«Այսօր դուք այն իշխանությունն եք, որը կամաց-կամաց սկսել է գունափոխվել։ Պետական ինստիտուտները որպես երկրի ժողովրդավարության հիմնաքար ուժեղացնելու փոխարեն ուժեղացվում է միակուսակցական համակարգը և դրա ազդեցությունները։ Արագացված ռեժիմով ընդունված օրենքները (գաղտնալսման մասին օրենք, պետական տեսչական ծառայության չեղարկում, դատավորների նշանակման կանոնների փոփոխություններ և օտարերկրյա գործակալների մասին օրենք) ծառայում են ոչ թե երկրի ժողովրդավարության ամրապնդմանը, կամ քաղաքացիների բարեկեցությանը, այլ իշխանության ամրապնդմանն ու երկարաձգմանը»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի արտահերթ գարնանային նստաշրջանի ժամանակ՝ նիստում տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նախագահի խոսքով, երկրի ապագայի համար անհրաժեշտ դատաիրավական բարեփոխումները մտել են փակուղի, իշխանությունը չի կոտրել այն արատավոր շրջանը, որի շուրջ տարիներ շարունակ պտտվել են նույն մարդիկ, ինչը կարող է ծառայել նաև իշխանության ամրապնդմանը։
«Վրացական երազանքից» սկսեցին դուրս գալ տարբեր կարծիքներով ու քաղաքական ճաշակով մարդիկ, իսկ ձեր շարքերում արդեն մի փոքր այլ կարծիք չի հնչում, քանի որ դա ինքնաբերաբար նշանակում է մանդատից հրաժարվել։ Կուսակցության ազդեցությունը կառավարության և խորհրդարանի վրա սկսեց ուժեղանալ, կուսակցությունը վերածվեց որոշումների կայացման վայրի, կուսակցության նախագահը նախօրոք հայտարարում է իր դիրքորոշումը քաղաքական բոլոր հարցերի վերաբերյալ, և որ ամենակարևորն է, որոշումների կայացման գործընթացը մշուշոտ է, եթե ոչինչ չասենք բաց քննարկման մասին։
Դուք այն իշխանությունն եք, որը վերջին տարիներին ձեռնարկված անհասկանալի քայլերով հակադրվում է երկրի արտաքին նպատակին և ժողովրդի մանդատին։
2019 թվականին Գավրիլովին բերելով՝ դուք առաջին անգամ կասկածներ և հարցականներ առաջացրիք երկրի հանդեպ, թեև իրականում իշխանության արտաքին կուրսի փոփոխությունը սկսվեց 2021 թվականից, երբ այն ժամանակվա «Վրացական երազանք» կուսակցության նախագահ պարոն Բիձինա Իվանիշվիլին հեռացավ վրացական քաղաքականությունից, և այստեղ սկսվում է մեծ թյուրիմացություն, թե ով է պատասխանատու այս նոր կուրսի համար։
Դրա ամենատեսանելի օրինակը Եվրախորհրդի բարձրագույն ղեկավարին վիրավորելն է և նրա մասնակցությամբ կազմված փաստաթուղթն այնպես չեղարկելը, որ ոչ ոք հարկ չհամարեց նույնիսկ զգուշացնել դրա մասին։ Նույն թվականին մերժվեց ԵՄ վարկը։ Երբեք չդադարեցրիք հակաեվրոպական հռետորաբանությունը՝ մեղադրելով ու վիրավորելով մեր գործընկերներին։ Այս ամենը վերջապես հասավ այն աստիճանի, որ նկատողություններով ու մեղադրանքներով երկրից ճանապարհեցինք ԵՄ նախկին դեսպանին։
Ուկրաինայի հետ կապված մենք ո՛չ դիվանագիտություն ենք ցուցաբերել, ո՛չ իմաստություն, ո՛չ էլ մեզ հարիր պատմական համերաշխություն։
Այո, մենք միանում ենք ՄԱԿ-ի բանաձևերին, բայց խուսափում ենք բարոյական, քաղաքական համերաշխության մյուս բոլոր արտահայտություններից։ Փետրվարի 25-ին բոլորովին անպատշաճ վայրում հայտարարում ենք, որ չենք միանում պատժամիջոցներին, երբ հակառակը կարող ենք ասել, որ չենք կարող և չենք կիրառելու մեր ազգային պատժամիջոցները, բայց միանում ենք միջազգայիններին. ո՛չ մեզնից, ո՛չ էլ Մոլդովայից ավելին չեն խնդրել:
Այն ժամանակ, երբ ողջ Եվրոպան անհրաժեշտ էր համարում զերծ մնալ, մենք զգուշացանք նրանցից և չմիացանք Եվրամիության սահմանած սահմանափակումներին։ Այդ ժամանակ Բելառուսի նախագահը չզգուշացավ մեզնից, չզգուշացավ մեր տարածքային ամբողջականությունից, խախտեց օկուպացիայի մասին օրենքը և դավաճանեց մերժողական քաղաքականության սկզբունքին։
Վերջին երկու տարիներին մենք նկատելիորեն զգույշ ենք, որպեսզի չզայրացնենք Ռուսաստանին, ինչը միգուցե հասկանալի է, բայց անհասկանալի է, թե ինչու նույն քաղաքավարությամբ ու ակնածանքով չենք վերաբերվում մեր բարեկամներին ու գործընկերներին։ Արդյունքում՝ այսօր մենք վնասել ենք դիվանագիտական հարաբերությունները առաջին հերթին այն եվրոպական երկրների հետ, որոնք ավանդաբար առանձնանում էին մեզ աջակցելով։
Այս վերջին երկու տարիների հռետորաբանությամբ ու գործողություններով դուք ջնջել ու փոխել եք ձեր 9 տարվա կառավարման ընթացքը և շեղվել՝ ձեր ժողովրդի ու ընտրողների կամքից ու մանդատից։
Այս ամենի արդյունքում 2022 թվականի հունիսի 17-ին Վրաստանը չստացավ թեկնածուի կարգավիճակ։
Հիմա ես չեմ կարող չհարցնել, թե ինչո՞ւ չեք հասկանում մարդկանց համառ պահանջը։
Վրաց ժողովուրդը բազմիցս արտահայտել է իր կամքն ու ընտրությունը (մարտի 31, ապրիլի 9, ապրիլի 14, մայիսի 26) և այսօր էլ հստակ ասում է, թե ինչ ապագա է ուզում, և որտեղ չի ուզում։
Վրացի ժողովուրդը երեք անգամ դուրս եկավ իր խոսքն ասելոււ՝ ոչ քաղաքական կուսակցությունների կոչով, ոչ օտարների թելադրանքով, ոչ պատվերով, ոչ փողով, ոչ հեղաշրջման համար, ոչ դավադրությունների համար, այլ իրենց եվրոպական ապագայի համար։
2020 թվականի հունիսի 20-ին ձեզ ասաց, որ Ռուսաստան չի ուզում՝ որևէ ձևով և ոչ մի վայրկյան:
2022 թվականի մարտի 4-ին ձեզ ասաց, որ բարեկամ երկրին՝ Ուկրաինային, հայտնում է իր համերաշխությունը, և մեր երկու երկրների եվրոպական համատեղ ճանապարհը այլընտրանք չունի։
2023 թվականի մարտի 7-8-ին ձեզ ասաց, թե ինչպիսի ապագա է ուզում, և որ երբեք չի համակերպվի եվրոպական ապագայի կորստի հետ։
Վրաց ժողովրդի կոչը չափազանց պարզ է և հստակ՝ աշխարհը շատ լավ լսեց և տեսավ։ Իսկ դուք՝ իշխանությունը չհասկացաք, որ դուք պարտավոր եք ժողովրդի առաջ և ունեք մանդատ, վրաց ժողովուրդը ձեզ է վստահել իր կամքի կատարումը։
Որքան էլ ճիշտ լինի, որ ընդդիմությունն իր սխալներն ունի՝ երբեմն անվերջ բոյկոտներ հայտարարելով ու գործը փչացնելով, երբեմն Բրյուսելում ու Ամերիկայում երկրի համար վնասակար մեսիջներ հաղորդելով ու դիրքավորվելով, պատասխանատվության առյուծի բաժինը, այնուամենայնիվ, ընկնում է իշխանության վրա։
Հետևաբար, որքան էլ փորձեք տարբեր մեթոդներով արդյունքի չհասնելու մեջ մեղադրել ուրիշին՝ մոդելավորված սցենարներով, կոնսպիրացիաներով, դավադրության տեսություններով և մարդկանց վիրավորելով, դա մարդկանց աչքում չի փոխի ձեր պատասխանատվությունը և նրա կամքի չկատարումը:
Որքան էլ փորձեք մարդկանց համոզել, որ Եվրոպան դեմ է մեր ազգային շահերին, արժեքներին կամ նույնիսկ խաղաղությանը, ձեզ չի հաջողվի։ Ավելի քան մեկ դար վրաց ժողովուրդը գիտի, թե ինչ է Եվրոպան, ինչու է ուզում Եվրոպան, և որ եվրոպական արժեքները լիովին ներդաշնակ են վրացական արժեքներին։
Անկախ նրանից, թե ինչպես եք փորձում տարածել երկրորդ ճակատի այս դավադրության տեսությունները, վրաց ժողովուրդը լավ գիտի, որ Եվրամիություն ստեղծելու գաղափարը ծառայում է խաղաղությանը, ոչ թե պատերազմին։ Եվրամիությունը Վրաստանում անմիջականորեն ծառայում է մեր երկրի խաղաղությանը` ի դեմս ԵՄ դիտորդական առաքելության և խաղաղ զարգացման։
Ուստի, որքան էլ փորձեք ժողովրդին պարտադրել այս մոդելավորված սցենարները, որոնք օգտագործվում էին նախորդ իշխանության կողմից և կասկածելիորեն համընկնում են Ռուսաստանի և անջատողականների ուղերձների հետ, արդյունքի չեք հասնի։ Փաստ է, որ Թբիլիսին ու Մոսկվան այս երկրորդ ճակատի թեմայով խոսում են նույն լեզվով։
Որքան էլ փորձեք ապացուցել, որ եվրոպական և մեր ազգային շահերը հակասության մեջ են, իրականությունից չեք կարող փախչել, քանի որ տարածքների պաշտպանությունը, ապաօկուպացումը, պաշտպանական ուժերի հզորացումը, բնակչության անվտանգությունը, տնտեսության և կրթության զարգացումը, այս ամենն անհնար է առանց մեր գործընկերների հետ սերտ կապի և համագործակցության։
Մեկն ինձ ասի՝ ո՞ւմ ֆինանսավորմամբ է Սև ծովով ստորջրյա մալուխ անցկացվում, և ո՞ւմ հետ է դա մեզ կապում, եթե ոչ՝ Եվրոպայի։
Մեկն ինձ ասի՝ ինչպե՞ս կզարգանար մեր մեկուսացված կրթական համակարգը՝ առանց եվրոպական կրթական և գիտական տարածքին միանալու։
Եվ վերջում, չպետք է մոռանալ, որ եվրոպական չափանիշներին մոտեցումը բերել է այնպիսի կարևոր առաջընթացի, ինչպիսին է աշխատանքի անվտանգությունը, աշխատանքային օրենսգիրքը համապատասխանեցնելը ժամանակակից չափանիշներին, անվտանգության նորմերին, շրջակա միջավայրի պահպանության չափանիշներին և այլն։ Մեկուսացման մեջ մնալով Վրաստանի ազգային շահերը պաշտպանելն անհնար է և մեր եվրոպական հեռանկարն այլընտրանք չունի»։