին և Գոչա Մամագուլաշվիլիին։ Նրանց ապօրինի կալանավորումը նույնպես տեղի է ունեցել անասուններին արոտավայր տանելու ժամանակ։ Նրանք երկուսն էլ ազատ են արձակվել մայիսի 3-ին։
Ապրիլի 21-ին օկուպանտները Ճվրինի գյուղի մոտ փորձել են առևանգել ամուսիններ Մևլուդ Խարազիշվիլիին և Էլզա Գոգալաձեին, ինչի ժամանակ տղամարդուն հարվածել են ոտքերով և ատրճանակի կոթով։
Ապրիլի 17-ին ձերբակալվել է Դվանի գյուղի բնակիչ Դիմիտրի Մամագլաշվիլին։ Նա ձերբակալվելու պահին իր համագյուղացիների հետ Սուրբ Զատիկն է նշելիս եղել գյուղի եկեղեցում։ Մամագուլաշվիլին Վրաստանի իրավապահներին է հանձնվել ապրիլի 20-ին այն բանից հետո, երբ դե ֆակտո դատարանը նրան տուգանել է պետական սահմանը խախտելու համար և վտարել «Հանրապետությունից»։
Հարավային Օսիայի դե ֆակտո Պետական անվտանգության կոմիտեն նշում է, որ ապրիլին ընդհանուր առմամբ ձերբակալվել է 45 մարդ. 21-ը՝ այսպես կոչված պետական սահմանի ռեժիմը խախտելու, 24՝ սահմանային ռեժիմը խախտելու համար։ «25 անձի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, 3 անձի նկատմամբ վարչական վտարում և տուգանք է կիրառվել, 15-ի դեպքում տրվել է նախազգուշացում, իսկ երկու անձի նկատմամբ վարչական վարույթը կարճվել է»,- հայտնում են կոմիտեից։
Ցխինվալիի բանտում անօրինական կալանքի տակ են գտնվում Վրաստանի հինգ քաղաքացիներ, որոնց թվում է նախկին զինվորական Մամուկա Չխիկվաձեն, ով ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերին Գորիի մունիցիպալիտետի Նիքոզի գյուղի մոտ։ Այսպես կոչված սահմանն ապօրինի հատելուն զուգահեռ՝ նա մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ։ 2022 թվականի մայիսին դե ֆակտո դատարանը Չխիկվաձեին դատապարտել է 5,6 տարվա ազատազրկման, որը բողոքարկվել է նրա տեղի փաստաբանի կողմից, ինչից հետո անօրինական պատիժը կրճատվել է մինչև 3,8 տարվա։
