Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրա։ Ինչպես ճեպազրույցում է ասել նախագահը, վետոն հենց այսօր կփոխանցվի խորհրդարանին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
«Այսօր ես վետո դրեցի ռուսական օրենքի վրա։ Այս օրենքն իր էությամբ, իր ոգով՝ ռուսական օրենք է, որը հակասում է մեր Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին և խոչընդոտ է հանդիսանում եվրոպական ճանապարհին։ Վետոն իրավաբանորեն լրիվ հստակ է և այսօր կներկայացվի խորհրդարանին։
Օրենքը ոչ մի փոփոխության, բարելավման ենթակա չէ։ Այս օրենքը պետք է չեղարկվի»,- ասել է նախագահը։
«Գործակալների օրենքը», որի վրա նախագահը վետո է դրել, քննարկման համար վերադարձվում է խորհրդարան։ Վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն, իսկ խորհրդարանական մեծամասնությունն ունի 83 ձայն։ Վետոյի հաղթահարումից հետո խորհրդարանը կրկին քվեարկության կդնի օրինագծի սկզբնական տարբերակը։ Եթե նախագահը նորից չի ստորագրում օրենքը, ապա այն ստորագրում է խորհրդարանի նախագահը։ Հրապարակումից հետո օրենքը համարվում է ընդունված։
«Շատ շնորհակալություն Սալոմե Զուրաբիշվիլիին, ով վերջապես հաստատեց, որ թափանցիկության մասին օրենքի դեմ դիտողություններ ու փաստարկներ չկան։ (Տարբեր սերունդների իրավաբանները երկար ժամանակ դեռ կքննարկեն վետոյի նոր տեսակի գյուտը)։ Ինչ վերաբերում է մեր կառուցողական առաջարկին, որ վետոյի ընթացակարգում ներգրավվեն օտարերկրյա գործընկերները, նա պատասխանել է մերժումով և ապակառուցողականությամբ։ Թափանցիկության և ինքնիշխանության դեմ «նացերի», հարուստ «Էնջեոների» և նրանց առաջադրանքներ տվողների՝ «ոչ ռուսական օրենքին» կեղծ նախագիծը ձախողվել է»,- այսպես է նախագահի վետոյին արձագանքել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
Ավելի վաղ՝ մայիսի 15-ին, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ «վետո դնելով ռուսական օրենքի վրա՝ ինքը որևէ կեղծ, արհեստական, խաբեբայական բանակցությունների մեջ չի մտնելու»։
«Ոչ ոք չպետք է մտածի, որ Վրաստանի նախագահին կարելի է օգտագործել այս իշխանության ինչ-որ դեմքը փրկելու համար։ Այսօր այս հարցը դրված չէ։ Այսօր Վրաստանի փրկության հարցն է դրված»,- ասել է նախագահը։
Անցյալ տարի բազմահազարանոց բողոքի ցույցերի և միջազգային աննախադեպ ճնշումների արդյունքում «Վրացական երազանքը» ետ կանչեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և խոստացավ այն երբեք օրակարգ չբերել: Սակայն, մեկ տարի անց՝ 2024 թվականի ապրիլի 3-ին, իշխող կուսակցությունը կրկին նախաձեռնեց ռուսական օրենքը և մայիսի 14-ին այն ընդունեց երրորդ՝ վերջնական ընթերցմամբ։ Իշխանությունը հաշվի չի առել միջազգային գործընկերների նախազգուշացումները և երկրում շարունակական զանգվածային բողոքի ակցիաների պահանջը՝ օրենքը անվերապահորեն ետ կանչելու մասին։
Ռուսական օրենքը պարտավորեցնում է որպես «օտարերկրյա գործակալներ» գրանցվել այն անկախ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային հիմնադրամների դրամաշնորհային աջակցությամբ և որոնց կառավարությունը կամ նրա հետ կապված խմբերը չեն վերահսկում և չեն կարող սահմանափակել քննադատությունը։ Ռուսական օրենքի համաձայն՝ որպես գործակալ գրանցվելուց հրաժարվելու դեպքում նախատեսվում է 25 000 լարի տուգանք և այլ պատժիչ միջոցներ, որոնք կոչնչացնեն անկախ կազմակերպությունները:
«Վրացական երազանքը» օրենքի վերջնական տարբերակում նաև ավելացրել է, որ ֆիզիկական անձինք նույնպես պարտավոր են լինելու պահանջվող տեղեկատվությունը տրամադրել արդարադատության նախարարությանը։ Նախարարությունը կարող է նաև պահանջել տվյալներ՝ կապված անձի քաղաքական հայացքների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների, առողջական վիճակի և սեռական կյանքի հետ։ Պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում նախատեսված է 5000 լարի տուգանք։