Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը քննադատում է «Վրացական երազանքի» նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները և հայտարարում, որ ժողովրդավարական հասարակությունում ընտրություններից առաջ ԼԳԲՏԻ ֆոբիայով մանիպուլյացիայի տեղ չպետք է լինի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Ինձ անհանգստացնում է Վրաստանում առկա քաղաքական դիսկուրսը, որը ցույց տվեց «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունը սահմանադրությունը փոփոխելու և «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» նոր սահմանադրական օրենք ընդունելու նախաձեռնության մասին։ Այն [«Վրացական երազանքի» նախաձեռնությունը] արտացոլում է ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ արմատացած վնասակար կարծրատիպերը և նախապաշարմունքները, որոնք դեռ գերակշռում են վրացական հասարակության որոշ հատվածներում, այդ թվում՝ որոշ քաղաքական գործիչների շրջանում և կարող են ուժեղ բացասական ազդեցություն ունենալ ԼԳԲՏԻ անձանց և նրանց իրավունքների պաշտպանների իրավունքների, անվտանգության և բարեկեցության վրա։
Դա նաև ներկայացնում է ԼԳԲՏԻ ֆոբիայով նախընտրական քաղաքական շահարկում, որը ես նախկինում դատապարտել եմ և որը չպետք է տեղ ունենա ժողովրդավարական հասարակությունում, որը հիմնված է օրենքի գերակայության և մարդու բոլոր իրավունքների հարգման վրա», - ասվում է Մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարության մեջ։
Դունյա Միատովիչը նշում է, որ ԼԳԲՏԻ անձինք Վրաստանում շարունակում են մնալ ատելության հանցագործությունների և համատարած խտրականության թիրախ, պարբերաբար լինում են դեպքեր, երբ նրանց զրկում են խաղաղ հավաքների իրավունքից։
«Ես բազմիցս կոչ եմ արել Վրաստանի իշխանություններին իրականացնել զրոյական հանդուրժողականության քաղաքականություն և պրակտիկա ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի, խտրականության և բռնության դրդման նկատմամբ։ Վերջին ամիսներին ես հետևում էի աճող խարանիչ հռետորաբանությանը, որը որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են Վրաստանում իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության օրինական գործունեությունը խաթարելու համար:
Ուստի, ես կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի, ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու մարդու իրավունքները, ներառյալ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը, և բարենպաստ միջավայր ապահովել քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանների գործունեության համար։ Ես կոչ եմ անում Վրաստանի բոլոր քաղաքական գործիչներին խստորեն դատապարտել ԼԳԲՏԻ ֆոբիայի կամ այլ խտրական հռետորաբանության կիրառումը նախընտրական արշավում»,- ասել է Միատովիչը։
Եվրահանձնակատարը համերաշխություն է հայտնում նրանց, ովքեր աջակցում և պաշտպանում են վրացական հասարակության բոլոր անդամների, այդ թվում՝ ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները։
«Վրացական երազանքը» ցանկանում է փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ՝ ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության պատրվակով։ Առաջարկվող սահմանադրական փոփոխություններն արգելում են ցանկացած հասարակական կարծիքի արտահայտում կամ հասարակական հավաք, որը կարող է համարվել «միասեռական հարաբերությունների խթանում»: Սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար իշխող կուսակցությունը խորհրդարանում չունի անհրաժեշտ 113 ձայնը։ Ինչպես ասում է մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, իրենք ամեն ինչ անելու են փոփոխությունների աջակցությունը «եթե ոչ հիմա, գոնե հաջորդ գումարման խորհրդարանում» ապահովելու համար։