Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ռուսամետ «Շոր» կուսակցությունը։ Դատարանը համաձայնել է հայցվորի` կառավարության փաստարկներին, որ կուսակցությունը սպառնում է երկրի ինքնիշխանությանը և անկախությանը։ «Շորի» ներկայացուցիչները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Հունիսի 19-ին որոշման հրապարակման ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Նիկոլայ Ռոշկան ասել է, որ որոշման պահից «Շոր» կուսակցությունը համարվում է լուծարված, կուսակցական փաստաթղթերն իրավական ուժ չունեն։ Արդարադատությունը պետք է լուծարային հանձնաժողով ստեղծի ու «Շոր»-ը իրավաբանական անձանց ռեգիստրից հանի։ Կուսակցության պատգամավորները խորհրդարանում կպահպանեն իրենց մանդատը, սակայն նրանք կունենան անկախ անդամի կարգավիճակ և իրավունք չեն ունենա անդամակցելու այլ խմբակցություններին։ ՍԴ-ի պատճառաբանված որոշումը դեռ չի հրապարակվել։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն արձագանքել է որոշմանը և ասել, որ հասարակությունը սպասում է դրան։
«Կոռուպցիայի համար վտանգ հանդիսացող և կոռուպցիայի միջոցով ստեղծված կուսակցությունը սպառնալիք է սահմանադրական համակարգին և պետության անվտանգությանը», - ասել է Սանդուն՝ նշելով, որ Մոլդովան պետք է դառնա կոռումպացված մարդկանց պատժող և պետական միջոցների անձնական նպատակների օգտագործումը կանխող պետություն։
«Շոր» կուսակցությունը կրում է նրա հիմնադիր և առաջնորդ, օլիգարխ Իլան Շորի անունը։ Նա հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման բանկային խարդախության և փողերի լվացման համար։ 2019 թվականին նա փախել է երկրից և թաքնվում է Մոլդովայի արդարադատությունից։ Իլան Շորն Իսրայելի քաղաքացիություն ունի և Մոլդովայի իրավապահ մարմինների տեղեկություններով՝ գտնվում է Իսրայելում։ Նա շփվում է գործընկերների հետ՝ օգտագործելով սոցիալական ցանցերը և չի թաքցնում, որ ցանկանում է փոխել Մոլդովայի իշխանությունը։
«Դատարանի որոշումը մենք առաջին հերթին գնահատում ենք որպես տոտալ պայքար երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության դեմ։ Երկրորդ՝ այս որոշումը հարված չէ անձամբ ինձ կամ կուսակցությանը, այլ ապտակ Մոլդովայի հարյուր հազարավոր քաղաքացիներին, ովքեր աջակցում են «Շոր» կուսակցությանը։ Երրորդ՝ որոշումը կայացրել է Սահմանադրական դատարանի նախագահը, որը նախագահ Մայա Սանդուի անձնական փաստաբանն է, իսկ նրա դուստրն աշխատում է նախագահի աշխատակազմում։
Մենք միանշանակ հավատում ենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության դեսպանատների համակարգմամբ»,- ասել է Իլան Շորը ռուսական պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «Շոր» կուսակցությունը հավաքել է ձայների 5,74 տոկոսը և կարողացել է հինգ մանդատ ստանալ խորհրդարանում։ Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իրենք չեն ենթարկվի ՍԴ որոշմանը և օրինական ուղիներ կգտնեն հաջորդ ընտրություններին մասնակցելու համար։
2023 թվականի մայիսին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Իլան Շորի և նրա կուսակցության անդամ Մարինա Տաուբերի նկատմամբ՝ Մոլդովայում իրավիճակն ապակայունացնելու համար։ Շորի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: