«Վրաստանը պետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Սա կլինի մեր համատեղ հաղթանակը, դա կլինի Եվրոպայի ուժի և միասնության ևս մեկ հաստատում»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Զուրաբիշվիլին նշել է, որ 2022 թվականին Վրաստանին եվրոպական հեռանկար տալը պատմական որոշում էր և նշանակում էր, որ աշխարհագրական պատը, որը կանգնեցվել էր Վրաստանի և Եվրոպայի միջև, վերջնականապես քանդվել է։
«Հարցը, թե արդյո՞ք Վրաստանը պատկանում է եվրոպական ընտանիքին և եվրոպական հեռանկարին, մեզ համար այլևս գոյություն չունի։ Սա շատ մեծ ձեռքբերում է։ Այսօր թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը մեր անայլընտրանքային նպատակն է, և ես դա ասում եմ որպես Վրաստանի նախագահ և որպես ողջ վրաց ժողովրդի ձայն։ Այսօր վրացական հասարակությունը համախմբված է Եվրամիությանն ինտեգրվելու գաղափարի շուրջ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով, Վրաստանը և վրաց ժողովուրդն արժանի են վերադարձնելու իրենց պատմական տեղը եվրոպական մեծ ընտանիքում։
«Գրեթե 20 տարի է անցել այն պահից, երբ Լիտվան միացել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Երկու տասնամյակ մենք ականատես ենք լինում Լիտվայի հատուկ ներդրմանը եվրոպական և համաշխարհային անվտանգության ամրապնդման գործընթացում, հուլիսին Լիտվան հյուրընկալում է ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովը։
Վրաստանը մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովում ներգրավվածության ամենաբարձր մակարդակին։ Մենք վերջին 20 տարիների ընթացքում դաշինքին ցույց ենք տվել արժանի և վստահելի գործընկերության բազմաթիվ օրինակներ, ժամանակն է, որ դաշինքը կոնկրետ քայլեր ձեռնարկի Բուխարեստի գագաթնաժողովի հռչակագրի ոգուն վերադառնալու և մեզ, այստեղ՝ Վիլնյուսում ցույց տա Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու առաջընթացը։ Ընդհանրապես, ոչ ոք չպետք է թույլ տա, որ Վրաստանն ու վրաց ժողովուրդը հիասթափվեն։ Ոչ ոք չպետք է Ռուսաստանին կեղծ հույսեր տա, որ մեկուսացված Վրաստանը կդառնա նրա նոր և հեշտ թիրախը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Ի պատասխան՝ Լիտվայի նախագահը նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը կարճ ու հեշտ ճանապարհ չէ։ Գիտանաս Նաուսեդայի խոսքով՝ սա երկրի շոշափելի բարեփոխումների և վերափոխման ճանապարհ է, որը օգուտ կբերի երկրի քաղաքացիների բարեկեցությանը։
«Մենք հավատում ենք երկրի եվրոպական հեռանկարին և վստահ ենք, որ դա կառավարության համար կդառնա բարեփոխումներ իրականացնելու խթան։ Հանդիպմանը խոսվեց նաև անվտանգության մարտահրավերների, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության, հանրային դիմադրության բարձրացման, երկրի ինստիտուտների կարողությունների հզորացման, եվրոպամետ և պրոատլանտյան ձգտումների մասին։
Քաղաքական դրդապատճառներով դեպքերը և ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների վրա ճնշումները չեն հանդիսանում ժողովրդավարության և քաղաքացիության ամրապնդման ճանապարհ»,- ասել է Նաուսեդան՝ հավելելով, որ Լիտվան աջակցում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու Վրաստանի ձգտումներին։
2022 թվականի հունիսի 23-ին Եվրամիության 27 անդամ երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Եվրահանձնաժողովը Վրաստանին սահմանել է 12 հանձնարարականներ, որոնցից են ապաօլիգարխացումը, քաղաքական բևեռացման լուծումը, դատական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվամիջոցների միջավայրի բարելավումը։ Եվրահանձնաժողովը 2023 թվականի աշնանը կնախապատրաստի Վրաստանի կողմից հանձնարարականների կատարման գնահատականը և հանձնարարականը կուղարկի Եվրոպական խորհրդին, որը վերջնական որոշում է կկայացնի կարգավիճակի վերաբերյալ։
«Ազատություն» ռադիոկայանի Եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակն ապրիլի 3-ին հայտնել է, որ Եվրահանձնաժողովը կողմ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկին։ Հանձնաժողովը մայիսին կներկայացնի Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցության կարգավիճակի վերաբերյալ նորացված կարծիքը, իսկ ընդլայնման փաթեթի շրջանակում վերջնական գնահատականը սպասվում է հոկտեմբերին. «Այսպիսով, մնացել է 6 ամիս, սակայն ենթադրությունն այս պահին հետևյալն է. Ուկրաինային և Մոլդովային՝ անդամակցության բանակցություններ սկսելու հանձնարարական, Վրաստանին՝ թեկնածուի կարգավիճակ»,- ասել է լրագրողը։