Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնաբանել է օգոստոսի 1-ին Ռուսաստանի և Արևմուտքի միջև գերիների լայնածավալ փոխանակումը։ Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար Գերմանիայում դատապարտված Վադիմ Կրասիկովի արտաքսումը Ռուսաստան հեշտ որոշում չի եղել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Այս դժվար որոշումն ընդունվել է համապատասխան գերատեսչությունների և իշխող կոալիցիայի միջև մանրազնին խորհրդակցությունից և քննարկումից հետո: Այն իրականացվել է բանտարկության պատիժը կրելուց հրաժարվելու և հետագա արտաքսման մասին գլխավոր դատախազի հրամանի հիման վրա»,- ասել է Շոլցը։
Կանցլերն ընդգծել է, որ Կրեմլի հետ նման համաձայնությունը անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության բանտերում գտնվող ռուս քաղբանտարկյալների, Գերմանիայի և ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակման համար։
«Մի քանի տարի բանտում անցկացրած ցմահ ազատազրկմամբ մարդասպանին արտաքսելու որոշումը ոչ մեկի համար հեշտ չէր։
Պետության շահագրգռվածությունը ազատազրկման իրականացման հարցում պետք է համահունչ լինի Ռուսաստանում բանտարկված անմեղ մարդկանց և անօրինական քաղբանտարկյալների ազատությանը, նրանց առողջությանը և որոշ դեպքերում կյանքին», - ասել է Շոլցը։
Օլաֆ Շոլցը հաստատել է, որ գործարքի շրջանակներում ազատվել է Գերմանիայի քաղաքացի Ռիկո Կրիգերը, ով Բելառուսում մահապատժի էր դատապարտվել ահաբեկչության համար, իսկ ավելի ուշ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից նրան ներում էր շնորհվել։ Քյոլնի օդանավակայանում Գերմանիայի կանցլերը անձամբ է դիմավորել Կրիգերին և մի քանի ռուս քաղբանտարկյալների։
Գերիների փոխանակմանն արձագանքել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մայքլ Ռոթը, ով ասել է, որ «երբեմն մարդասիրական նպատակներով պետք է պայմանավորվել սատանայի հետ»։
Գերիների փոխանակման շրջանակներում Ռուսաստանն ազատ է արձակել 16 մարդու, իսկ դրա դիմաց ստացել 8-ին։ Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանը սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ազատ է արձակել քաղբանտարկյալների՝ իր հատուկ ծառայությունների աշխատակիցների դիմաց։
Վադիմ Կրասիկովի ազատ արձակմամբ անձամբ հետաքրքրված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մոսկվա վերադարձածներին Պուտինը դիմավորել է օդանավակայանում՝ կարմիր գորգով ու պատվո պահակախմբով։ Առաջին մարդը, ում ձեռքը նա սեղմել և գրկախառնվել է, եղել է Վադիմ Կրասիկովը։
Կրասիկովը Գերմանիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2021 թվականի դեկտեմբերից։ 2019 թվականի օգոստոսի 23-ին օրը ցերեկով Բեռլինի զբոսայգում նա երկու կրակոցով սպանել է չեչեն նախկին դաշտային հրամանատար, 40-ամյա Զելիմխան Խանգոշվիլիին։ Պուտինը Կրասիկովին անվանել է «հայրենասեր, որը լիկվիդացրել է ավազակին»։
