Մի կեղտոտ որոշել էր ոստիկանին ողջ-ողջ այրել, նրան բանտից ոչ ոք չի հանի․ վարչապետ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ո՛չ նրա մազերի գույնը, ո՛չ կողմնորոշումը կամ որևէ այլ բան: Ով ձեռք կբարձրացնի մեր ոստիկանության վրա, պետությունը կլինի անողոք ու անզիջում։ Բոլորդ հիշեք սա»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մարտին տեղի ունեցած «գործակալների մասին» ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի մասին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հունիսի 30-ին Ղարիբաշվիլին խորհրդարանում իր ելույթի ժամանակ, մինչև դատավճիռ կայացվելը՝ խախտելով անմեղության կանխավարկածը, կրկին մեղավոր է ճանաչել Լազարե Գրիգորիադիսին։

«Պարզվեց՝ ինչ-որ կեղտոտ մեկը որոշել է «Մոլոտովի կոկտեյլ» նետել ուղիղ ոստիկանների վրա և ողջ-ողջ այրել նրան։ Ինձ չի հետաքրքրում, թե ով է նա։ Ես սա ասում եմ ձեզ վրդովմունքով։ Ես այստեղ բացարձակապես անզիջում կլինեմ։ Մենք ոչ մեկին չենք ների նման բանը։ Սա պետության վրա ձեռք բարձրացնել է։ Թող բոլորը լավ հիշեն սա։

Հիմա դուրս գան ու պաշտպանեն։ Ինչո՞ւ չեն պաշտպանում։ Ինչո՞ւ բանտից չեն ազատում։ Նրան ոչ ոք չի կարող դուրս հանել, ոչ ոք չի կարող ներել այս ծանր հանցագործության համար, ով ձեռք է բարձրացնում ոստիկանության վրա։ Ի՞նչ կապ ունի մազերի գույնը ինչ-որ մեկի կողմնորոշման հետ: Այս համատեքստում մենք դա չենք ասել։ Մյուսները մի քանի անգամ դուրս եկան այստեղ և ասացին, որ երիտասարդներին սատանիստ է անվանել։ Սա մեծ սուտ է։ Ես ասացի հետևյալը և ես դրա պատասխանատուն եմ. մի քանի երիտասարդի մասին եմ ասել՝ դիտեք իմ հարցազրույցը, և ես իմ խոսքը տալիս եմ, այդպես էր, ես իսկապես տեսել եմ, ծանոթացա ոստիկանությունից և քննչական ծառայություններից ստացված նյութերից։ Պարզեցինք, որ կան այդպիսի աղանդներ և ազգի որոշակի անուղեղ, մոլորված զավակներ։ Այս երիտասարդը, հավանաբար, եղել է անարխիստների այս խմբի անդամ։ Ինձ համար միևնույն է՝ նա երիտասարդ է, թե մեծ, ով է նա։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ես ձեզ ասացի գլխավորը, և թող բոլորը հիշեն, որ մենք թույլ չենք տա քաոս և անարխիա»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա իսկ խոսքով, մարտին տեղի ունեցած ակցիաների վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է և կշարունակվի մինչև վերջ։

«Մենք դիտարկում ենք բոլորին և ամեն ինչին... Այս անարխիստական ​​կազմակերպությունները ստեղծվել են, դրանք կոչվում են «Ֆրանկլինի ակումբ», իրականում դա Լևան Ռամիշվիլիի ակումբն էր, «Կմարա» ակումբը, որպեսզի երիտասարդները շփվեն Ամերիկայի և Բենջամին Ֆրանկլինի հետ: Որտե՞ղ է այսօր «Ֆրանկլինի ակումբը»: Որտե՞ղ են անարխիստական ​​կազմակերպությունները: Ինչո՞ւ չեք գործում ու պաշտպանվում, որ օգտագործեք ու դեն նետեք այս երիտասարդներին։ Ես հաստատ գիտեմ, որ օգտագործել են այդ երիտասարդին ու մյուսներին, «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել։ Չաթեր ենք բացել, ամբողջ ինֆորմացիան ունենք։ Ի՞նչ եք կարծում, ոմանք այստեղ ինչ-որ բան են պլանավորում, իսկ մենք ոչինչ չգիտենք։ Մենք ամեն ինչ գիտենք, և ամեն ինչ վերահսկվում է, երբ խոսքը վերաբերում է անօրինական գործողություններին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ չաթերը բացվել են հետաքննության շրջանակներում՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի արձագանքի։

ՆԳ նախարարության աշխատակիցները Լազարե Գրիգորիադիսին ձերբակալել են մարտի 29-ին։ Նա մեղադրվում է ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների առողջությանը վնաս պատճառելու, պետական ​​գույքը ոչնչացնելու մեջ։ Գործի նյութերի համաձայն՝ մարտի 7-ին, ժամը 23:15-ի սահմաններում, Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լազարե Գրիգորիադիսը ապրիլի 9-ի փողոցում գտնվող ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցների ուղղությամբ երկու այսպես կոչված «մոլոտովի կոկտեյլ» է նետել, ինչի հետևանքով երկու աշխատակից տարբեր տեսակի այրվածքներ են ստացել: Բացի այդ, ինչպես պնդում է դատախազությունը, մեղադրյալը մարտի 9-ի գիշերը Ճանտուրիայի փողոցում դիտավորությամբ այրել է ՆԳ նախարարությանը պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան, որը տեղում այրվել է։ Մեղադրող կողմը պնդում է, որ ավտոմեքենան այրելով պետբյուջեին հասցվել է 39 500 լարի գույքային վնաս։ Դատախազությունը որպես ապացույց տարածել է հանրահավաքների ժամանակ արված տեսագրությունները և հայտնել, որ կադրերում պատկերված երիտասարդը Լազարե Գրիգորիադիսն է։

Լազարե Գրիգորիադիսը ներկայում գտնվում է նախնական կալանքի տակ։ Եթե ​​նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։ Պաշտպանական կողմը պնդում է, որ այս գործում չկա ուղղակի ապացույց, որը կհաստատի մեղադրյալի մեղքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։