Օտարերկրյա քաղաքացիների համար փոխնակ մայրությունը կարգելվի․ կառավարության նախաձեռնությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի կառավարությունը մտադիր է 2024 թվականի հունվարի 1-ից օտար երկրների քաղաքացիների համար արգելել փոխնակ մայրությունը և արտամարմնային բեղմնավորումը։ Այս մասին այսօր հայտարարել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։ Կառավարությունը պատրաստել է համապատասխան օրինագիծը և այս շաբաթ այն կգրանցվի խորհրդարանում։ Օրենսդրական ընթացակարգերը նախատեսվում է ավարտել աշնանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարություն է արել փոխնակ մայրության սահմանափակման վերաբերյալ։ Նրա խոսքով, այս հարցը անհանգստացնում է հասարակության զգալի հատվածին և «կապված է քաղաքացիների անվտանգության, երկրի իմիջի հետ»։

«Որոշ ժամանակ առաջ ժողովրդագրական խնդիրներով աշխատող խորհուրդ ստեղծեցինք։ Խնդրահարույց հարցերից մեկը, որը ընդգծվել է, փոխնակ մայրությունն է և առհասարակ դրա հետ կապված խնդիրները։ Դուք գիտեք, որ դրսից օտարերկրյա քաղաքացիները այս հարցը վերածել են բիզնեսի, և վերջին տարիներին ընդհանրապես որևէ կարգավորում չկա այս առումով։ Մենք ուսումնասիրեցինք եվրոպական օրինակներ։ Այնպիսի բարձր զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Իտալիան, Լիտվան, Էստոնիան, այլևս չեմ շարունակի, փոխնակ մայրությունը լիովին արգելված է։ Կան երկրներ, որտեղ մասամբ թույլատրված է հիբրիդային մոդել, օրինակ՝ Բելգիա, Միացյալ Թագավորություն, Դանիա, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա։

Նոր օրենքի նախագծի համաձայն՝ մենք ցանկանում ենք, որ դա թույլատրվի միայն Վրաստանի քաղաքացիներին, այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները, այսպես ասած, այլևս չեն կարողանա պատվիրել։ Չեմ ուզում կոպիտ ասել, բայց ուղղակի պատվերներ են լինում։ Սա նույնիսկ առցանց է, չափազանց շատ են գովազդները, և ես կարծում եմ, որ շատ անհանգստացնող է այս հարցը թողնել առանց կարգավորման»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ կանանց առաջարկում են «շահավետ բիզնես», հետո ոչ ոք չգիտի, թե Վրաստանում ծնված երեխան «ով է տանում, կամ ինչ զույգ է տանում»։

«Տեղեկություններ կան, որ այստեղ ծնված երեխաներին կարող են տանել միասեռ զույգերը, կարող են լինել բազմաթիվ խնդիրներ։ Այլ դժվարությունների էլ է բախվել Առողջապահության նախարարությունը։ Ուստի այն պետք է կանոնակարգվի։

Դա թույլատրվելու է միայն մեր քաղաքացիներին՝ Վրաստանի քաղաքացիներին։ Կան շատ մարդիկ, ովքեր երեխաներ չունեն, ուստի դիմում են փոխնակ մայրության մեթոդին, և, իհարկե, դա պետք է թույլատրվի նրանց համար՝ Վրաստանի քաղաքացիների համար։ Սա, իհարկե, մի կողմից կօգնի ժողովրդագրությանը, և ընդհանրապես, կարծում ենք, որ այս հնարավորությունը պետք է թողնենք մեր քաղաքացիներին»։

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հավելել է, որ սահմանափակումները վերաբերելու են ոչ միայն փոխնակ մայրությանը, այլև արտամարմնային բեղմնավորմանը։

«Ժողովրդագրական խնդրի հետ կապված՝ մենք բազմաթիվ միջոցներ կձեռնարկենք երկրում, և եթե դա կարող է լինել ժողովրդագրական ուղղությամբ Վրաստանի քաղաքացիների ավելացման միջոցներից և հնարավորություններից մեկը, ապա և՛ արտամարմնային բեղմնավորումը, և՛ փոխնակ մայրությունը թողնում ենք միայն Վրաստանի քաղաքացիների համար»,- ասել է Ազարաշվիլին։

Առողջապահության նախարարի խոսքով, այս ոլորտի չկարգավորումը կապված է «ոչ էթիկական և շատ վատ պրակտիկայի հետ». «Բազմաթիվ մարդիկ ենթարկվել են տարբեր վտանգների, նույնը, երեխաների թրաֆիքինգի հետ կապված կարող են լինել նման տխուր փաստեր (պնդման տեսքով չեմ ուզում խոսել)։ Նաև օրգանների թրաֆիքինգի հետ կապված հսկայական մարտահրավեր կա: Այժմ մենք ունենք հստակ արձանագրում, որ դա վերաբերելու է միայն Վրաստանի քաղաքացիներին։ Այս օրենքում գրված է, որ երկրում արգելվում է ամեն տեսակի գովազդը, քանի որ, ցավոք սրտի, կան առաջարկներ՝ կապված փոխնակ մայրության կամ արտամարմնային բեղմնավորման հետ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ տարբեր սոցիալական ցանցերով, տարբեր միջոցներով, փողոցում։ Այս դժբախտ պրակտիկան կկանոնակարգվի ու կվերացվի»։

Ինչպես ասում է Զուրաբ Ազարաշվիլին, Վրաստանի քաղաքացին, ով ցանկանում է դոնոր կամ փոխնակ մայր լինել, պետք է գործի ալտրուիզմի սկզբունքով։

«Այս օրենքով կարգավորվող կարևոր ու հիմնարար բանը ալտրուիզմի սկզբունքն է։ Վրաստանի քաղաքացին, ով ցանկանում է լինել դոնոր կամ փոխնակ, պետք է գործի ելնելով ալտրուիզմի սկզբունքից և ստանա միայն փոխհատուցում, որը կարող է ուղեկցվել այս գործընթացի հետ կապված անհարմարություններով, կամ բժշկական զննումներով, կամ ծննդաբերության հետ կապված ծախսերով»,- ասել է նա։

Առողջապահության նախարարը նշել է, որ հինգ տարի առաջ փոխնակ մայրության և արտամարմնային բեղմնավորման միջոցով եղել է երեխայի ծննդյան մոտավորապես 1000 դեպք, իսկ այսօր՝ տարեկան ավելի քան 2000 դեպք է արձանագրվում. «Ելնելով այն հանգամանքից, որ սա թանկ գործընթաց է, հաճախորդները հիմնականում ոչ Վրաստանի քաղաքացիներ են»։

Փոխնակ մայրությունը և արտամարմնային բեղմնավորումը կիրառվում են այն զույգերի կողմից, ովքեր չեն կարող երեխա ունենալ։ Արտամարմնային բեղմնավորման ժամանակ ձվաբջիջը (կենսաբանական մայրը կամ դոնորը) բեղմնավորվում է մարմնից դուրս, այնուհետև տեղափոխվում արգանդ։ Երբ կենսաբանական մայրը չի կարող ինքնուրույն կրել պտուղը, օգտագործվում է փոխնակ: Այսպիսով, բեղմնավորված ձվաբջիջները տեղադրվում են փոխնակ կնոջ արգանդում: Այս դեպքում փոխնակ մայրը երեխայի հետ կենսաբանական կապ չունի։ Բացի այդ, հնարավոր է, որ փոխնակ մայրը միաժամանակ լինի և՛ ձվաբջիջի դոնորը, և՛ պտղի կրողը:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):