Ռուսաստանը մայիս-հունիսին նոր հարձակման է պատրաստվում. Զելենսկի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մայիսի վերջին կամ հունիսին Ուկրաինայում սպասում են Ռուսաստանի ևս մեկ խոշոր հարձակման։ Այս մասին ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին և նշել, որ Ուկրաինան այժմ օգնության կարիք ունի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Զելենսկիի խոսքով՝ չնայած զենքի և զինամթերքի դեֆիցիտին, այսօր Արևելյան ճակատում կայունությունը պահպանվում է։

«Մենք կայունացրել ենք իրավիճակը և ավելի լավ է, քան երկու-երեք ամիս առաջ էր։ Մենք մեր գործընկերների հետ կիսում ենք ողջ տեղեկությունը և ասում, որ Ռուսաստանը հակահարված է նախապատրաստելու։ Դա կարող է լինել մայիսի վերջին կամ հունիսին: Այժմ մենք օգնության կարիք ունենք որոշակի բրիգադներ պատրաստելու համար, որոնք պետք է կռվեն մեր հողի համար, հատկապես այն հակահարձակման ժամանակ, որը Ռուսաստանը ցանկանում է սկսել»,- ասել է Զելենսկին։

Լրագրողը նրան հարցրել է, թե ինչպիսի զենք է պետք Ուկրաինային սպասվող հակահարվածը կասեցնելու համար, ինչին ի պատասխան Զելենսկին ասել է.

«Հարցն այն է, թե հիմա ինչ է պետք, որ տարածք չկորցնենք։ Եթե ​​խոսքը ոչ թե հակահարձակման, այլ կայունացման մասին է, ապա թիվ մեկը՝ հակաօդային պաշտպանությունն ու հրետանային արկերն են։ Սա այն է, ինչ մեզ պետք է։ Գիտե՞ք, թե ինչպես է դա տեղի ունենում: Գործընկերներն ասում են. «Մենք ձեզ հրետանի ենք տվել»: Այո, բայց արկերի քանակը ամեն ինչ չէ։ Մեզ պետք են տարբեր հատկանիշներ: Բախմուտում և Ավդիիվկայում, Լիսիչանսկում, Սոլեդարում և այլն, հատկապես դժվար էր պայքարել թշնամու դեմ, որը 20 կիլոմետրից ավելի հեռավորությունից է արկեր արձակում, իսկ դու՝ 20 կիլոմետրից պակաս։ Մեր հրետանային արկը ընդամենը մինչև 20 կիլոմետր է արձակվում։ Պաշտպանելու, կայունացնելու, իրավիճակը պահպանելու համար մենք պետք է հավասարություն ունենանք, իսկ հարձակվելու համար պետք է ավելի մեծ ուժ ունենալ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային ամենից շատ անհրաժեշտ են ամերիկյան «Պատրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգերը և ավելի շատ հրետանի։

Ինչպես նշել է Զելենսկին՝ Ռուսաստանն 100%-ով օգտագործում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա զենքի մատակարարման հարցում ուշացումը. «Ոչ թե 50%-ով, այլ 100%-ով։ Մեզ համարյա ոչ մի հրետանի չի մնացել… Պուտինն ամբողջությամբ ոչնչացրեց Ավդիիվկան, քանի որ մենք ուժ չունեինք այն պահելու։ Շատ դժվար էր»։

Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ Միացյալ Նահանգների կողմից հատկացված միլիարդավոր դոլարների աջակցության մեծ մասը մնում է ԱՄՆ-ում.

«Տասնյակ միլիարդներ մնում են ԱՄՆ-ում... Եկեք անկեղծ լինենք։ Կոնգրեսի կողմից հատկացված գումարներից շատ դեպքերում, 80%-ը, առնվազն 75%-ից ավելին, մնում է ԱՄՆ-ում։ Այդ զինամթերքը գալիս է մեզ մոտ, բայց արտադրությունն այնտեղ է տեղի ունենում, և փողը մնում է ԱՄՆ-ում, հարկերը մնում են ԱՄՆ-ում։ Մենք շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին ամեն ինչի համար, բայց մեր ունեցած «Պատրիոտ» համակարգերը չեն եկել ԱՄՆ-ից։ Դուք պետք է հասկանաք, որ եթե փող եք հատկացնում «Պատրիոտ» համակարգերի համար, որոնց մեկ միավորը արժե 1,5 կամ 2 միլիարդ դոլար, ապա այդ համակարգերը մեզ մոտ գալիս են այլ երկրներից։ Այս գումարը մեզ չի հասնում։ Սա էլ է ճշմարտությունը»։

Զելենսկիին նաև հարցրել են, թե հնարավո՞ր է պատերազմում հաղթել, քանի դեռ Պուտինը մնում է իշխանության գլխին, ինչին նա պատասխանել է. «Այո, քանի որ երբ նա կորցնի մեր տարածքները, նույնիսկ փոքր գյուղերը, նա կկորցնի աջակցությունը Ռուսաստանում։ Սա մեզ բավական է»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):