Ռուսական իշխանությունները կրկին փորձում են Գերմանիայի բանտից ազատ արձակել Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Այս թեմային անդրադարձել է Ռուսաստանի նախագահը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի մասին, ով Ռուսաստանում ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։ Պուտինն ուղղակիորեն չի նշել Խանգոշվիլիի ազգանունը, սակայն նրա պատասխանը ցույց է տալիս, որ ռուսական հատուկ ծառայությունները պատրաստ են Գերշկովիչին հանձնել ԱՄՆ-ին՝ Խանգոշվիլիին սպանողին ազատ արձակելու դիմաց։
«Միացյալ Նահանգների գործընկեր երկրներից մեկում մարդ կա [բանտում], ով հայրենասիրական զգացմունքներից ելնելով եվրոպական մայրաքաղաքներից մեկում ավազակ է լիկվիդացրել։ Կովկասյան իրադարձությունների ժամանակ գիտե՞ք, թե նա [ավազակը] ինչ էր անում։ Չեմ ուզում խոսել, բայց կասեմ՝ նա մեր գերի ընկած զինվորներին պառկեցրել է ճանապարհին, իսկ հետո մեքենայով անցել նրանց վրայով։ Ի՞նչ մարդ է և արդյոք նա ընդհանրապես մարդ է։ Բայց հայտնվեց մի հայրենասեր, որը լիկվիդացրեց նրան Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում։ Այլ հարց է՝ նա դա արել է իր նախաձեռնությամբ, թե ոչ»,- ասել է Պուտինը։
Թակեր Կարլսոնը նշել է, որ 32-ամյա Էվան Գերշկովիչը նման բան չի արել և պարզապես լրագրող է։
«Նա պարզապես լրագրող չէ։ Նա լրագրող է, ով գաղտնի տեղեկատվություն է ձեռք բերել դավադրական հիմունքներով։ Այո, դա այլ պատմություն է: Խոսքս ուղղակի այն մարդկանց մասին է, ովքեր իրականում գտնվում են ԱՄՆ իշխանությունների վերահսկողության տակ, որտեղ էլ որ նրանք բանտում լինեն, և երկխոսություն է ընթանում հետախուզական ծառայությունների միջև։ Սա պետք է լուծվի հանգիստ, հանգիստ և պրոֆեսիոնալ կերպով։ Կան կոնտակտներ։ Թող աշխատեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանը փորձում է ազատ արձակել Խանգոշվիլիին սպանողին՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալված ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիներին ազատ արձակելու դիմաց։ Մարզիկը վերադարձել է ԱՄՆ 2022 թվականի վերջին՝ 10-ամսյա ազատազրկումից հետո։ Նրան փոխանակել են զենքի վաճառող Վիկտոր Բութի հետ:
Զելիմխան (Թոռնիկե) Խանգոշվիլիի սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Վադիմ Կրասիկովը Գերմանիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Դատավճիռը կայացվել է 2021 թվականի դեկտեմբերին Բեռլինի Գերագույն դատարանի կողմից։

Գերմանիայի դաշնային դատախազությունը պնդում էր, որ Զելիմխան Խանգոշվիլին սպանվել է ռուսական իշխանությունների հրահանգով։ Այդ կապակցությամբ երկու ռուս դիվանագետներ արտաքսվել են երկրից։ Ռուսաստանի կառավարությունը հերքել է սպանության հետ կապը, իսկ իրենց քաղաքացու ցմահ ազատազրկումը համարել քաղաքականացված որոշում։
Էթնիկ չեչեն Զելիմխան Խանգոշվիլին Պանկիսիի հովտից էր։ Երկրորդ չեչենական պատերազմում կռվել է Ռուսաստանի դեմ։
Խանգոշվիլին Վրաստանից Գերմանիա է մեկնել 2015 թվականին՝ իր վրա հերթական հարձակումից հետո և այնտեղ ապաստան էր խնդրել։ Նա սպանվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին Բեռլինի Մոաբիթ թաղամասում։ Խանգոշվիլին եղել է մզկիթ տանող ճանապարհին, երբ հեծանվով անցորդը կրակել է նրա գլխին։ 40-ամյա Զելիմխան Խանգոշվիլին տեղում մահացել է։ Մարդասպանը, ըստ ռուսական կեղծ անձնագրի՝ Վադիմ Սոկոլովը, ձերբակալվել է նույն օրը։
2020 թվականին հրապարակվել է լրագրողական հետաքննություն, ըստ որի՝ Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը կազմակերպել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (FSB) հատուկ նշանակության կենտրոնը։ Վադիմ Կրասիկովը վերապատրաստվել է այս կենտրոնի բազաներում և հատուկ ծառայություններից ստացել է արտասահմանյան անձնագիր՝ կեղծ անուն-ազգանունով։ Հետաքննության տվյալներով՝ Խանգոշվիլիի սպանության գործողությանը չի մասնակցել միայն մեկ հոգի, և հնարավոր է առնվազն 5 հոգուց բաղկացած խումբ է ծրագրել հանցագործությունը։
