Ով այսօր մտնի խորհրդարան, նա կմտնի Ռուսաստան․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարան չեն մտնի։ Այս մասին նա հայտարարել է «Մթավարի արխի»-ին տված հարցազրույցի ժամանակ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ով է չեղարկելու [ցուցակները] այս տեսքով, այն տեսքով... Թյուրըմբռնումներ կարող են լինել, և հիմա պետք է սպասել շատ թյուրիմացությունների, երբ միակուսակցական համակարգից անցնում ենք բազմակուսակցական համակարգի։ Սա ժողովրդավարություն է։ Ավելի լավ է վարժվենք դրան: Տարբեր ձևեր, տարբեր մտքեր, միմյանց հետ չհամաձայնվել, երբեմն չհասկանալ... Եթե այդ կուսակցությունները չմտնեն... և ես մի բանում վստահ եմ, նրանք չեն մտնի»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ինչպես նշել է նախագահը, համեմատությունները 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ «անիմաստ» են։

«Երկրի ապագայի, եվրոպական ապագայի մասին խոսք չկար։ Ընդհակառակը, եվրոպացիներն ասում էին, որ մտեք խորհրդարան և այնտեղից աշխատեք բարեփոխումների վրա։ Հասարակության մեջ չկար այն զգացումը, որ երկիրն այլ ուղղությամբ է գնում, չկար այն զգացումը, որ ընտրությունները զանգվածաբար կեղծվել են։ Եղավ, ինչպես միշտ, այն, ինչ ես անվանում եմ «նորմալ կեղծիք», բայց այն զգացողությունը, որ մեր ընտրություններն ու երկիրը գողացել են, չկար։ Հետևաբար, սա այլ իրավիճակ է։ Այսօր, ով մտնի խորհրդարան, կմտնի Ռուսաստան։

Մինչև որևէ ընդդիմադիր կուսակցություն չմտնի, «Երազանքը» մնում է մենակ։ Այսօր մենք բոլորովին այլ իրավիճակում ենք։ Մենակ են խորհրդարանում, մենակ են կառավարությունում։ Գոյություն ունի միակուսակցական իշխանություն, խորհրդարանը՝ մեկ մարդու ուղղահայաց վերահսկողության տակ է, և երկրի բոլոր ինստիտուտները, բացարձակապես բոլորը, ամբողջովին կախված են այս մեկ կուսակցությունից ու մարդուց։

Այն, ինչ այսօր ասել է Պապուաշվիլին, կամ ինչ ասել է Մդինարաձեն՝ միևնույն է, պետք է ընտրել այնպիսի նախագահ, որը մեզ չի հիասթափեցնի՝ հույս ունենալով, որ մերը կլինի։ Այսինքն՝ նախագահի պահանջն ամբողջությամբ կախվածության մեջ լինելն է՝ հակակոռուպցիոն գործակալությունը, դատախազությունը, ՊԱԾ-ը, կենտրոնական բանկը, կարգավորող հանձնաժողովները, այսինքն՝ ամբողջ պետությունը դարձել է մեկ կուսակցություն և մեկ կուսակցություն՝ մեկ ուղղահայացի ներքո։ Ինչ է սա կոչվում: Ռուսաստան»,- ասել է նախագահը։

«Վրացական երազանքը» նախատեսում է երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, անցկացնել խորհրդարանի առաջին նիստը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արձանագրության համաձայն՝ «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր մարմնում ստացել 150 մանդատներից 89-ը։ «Փոփոխությունների կոալիցիան» ունի ձայների 11,03% և 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 10,17% և 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,81% և 14 մանդատ, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,78% և 12 մանդատ։

ԿԸՀ-ի վերջնական տվյալների հետ համաձայն է միայն «Վրացական երազանքը», իսկ ընդդիմադիր կուսակցություններն ու նախագահը կարծում են, որ ընտրությունները կեղծվել են։ Սալոմե Զուրաբիշվիլին և 34 ընդդիմադիր պատգամավորներ պահանջում են հակասահմանադրական ճանաչել ընտրությունների արդյունքները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։