Օկուպացված Ցխինվալիի դե ֆակտո դատարանը 8 ամսվա ազատազրկման է դատապարտել Գուգութիանթկարի գյուղի բնակիչ Ռամազ Բեգելուրիին, ով ապրիլի վերջին առևանգվել էր ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների կողմից և մեղադրվում էր այսպես կոչված սահմանը խախտելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
Ռամազ Բեգելուրիի բանտարկության մասին նրա մորը՝ Նորա Բեգելուրիին հայտնել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից։
«Մենք շատ ենք աշխատել այս հարցի շուրջ և կշարունակենք աշխատել, որ նա ժամանակին ազատ արձակվի։ [Ռամազ Բեգելուրին] հիվանդ է, նա ամենօրյա դեղորայքի տակ է։ Եթե դեղը չխմի, նոպայի մեջ կընկնի»,- «Մթավարի արխիին» ասել է Նորա Բեգելուրին։
40-ամյա Ռամազ Բեգելուրին արդեն հինգերորդ անգամ է գտնվում օկուպացիոն ուժերի ապօրինի կալանքի տակ։ Նրա վերջին ձերբակալությունը տեղի է ունեցել ապրիլի վերջին՝ Սուրբ Զատիկի տոնի նախօրեին։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ապրիլի 29-ին հայտարարել է, որ ապօրինի օկուպացված Դիսևի գյուղի շրջակայքում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել։ Ընտանիքի և համագյուղացիների տեղեկություններով՝ Ռամազ Բեգելուրին բռնվել է այն պահին, երբ նա գյուղի գերեզմանատանը մաքրում էր եղբոր գերեզմանը։
Ռամազ Բեգելուրին ձերբակալվել է օկուպացիոն ռեժիմի կողմից 2021 թվականի փետրվարի 2-ին։ Մարտի 31-ին Ցխինվալիի դատարանը նրան ճանաչել է սահմանախախտ և դատապարտել մեկ տարվա պայմանական ազատազրկման։ 2 ամիս ապօրինի ազատազրկումից հետո Վրաստանի քաղաքացին ապրիլի 1-ին ազատ է արձակվել և հանձնվել Վրաստանի կենտրոնական իշխանության ներկայացուցիչներին։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նրա ազատ արձակումից մեկ ամիս չէր անցել, երբ Ռամազ Բեգելուրին կոմայի մեջ է ընկել և ախտորոշվել է էպիլեպսիա։
Ներկայում Ցխինվալիի ռեժիմի անօրինական կալանքի տակ են մնում Վրաստանի 8 քաղաքացիներ։ Հունիսի 5-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ այսպես կոչված դատարանը 35-ամյա Գիորգի Մոսիաշվիլիին մեղավոր է ճանաչել «սահմանը» ապօրինի հատելու մեջ և դատապարտել երկու տարվա ազատազրկման։ Գիորգի Մոսիաշվիլին Սաչխերեի Պերևի գյուղի բնակիչ է։ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին նրան առևանգել են օկուպացված Սինագուրի գյուղի շրջակայքից։
