Գերմանիայի արտաքին գործերի փոխնախարար Աննա Լյուրմանը Լյուքսեմբուրգում Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը խոչընդոտներ է ստեղծում երկրի համար Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ «Նա սովորական Կուբիլիուս է կիսաշրջազգեստով»,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն քննադատություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Մենք դիտարկում ենք Վրաստանի ներկայիս իրավիճակը։ Միանգամայն պարզ է, որ մենք աջակցում ենք Վրաստանին դեպի Եվրամիություն իր ճանապարհին, սակայն դա չի վերաբերում Վրաստանի ներկայիս իշխանությանը, որը խոչընդոտներ է ստեղծում այս ճանապարհին։ Կարևոր է, որ Վրաստանում մարդիկ իրավունք ունենան ազատորեն որոշումներ կայացնել իրենց ճանապարհի վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով ընտրություններն ազատ ու արդար միջավայրում անցկացնելն իսկապես վճռորոշ է»,- ասաց Լյուրմանը։
Գերմանացի դիվանագետի հայտարարությանը արձագանքել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղարն ու Թբիլիսիի քաղաքապետը։ Կախա Կալաձեն Աննա Լյուրմանին համեմատել է եվրոպացի պատգամավոր Էնդրյուս Կուբիլիուսի հետ, ով հաճախ է քննադատում «Վրացական երազանքին»։
«Այս կարգի հայտարարություններ շատ ենք լսել, և այս հայտարարությունները զրո, զրո, ծղոտի գին ունեն։
Ես չգիտեմ, թե ով է այս տիկինը, նա սովորական Կուբիլիուս է կիսաշրջազգեստով։ Սա է իմ ներկայիս վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Այն, ինչ նրանք այսօր համարձակվում և անում են, ոչնչով չի տարբերվում Խորհրդային Միությունից:
Մենք ուզում ենք ազատություն, անկախություն, մեր ինքնիշխանությունը։ Ինչո՞ւ Եվրոպան գին ունի։ Այն փաստով, որ կան տարբեր պետություններ, որոնք ունեն իրենց մշակույթն ու ավանդույթները։ Այս բազմազանությունը հետաքրքիր է դարձնում Եվրոպական միությունը և ընդհանրապես Եվրոպան։ Եթե այս ամենի վրա գիծ ենք քաշում, և մեզ պետք է նույն պիտակը կպցնել, ի՞նչ կապ ունի՝ Խորհրդային Միության կարգավիճակ կլինի, թե Եվրոպական Միության։ Եթե մենք պետք է այս տեսքով լինենք։ Դա անհավանական է: Այս վերաբերմունքն ընդունելի չէ»,- ասել է Կալաձեն։
Աննա Լյուրմանի այսօրվա հայտարարությանը նախորդել է Վայմարի եռանկյունու անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք նշել են, որ Վրաստանի կառավարության գործողությունները հանգեցրել են երկրի ԵՄ անդամակցության գործընթացի փաստացի կասեցմանը։ Վայմարի եռանկյունին կոչ է արել Վրաստանի կառավարությանը փոխել իր ներկայիս գործողությունները, քանի որ «վտանգված են ԵՄ-Վրաստան հարաբերությունների և համագործակցության մասշտաբն ու խորությունը»:
Բացի այդ, Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, ընդունել է իշխող կոալիցիայի կուսակցությունների նախաձեռնած «Հանուն Վրաստանի եվրոպական ապագայի» բանաձևը, որն աջակցում է Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին, սակայն քննադատում է իշխող կուսակցության «ավտորիտար և հակաեվրոպական կուրսը»։ Բանաձևում նշվում է, որ այս ընթացքով երկրի քաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս բնակչության ճնշող մեծամասնության ցանկության, միտումնավոր վտանգի տակ է դնում Վրաստանի եվրոպական ապագան։
