Ընտանիքի տեղեկությամբ՝ Թբիլիսիում ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Այսօր՝ Թբիլիսիում, իր տան մոտ, ձերբակալվել է ադրբեջանցի լրագրող, Azel.Tv-ի գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովը։ Այս մասին տեղեկությունը տարածում է նրա ընտանիքը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Տեսանյութում, որը լրագրողի կինը՝ Սևինչ Սադիգովան հրապարակել է Facebook սոցիալական ցանցում, երևում են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները, ովքեր Աֆղան Սադիգովին նստեցրել են մեքենան ու տարել։ Նրանք ձերբակալվածի կնոջն ու երեխաներին չեն ասել, թե ինչու են ձերբակալել լրագրողին։ Սևինչ Սադիգովան ասում է, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով։

Ներքին գործերի նախարարությունը դեռ պարզաբանում չի տվել, թե ինչի հիման վրա է ձերբակալվել ադրբեջանցի լրագրողը։

Մոտ երկու շաբաթ առաջ Աֆղան Սադիգովը փորձել է կնոջ ու աղջիկների հետ մեկնել Թուրքիա, սակայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վրացի սահմանապահները թույլ չեն տվել նրան հատել սահմանը։ Սադիգովի խոսքով՝ իրեն ասել են, որ կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։

«Բռնապետ Իլհամ Ալիևը և Վրաստանի իշխանությունները, որոնք կատարում են նրա ռեպրեսիվ, քաղաքական պատվերները, ուղղակի պատասխանատու են Վրաստանում ինձ հետ պատահած ցանկացած միջադեպի համար»,- գրել է լրագրողը Facebook-ում։

Աֆղան Սադիգովը Վրաստանում է ապրում 2023 թվականի դեկտեմբերի 24-ից։ Ինչպես ինքն է ասել, եկել է այստեղ բուժվելու, սակայն իր հասցեին հնչած սպառնալիքների և ադրբեջանցի լրագրողների ձերբակալությունների նոր ալիքի սկսվելու պատճառով այդպես էլ չի վերադարձել հայրենիք։ Սադիգովները Վրաստանում իրենց ապահով չեն զգացել և այդ պատճառով ցանկացել են լքել երկիրը։

Ադրբեջանի իշխանությունները Աֆգան Սադիգովին շորթման մեղադրանքով ձերբակալել են 2020 թվականի մայիսին։ Նույն թվականի նոյեմբերին նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Սադիգովը հերքել է մեղադրանքը և ի նշան բողոքի՝ բանտում հացադուլ է հայտարարել։ Տեղի իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։ Սադիգովը 2022 թվականի մայիսի վերջին նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած դատապարտյալներից մեկն է։

Թբիլիսիի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողը հայտարարել է, որ ներկայում Ադրբեջանում իր դեմ քրեական գործ չկա, սակայն այնտեղ վերադառնալուն պես նրան կձերբակալեն քննադատող մյուս լրագրողների նման։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։