Հոկտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը 90 ձայնով Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամներ է ընտրել Լևան Նեմսաձեին և Գոգա Կիկիլաշվիլիին։ Գոգա Կիկիլաշվիլին Սահմանադրական դատարանի դատավոր Խվիչա Կիկիլաշվիլիի որդին է։ Խվիչա Կիկիլաշվիլին մեկն է այն 6 դատավորներից, ովքեր մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, հաստատել են Վրաստանի նախագահի կողմից սահմանադրության խախտումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
«Մտահոգիչ է, որ Սահմանադրական դատարանի կողմից նախագահի գործով որոշման հրապարակման հենց հաջորդ օրը Վրաստանի խորհրդարանը 90 ձայնով դատավորի որդուն ընտրել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամի պաշտոնում», - ասում է «Դատարանի ժամապահ» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Նազի Ջանեզաշվիլին։
«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն հերքել է կապը Գոգա Կիկիլաշվիլիի ընտրության և դատավոր Խվիչա Կիկիլաշվիլիի կայացրած որոշման միջև։
«Մենք ամիսներ առաջ հո չէինք կարող իմանալ, որ Սալոմե Զուրաբիշվիլին կխախտի սահմանադրությունը։ Հետագայում պետք է հաշվարկեինք ու ասեինք Կիկիլաշվիլիին՝ բեր փաստաթղթերը, քեզ կընտրենք, իսկ դրա դիմաց քո հայրը կսատարի որոշմանը։ Դուք հավատու՞մ եք նման անհեթեթություններին»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։
Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրությունը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմաններից մեկն է։ Նազի Ջանեզաշվիլիի խոսքով՝ այս որոշմամբ կառավարությունը ստեղծում է նշված պայմանի կատարման իմիտացիա։
«Զարգացումները դատական համակարգում նեպոտիզմի վառ օրինակ են, որը, ի թիվս այլ թերությունների, զգալիորեն խոչընդոտում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։
Բացի այդ, նման կադրային որոշումները էապես վնասում են վստահությանը դատական համակարգի նկատմամբ և ամրապնդում են կլանային իշխանությունը»,- ասում է Ջանեզաշվիլին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում իմփիչմենթի հարցը այսօր քննարկվում է խորհրդարանում, օրենսդիր մարմնում իր ելույթի ժամանակ շնորհավորել է Խվիչա Կիկիլաշվիլիին՝ որդու հաջողությունների համար։
«Միակ բանը, որը պետք է որոշվի, այս քվեարկության արդյունքն է, և դա նույնպես կախված չէ ձեզանից, այլ նրանից, թե քանի հոգի կարող եք հավաքել՝ ում կոմպրոմատով, ում կաշառք տալով և ում որդուն առաջ տանելով: Այստեղ, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել Սահմանադրական դատարանի դատավոր Կիկիլաշվիլիին՝ իր որդու հաջողության համար: Կամ օգտագործելով ուրիշի քարտը՝ այդպիսով դուք կարողացաք հաղթահարել վետոներից մեկը»,- ասել է նախագահը։
Հասարակական կազմակերպությունները դատավոր Խվիչա Կիկիլաշվիլիին վկայակոչում են որպես դատական կլանի անդամ։
Խվիչա Կիկիլաշվիլին, երբ աշխատել է Խելվաչաուրիի դատարանի դատավոր, քննարկել է «դատական կլանի» առաջնորդներից Գիորգի Միքաուտաձեի գործի դրվագը։ Անչափահաս երեխայի ծնողները պնդում էին, որ Գիորգի Միքաուտաձեն, երբ նա Թբիլիսիի քաղաքային դատարանի նախագահն էր, 2016 թվականին Գոնիոյի լողափում ծեծի է ենթարկել իրենց որդուն։ Սկզբում հետաքննություն էր սկսվել երեխային ծեծի ենթարկելու փաստի առթիվ, սակայն շուտով դա որակվեց որպես դատավորին սպանելու սպառնալիք։ Խվիչա Կիկիլաշվիլին երեխայի ծնողներին ձերբակալելու որոշում է կայացրել։ Ի վերջո, դատարանը մեղադրյալ ծնողներին դատապարտել է խուլիգանության համար և նշանակել տուգանք 4 հազար լարիի չափով։