Ռուսաստանը պատրաստվում է ռազմածովային նավատորմ տեղակայել Օչամչիրեի շրջանում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Մենք պայմանագիր ենք կնքել, և մոտ ապագայում Օչամչիրեի շրջանում կլինի ՌԴ ռազմածովային ուժերի մշտական ​​բազա։ Այս ամենն ուղղված է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի պաշտպանունակության բարձրացմանը, և նման փոխգործակցությունը կշարունակվի։ Նաև կան բաներ, որոնց մասին ես չեմ կարող խոսել»,- ռուսական «Իզվեստիա» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխղազիայում արդեն տեղակայված է Ռուսաստանի 7-րդ ռազմաբազան և Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ստորաբաժանումը։ Ռուսական ռազմաբազաներ կան նաև Գալիում և օկուպացիոն գծին մոտ գտնվող գյուղերում։

Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, որը տեղակայված է Ղրիմի թերակղզու Սևաստոպոլում, որը Մոսկվան բռնակցել է 2014 թվականին, բազմիցս թիրախավորվել է ուկրաինական ուժերի կողմից 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո:

Ինչպես գրում է Reuters գործակալությունը, Օչամչիրեում ռուսական բազայի գտնվելու մասին տեղեկատվությունը, որտեղ Խորհրդային Միությունը ռազմածովային բազա ուներ, կարող է վկայել այն մասին, որ Ռուսաստանը այլընտրանք է փնտրում Սևաստոպոլին և նաև փորձում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Թուրքիային մոտիկ՝ Սև ծովի ափին։

Wall Street Journal-ը հայտնում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարձակումների պատճառով դուրս է բերել իր սևծովյան նավատորմի մեծ մասը բռնակցված Ղրիմում գտնվող իր հիմնական բազայից։

Չորեքշաբթի Բժանիայի հետ հանդիպման ժամանակ Պուտինը մեկնաբանություն չի արել ռազմածովային բազայի մասին, սակայն Բժանիան ասել է, որ ցանկանում է մասնակցել «ռուսական կողմի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներին»։

2009 թվականին, երբ խոսակցություններ սկսվեցին Օչամչիրեում ռուսական բազա տեղակայելու մասին, ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքը մտահոգություն էր հայտնել։ Սև ծովի ափի երեք պետությունները՝ Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան՝ ՆԱՏՕ-ի անդամ են։

Ռուսաստանը Աբխազիան և Ցխինվալիի շրջանը որպես անկախ պետություններ է ճանաչել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Բացի Ռուսաստանից, Աբխազիան որպես անկախ հանրապետություն ճանաչեցին միայն Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան։

Խոսելով Թբիլիսիի հետ հարաբերությունների մասին՝ Բժանիան հարցազրույցում կենտրոնացել է էներգետիկայի ոլորտում համագործակցության վրա, որը, ըստ նրա, գոյություն ունի միայն Էնգուրի ՀԷԿ-ի շուրջ։

«Մենք միասին աշխատում ենք այս կայանի վրա, ամբարտակը գտնվում է Վրաստանի տարածքում, իսկ կայանն ինքը՝ Աբխազիայի տարածքում։ Ինչ վերաբերում է այլ ասպեկտներին, ապա բացի Ժնևյան քննարկումներից, գործնականում շփումներ չկան։

Մենք չենք կարող համաձայնել այն թեզի հետ, թե Աբխազիան օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Սա ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը։ Բայց կարծես թե կարևոր է, որ ինչ-որ մեկը խոսի այդ մասին, քանի որ այդ թեզը պաշտպանում են Վրաստանի դաշնակիցները՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան»,- ասել է Բժանիան։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունն է հայտնել Օչամչիրեում ռուսական ռազմածովային նավատորմի տեղակայման հետ կապված հայտարարությունների կապակցությամբ։ «Նման գործողությունները Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում են և Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիան օրինականացնելու ևս մեկ սադրիչ փորձ։ Մենք Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում հարգել միջազգային պարտավորությունները, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրոպական միության միջնորդությամբ կնքված զինադադարի համաձայնագիրը և դադարեցնել Վրաստանի անբաժանելի շրջանների անօրինական օկուպացիան»,- ասվում է հոկտեմբերի 5-ին նախարարության տարածած հայտարարության մեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):