Միխեիլ Կավելաշվիլին, ում «Վրացական երազանքը» պատրաստվում է նշանակել Վրաստանի վեցերորդ նախագահ, բարձրագույն կրթություն չունի։ Այդ պատճառով 2015 թվականին նա չի կարողացել մասնակցել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն պետք է բարձրագույն կրթություն ունենա։ «Մեր ֆուտբոլը» կազմակերպության հիմնադիր Կավելաշվիլին այն ժամանակ ասել էր, որ դիմելու է դատարան՝ վերացնելու նշված դրույթը։
«Խորհրդային Միության ժամանակ այնպիսի համակարգ կար, որ ֆուտբոլիստի համար անհնար էր բարձրագույն կրթություն ստանալ։ Այս պրակտիկան գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Նույնիսկ ՈՒԵՖԱ-ի նախագահ Պլատինին բարձրագույն կրթություն չունի։ Կարծում եմ՝ սա իմ դեմ ուղղված միտումնավոր որոշում է։ Ուստի ես անպայման կբողոքարկեմ այս որոշումը դատարանում»,- ասել է Կավելաշվիլին։
2016 թվականին Միխեիլ Կավելաշվիլին խորհրդարան է մտել «Վրացական երազանքից», որտեղ 8 տարի եղել է Սանզոնայի, ապա Նաձալադևիի մեծամասնական պատգամավորը։ Մինչ օրս խորհրդարանի կայքում վերբեռնված որևէ փաստաթուղթ չկա, որը կհաստատի նրա միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը։
«Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլիի կրթությունը հաստատող փաստաթղթերը ներկայացված չեն և, հետևաբար, չեն պահվում Վրաստանի խորհրդարանի գրասենյակում։ Ելնելով վերոգրյալից՝ մենք զրկված ենք ձեզ այդ փաստաթղթերը ուղարկելու հնարավորությունից»,- պարզաբանել է խորհրդարանի գրասենյակը «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտին» (IDFI) ուղարկված նամակում։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել 40 տարեկանից բարձր ընտրական իրավունք ունեցող Վրաստանի քաղաքացին, ով Վրաստանում ապրել է առնվազն 15 տարի։ Սահմանադրությունը կրթության ցենզ չի նախատեսում։
«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի խոսքով՝ Միխեիլ Կավելաշվիլիի ազնվությունը, արդարությունը, հայրենասիրությունը և սկզբունքներին հավատարմությունը «հատուկ առանձնացնում են նրան»։ «Իր բնույթով, եթե կուզեք՝ իր հաբիտուսով, նա վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է»,- ասել է նա՝ ներկայացնելով Կավելաշվիլիին։
Ոչ լեգիտիմ խորհրդարանի որոշմամբ՝ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։
Սալոմե Զուրաբիշվիլին վերջին նախագահն է, որն ընտրվել է ուղղակի կարգով և համընդհանուր ընտրություններով։ Վեցերորդ նախագահը 5 տարի ժամկետով կընտրվի 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից, որի կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի և Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների ներկայացուցչական մարմինների անդամներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի ընտրական կոլեգիայի ոչ պակաս, քան 30 անդամ։ Ընտրական կոլեգիայի մեկ անդամ կարող է սատարել միայն մեկ թեկնածուի առաջադրմանը։ Նախագահ ընտրված կհամարվի թեկնածուն, որը կստանա կոլեգիայի ամբողջական կազմի 2/3-ի աջակցությունը։ Հակառակ դեպքում կանցկացվի երկրորդ փուլ։