Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակներում ութ մարդ է ձերբակալվել։ Նրանցից հինգը Ռուսաստանի, իսկ երեքը՝ Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ են։ Գերատեսչությունը նշում է, որ պայթուցիկ սարքի տեղափոխման գործընթացին մասնակցել է նաև Վրաստանի երկու քաղաքացի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ռուսաստանը պայթյունը հետաքննում է ահաբեկչության հոդվածով։ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ հանցագործության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, ինչպես նաև ստորաբաժանման աշխատակիցներն ու գործակալները։

«Էֆ Էս Բե»-ի փոխանցմամբ՝ կամրջի վրա պայթած ռումբը քողարկված է եղել շինարարական պոլիէթիլենային գլանափաթեթներով, որի ընդհանուր քաշը կազմել է 22 770 կիլոգրամ։ Հետաքննության վարկածի համաձայն՝ օգոստոսի սկզբին բեռը Օդեսայի նավահանգստից ուղարկվել է Բուլղարիա՝ Ռուս նավահանգստային քաղաք, որտեղից այն տեղափոխվել է նախ Վրաստան՝ Փոթիի նավահանգիստ, ապա՝ Հայաստան։

«Բուլղարիայից Փոթիի նավահանգիստ, ապա Հայաստան բեռնափոխադրումների կազմակերպմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցիուրկալոն (ծնված 1975 թ), Դենիս Կովաչը (1979 թ) և Ռոման Սոլոմկոն (1971 թ), Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, բրոքեր Լևանը և Հայաստանի քաղաքացի Արթուր Տերչանյանը (1985 թ)»,-  հայտարարել են Անվտանգության դաշնային ծառայությունից:

Նրանց տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանում՝ «Տրանսալյանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է «Եվրասիական տնտեսական միության» կանոններով, և փաստաթղթերը փոփոխվել են, ինչի հետևանքով բեռը ուղարկողը ձևակերպվել է հայկական, իսկ ստացողը՝ ռուսական ընկերություն։ Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին բեռը «Վերին Լարս»-ով հատել է ռուս-վրացական սահմանը DAF մակնիշի բեռնատարով։ Հոկտեմբերի 6-ին բեռնատարը տեղափոխվել է Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մեծածախ բազա և տեղավորվել այնտեղ։ «Էֆ Էս Բե»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի քաղաքացի Ռոման Սոլոմկոյի օգնությամբ, Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Զլոբայի և Ռուսաստանի հինգ այլ քաղաքացիների կողմից բեռնափոխադրումների փաստաթղթերը հերթական անգամ փոխվել են, և ուղարկողը դարձել է «TEK-34» ՍՊԸ-ն (Ուլյանովսկ), իսկ ստացողը Ղրիմում գոյություն չունեցող ընկերություն։ Նույն օրը բեռը տեղափոխվել է ՌԴ քաղաքացի Մախիր Յուսուբովի բեռնատար, որն էլ ուղղություն է վերցրել դեպի Ղրիմի գլխավոր քաղաք Սիմֆերոպոլ։ «Էֆ Էս Բե»-ի հայտարարությամբ՝ հոկտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 06:03-ին, Ղրիմի կամրջով անցնելիս տեղի է ունեցել պայթյունը։

«Ողջ երթուղու ընթացքում բեռների տեղաշարժի և հանցավոր սխեմայի մասնակիցների հետ շփման հսկողությունն իրականացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի աշխատակիցը», - նշում է «Էֆ Էս Բե»-ն։

Գործակալության տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է, և բոլոր կազմակերպիչներն ու մասնակիցները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիները, «կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ համաձայն Ռուսաստանի օրենսդրության»։

Հոկտեմբերի 8-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո, Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնեց, որ կամրջի վրա բեռնատար է պայթել, որից հետո կրակ է բռնկվել վառելիքի բաքերով բեռնված գնացքին։ Կատարվածի հետևանքով երեք մարդ մահացել է, իսկ կառույցի մի մասը փլուզվել է։ Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ուկրաինական լրատվամիջոցները, հենվելով սեփական աղբյուրների վրա, գրել են, որ պայթյունը Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողության արդյունքն է։ Ծառայությունն այս հարցի առնչությամբ չի մեկնաբանել։

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հոկտեմբերի 9-ին նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պայթեցված բեռնատարի երթուղին պարզվել է՝ այն գտնվել է Բուլղարիայում, Վրաստանում, Հայաստանում, Հյուսիսային Օսիայում և Կրասնոդարի երկրամասում։ Բուլղարիայի կառավարությունը ի պատասխան հայտարարել է, որ պայթյունի մասնակից բեռնատարը երբեք իրենց տարածքում չի եղել։

Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը Կերչի նեղուցով ճանապարհային և երկաթուղային կամուրջը կառուցել է 2016-2019 թվականներին։ 2022 թվականի փետրվարի 24-ին պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը օգտագործում է այն Ուկրաինայի հարավում գտնվող իր զորքերը մատակարարելու համար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):