Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով 9 տարվա պատիժ է կրում խիստ ռեժիմի գաղութում, արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բանտարկությանը։ Նա ներողություն է խնդրել 2008 թվականին ռուս-վրացական պատերազմի ժամանակ վրացիների հասցեին արած վիրավորական հայտարարության համար և կոչ արել Վրաստանի իշխանություններին ազատ արձակել նախկին նախագահին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
- 6 Ես պատրաստ եմ ստանձնել մեծ պատասխանատվություն, ներառյալ երկրորդ ժամկետով. Զուրաբիշվիլի
Նավալնիի խոսքով՝ ինքը Սաակաշվիլիին չի ճանաչում, երբեք չի հանդիպել, ինչպես նաև չի ճանաչում նրա թիմից ոչ մեկին։
«Ինձ ոչ ոք չի խնդրել, որ սա գրեմ։ Ես այնքան էլ լավ չեմ հասկանում վրացական քաղաքականությունը, և կարող եմ սխալ բան ասել: Ցավոք, ընկերոջս Ցխինվալիում ռմբակոծելու փաստի ազդեցության տակ 2008 թվականին ես գրառում էի արել՝ հասցեագրելով վրացիներին վիրավորական էպիտետով։ Ես ներողություն խնդրեցի դրա համար և նորից եմ խնդրում, բայց գիտեմ, որ դրա պատճառով իմ կարծիքը Վրաստանում այնքան էլ մեծ կշիռ չունի։ Չնայած դրան, որպես մարդ և քրիստոնյա, այնուամենայնիվ որոշեցի գրել, որովհետև սա դժվար է տեսնել: Սաակաշվիլին տառապում է, նրա ընտանիքը տառապում է, այն, ինչ կատարվում է, վատ է ողջ Վրաստանի համար, և նույնիսկ նրանք, ովքեր ցանկանում էին, որ Սաակաշվիլին մինչև կյանքի վերջ բանտում մնա, իրենց լավ չեն զգում։
Ես հավատում եմ Վրաստանի երջանիկ եվրոպական ապագային: Սա հրաշալի երկիր է, որն ամեն ինչ ունի բարգավաճելու համար: Կարծում եմ, որ քաղաքական հակամարտությունը (իսկ որտե՞ղ չկա այն) կլուծվի խաղաղ ճանապարհով և հաջողությամբ։ Սակայն նախկին նախագահի այս բանտարկությունն ու խոշտանգումները սարսափելի են ու աններելի։ Դա հարված է հասցնում եվրոպական ապագային, զարգացմանը, նվազեցնում է նորմալ ապագայի հնարավորությունը, բարոյալքում ու երկիրը լցնում չարությամբ։
Հասկանալի է, որ սա կատաղի ու զգացմունքային դիմակայություն է։ Չեմ կասկածում, որ Սաակաշվիլիի հակառակորդները հիշելու բաներ ունեն և ուզում են հակահարված տալ։ Սա այն է, ինչ ես ուզում եմ ասել և կոչ անել, եթե որևէ մեկը հասկանում է: Վրեժ պետք չէ, թեև դրա ցանկությունը մեծ է։ Ամբողջ Վրաստանը կտուժի այս վրեժից։ Սա փակուղի է, ռազմավարական առումով բոլորի համար անշահավետ, դաժան որոշում»,- գրել է ռուս ընդդիմադիրը։
Նավալնին կարծում է, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ քայլը կլիներ Միխեիլ Սաակաշվիլիին ազատել բուժման նպատակով, կամ դատավճռի հետաձգմամբ, ինչը կողմերին թույլ կտա հետևել օրենքին և փրկել իրենց դեմքը։
«Սահակաշվիլին ծանր հիվանդ է, և սիմուլյացիայի մասին խոսակցությունները անհեթեթություն են։ Հավատացե՛ք, բանտը ցանկացածից խլում է առողջությունը, այն էլ՝ մեծ արագությամբ։
Հիմա ավագ շաբաթ է, իսկ հետո Զատիկ: Երկրի բարօրության համար դժվար, բայց ողորմած արարքի և ազգի հաշտեցման քայլ անելու համար լավ ժամանակ է։ Ես կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը և Միխեիլ Սաակաշվիլիի բոլոր հակառակորդներին գնալ այդ քայլին քրիստոնեական ողորմածության և խաղաղասիրության ոգով։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ներված են»,- ասում է Նավալնին։
2008 թվականի օգոստոսին Ալեքսեյ Նավալնին արդարացրել է Ռուսաստանի իշխանությունների գործողությունները։ Օգոստոսի 8-ին հրապարակված նամակում նա գրել է, որ Ռուսաստանը պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը. լուրջ ռազմական ու ֆինանսական օգնություն տրամադրի այսպես կոչված Հարավային Օսիայի և Աբխազիայի համար, այսպես կոչված Հարավային Օսիան հայտարարի ոչ թռիչքային գոտի և անմիջապես խոցի այդ գոտի մտնող բոլոր ինքնաթիռները, հայտարարի Վրաստանի ամբողջական շրջափակում և Ռուսաստանի Դաշնության տարածքից վտարի Վրաստանի բոլոր քաղաքացիներին։
«Հետագայում գործեք ըստ իրավիճակի, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ, իհարկե, մեծ ցանկություն կա հրթիռ արձակել կրծողների գլխավոր շտաբի ուղղությամբ, բայց կրծողները միայն դրան են սպասում»,- գրել է Նավլնին:
2013 թվականին Նավալնին խոստովանել է, որ ափսոսում է վրացիներին կրծող անվանելու համար։
46-ամյա Ալեքսեյ Նավալնին կալանքի տակ է 2021 թվականի հունվարից։ 2020 թվականին նա թունավորվել է խորհրդային արտադրության նյարդային նյութով՝ «Նովիչոկով», ինչի համար ընդդիմադիր քաղաքական գործիչը մեղադրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բանտում գտնվելու ընթացքում Ռուսաստանի իշխանությունները Նավալնիին ներառել են ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում։ Քաղաքական գործչի համախոհների մեծ մասը ստիպված է եղել լքել երկիրը։