Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով 87․31 տոկոս աջակցություն։ Ընտրությունների արձանագրությունների 99,7 տոկոսն արդեն հաշվարկված է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
ԿԸՀ-ի տվյալներով՝ Պուտինի օգտին քվեարկել է 74․2 մլն ընտրող։ Նրա մրցակիցներն ընդհանուր առմամբ հավաքել են ձայների 13%-ից պակաս: Երկրորդ տեղում «Ռուսաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է, երրորդում՝ «Նոր ժողովուրդ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը, իսկ «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող Լեոնիդ Սլուցկին չորրորդ տեղում է։
Պուտինն իրեն ցուցաբերած բարձր «աջակցությունը» բացատրել է «դրամատիկ իրադարձություններով», որոնց միջով անցնում է երկիրը, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմը։
«Դա կապված է ներկա իրավիճակի հետ։ Այն փաստով, որ մենք ստիպված ենք զենքը ձեռքին, բառի բուն իմաստով, պաշտպանել մեր քաղաքացիների, մեր ժողովրդի շահերը, ստեղծել ապագա Ռուսաստանի Դաշնության կատարյալ, ինքնիշխան, անվտանգ զարգացում»,- ասել է Պուտինը, ով հինգերորդ ժամկետով ՌԴ նախագահ է դառնալու։
Պաշտոնական տվյալներով՝ գործող նախագահը ամենաբարձր աջակցությունն է ստացել Չեչնիայում, որտեղ նրա օգտին քվեարկել է ընտրատեղամաս եկած ընտրողների 98․99 տոկոսը։ Պուտինը հաղթում է Մոսկվայում՝ 85․13%-ով, իսկ օկուպացված Ղրիմում՝ 93․6%-ով։
Ընտրողների մասնակցությունը գերազանցել է 74%-ը, ինչը, ըստ BBC-ի ռուսական ծառայության, ռեկորդային է, ինչպես նաև Պուտինի աջակցության ցուցանիշը, որը հրապարակել է ԿԸՀ-ն։
Ռուսաստանի քաղաքացիները նախագահական ընտրություններին կարող էին քվեարկել երեք օր։ Մարտի 17-ին՝ քվեարկության վերջին օրը՝ «Կեսօր ընդդեմ Պուտինի» անցկացված ակցիային հազարավոր մարդիկ են միացել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում։ Հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել ուղիղ ժամը 12:00-ին գալ ընտրատեղամասեր և քվեարկել Պուտինի մրցակիցներից մեկի օգտին կամ փչացնել քվեաթերթիկը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ 20 քաղաքներում ձերբակալվել է ցույցի ավելի քան 80 մասնակից։
Մարտի 17-ի խաղաղ ցույցին գնալու կոչը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի վերջին քաղաքական հայտարարությունն էր, որը նա արել էր մահից առաջ։ «Կեսօր ընդդեմ Պուտինի» ակցիան տեղի է ունեցել աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Ռուսաստանի դեսպանատներում և հյուպատոսական հիմնարկներում ռուսները մի քանի ժամ հերթ են կանգնել քվեարկության համար։ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան, միացել է Բեռլինի ակցիային։
Meduza հրապարակման համաձայն՝ ընտրողներից ոմանք քվեաթերթիկների վրա մակագրություններ են արել՝ «Նավալնի», «Խաղաղություն», «Ոչ պատերազմին», «Սերը մահից ուժեղ է» և այլն։
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառով Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների մի մասը քվեարկելու համար գնացել է Երևան և Ստամբուլ, իսկ Թբիլիսիի կենտրոնում հակապուտինյան ցույց է տեղի ունեցել։
Ռուսաստանի նախագահական ընտրություններ են անցկացվել նաև օկուպացված Ցխինվալիի շրջանում և Աբխազիայում։