«Կարևոր է ունենալ երկարաժամկետ դիտորդական առաքելություն, քանի որ սխալ բաները միայն ընտրությունների օրը չեն լինում, իրականում դա տեղի է ունենում ամիսներ առաջ. մարդկանց ահաբեկում են, կաշառում են, մարդկանց սպառնում են որ կզրկվեն իրենց աշխատանքից, եթե չքվեարկեն այնպես ինչպես պետք է։ Կրկնում եմ՝ սրանք մարտավարություններ են, որոնք Վրաստանում շատ ու երկար տարիներ կիրառվում են տարբեր կառավարությունների օրոք։ Շատ կարևոր է վաղաժամ վերահսկել ընտրությունները, որպեսզի օգնենք Վրաստանի ընտրողներին հետագայում վստահություն ունենալ արդյունքների հանդեպ»,- ասել է ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Նրա խոսքով, պակաս կարևոր է, թե արդյոք ԱՄՆ-ը վստահում է արդյունքին, սակայն ընտրողները և Վրաստանի ժողովուրդը պետք է հավատան, որ ընտրություններն իսկապես արդար են և արտացոլում են Վրաստանի ժողովրդի կամքը։
«2020 թվականին քովիդի պատճառով անհնար էր միջազգային վերահսկողություն ունենալ, և ես կարծում եմ, որ դա մեծ դեր խաղաց այսքան շատ հարցադրումներ առաջացնելու մեջ, թե ինչու կային այդքան շատ մեղադրանքներ և բողոքներ, քանի որ դուք չունեիք արտաքին դիտորդական օգնություն, որը կօգներ ձեզ բացահայտել խնդիրները և համոզվել՝ գործընթացն արդա՞ր է եղել, թե՞ ոչ։
Ոչ ոք չի հայտարարել, որ 2020 թվականի ընտրություններն արդար են եղել, և ոչ ոք չի ասել, որ 2021 թվականի մունիցիպալ ընտրություններն արդար են եղել։ Ցավալի է, և ես հույս ունեմ, որ 2024 թվականի ընտրություններն ավելի լավ են լինելու»:
Դեսպան Դեգնանը հարցազրույցում անդրադարձել է նաև էլեկտրոնային քվեարկության համակարգին և ասել, որ դա չի երաշխավորում, որ ամեն ինչ մաքուր և արդար է լինելու։
«Կարծում եմ՝ իմ խորհուրդն ավելի շատ ընտրողներին կլիներ՝ դուրս եկեք, մասնակցեք ընտրություններին։ Համոզվեք, որ ձեր ձայնը լսվում է և ձեր ընտրությունը հաշվվում է: ԱՄՆ դեսպանատունը կաջակցի ընտրողների կրթության քարոզարշավին, որը կօգնի մարդկանց ոչ միայն հասկանալ, թե ինչու է իրենց ձայնը կարևոր, այլ նաև կօգնի ընտրողներին իմանալ, թե ինչպես է այն աշխատում այս կոնկրետ ընտրություններում, երբ տեղամասերի 90%-ն անցնում է էլեկտրոնային քվեարկության: Ընտրատեղամասի աշխատակազմը պետք է իմանա, թե ինչպես է այն աշխատում: Հակառակ դեպքում մենք ավելի շատ խառնաշփոթ կունենանք թե՛ ընտրատարածքներում, թե ընտրատեղամասերում։ Ինչպես տեսանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, երբ տեղամասերի 10%-ն ուներ էլեկտրոնային քվեարկություն, որոշ խնդիրներ կային, իհարկե, ավելի տեխնիկական, քան որևէ այլ բան, բայց դա կարող է դանդաղեցնել ողջ գործընթացը, երբ ամբողջ երկիրը քվեարկում է էլեկտրոնային եղանակով:
Մենք տեսանք նաև ԱՄՆ-ում, որ էլեկտրոնային համակարգը չի երաշխավորում, որ ամեն ինչ մաքուր և արդար է լինելու։ Այն կարող է նաև մանիպուլյացիայի ենթարկվել, եթե մարդիկ վերապատրաստված չեն համակարգը օգտագործելու համար, և եթե ընտրողները չեն հասկանում, թե ինչպես է այն աշխատում:
Այնպես որ, սա կլինի կարևոր ընտրություններ և կրթական քարոզարշավ ոչ միայն այն մասին, թե ինչու է ձեր ձայնը կարևոր, այլ նաև քվեարկության հենց տեխնիկական կողմի վերաբերյալ»:
Այս հայտարարությունների պատճառով իշխող «Վրացական երազանքի» անդամները մեղադրանքներով են պատասխանել դեսպան Դեգնանին։
«Եթե դուք կասկածի տակ եք դնում դա[քվեարկության էլեկտրոնային համակարգը] 2024 թվականին, դուք վնասատու եք, տիկին դեսպան։ Ուզում եմ ձեզ դիմել ու ուղիղ ասել՝ դուք չեք հասկացել ձեր առաքելությունը, հաշվի չեք առել, որ ոչ թե կուսակցության, այլ պետության ներկայացուցիչ եք եղել։ Շատ ցավում եմ, տիկին դեսպան, բայց դուք, որպես դեսպան, չկարողացաք կայանալ, և դա պետք է ասել: Ցավում եմ, դուք ձեր գործունեությամբ մեծացրել եք բևեռացումը վրաց հասարակության մեջ։
«Դուք, հավանաբար, այստեղ հեղափոխական ալիքի ստեղծողներից մեկն էիք, և մենք այն 3-4 անգամ ճնշեցինք, քանի որ երբեք Վրաստանի և նրա բնակչության շահերից չէր բխում խռովություն և «երկրորդ ճակատ» բացելը»,- ասել է պատգամավոր Իրակլի Զարքուան։
«Տիկին Քելի Դեգնանի հայտարարությունը սկզբից մինչև վերջ հագեցած է քաղաքականությամբ։ Դա կոչ է, որը սովորաբար անում է քաղաքական կուսակցությունը. «Գնացեք ընտրությունների, պաշտպանեք ձեր ձայնը», այսինքն՝ ինչ-որ մեկը վերցնում է ուրիշի ձայնը և հորդորում է մեկուկես տարի առաջ պաշտպանել իր ձայնը։ Սա արդեն դրդում է, ցուցում, որ ընտրական գործընթացը պետք է ընթանա հեղափոխական սցենարով։
Մեզ ասում են, որ ընտրություններից առաջ էլ են դրանք կեղծվում, բայց փաստերը չեն կարողանում ներկայացնել։ 2020-ին մենք տեսանք, թե ինչպես ճանաչվեցին ընտրությունները մի կողմից, իսկ մյուս կողմից խորացվեց ճգնաժամը, բայց ոչ մի փաստաթուղթ կամ ցուցմունք չհաջողվեց բերել, որ ընտրությունները կեղծվել են։ Հիմա, երբ մենք ստացանք իսկապես հեղափոխական ընտրական օրենսգիրքը, որը բոլորը մատնացույց էին անում: Հիշու՞մ ենք բոլորը նշում էին, որ եթե լիներ ձայների հաշվարկման էլեկտրոնային համակարգ, ապա ընտրությունները կեղծելու և արդյունքներն ակնթարթորեն հայտարարելու խնդիր չէր լինի։ Այս համակարգն ընդունված է, բայց մենք արդեն տեսել ենք կազմակերպված հարձակում այս համակարգի վրա։ Դեսպանը հայտարարություն արեց, հետո մի քաղաքական կուսակցություն հետևեց դրան, հիմա մյուսները կհետևեն դրան, և մարդիկ կսկսեն մտածել, որ նույնիսկ էլեկտրոնային համակարգով անցկացված ընտրությունները կեղծված են»,- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Քադագիշվիլին։
Ըստ «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիի՝ «երբ ռազմավարական գործընկերն ասում է, որ դու կեղծարար ես, և որ իշխանության անցկացրած ընտրությունները վտանգավոր են, դա վճիռ է ռուսական կուսակցության համար, հետևաբար, վրաց ժողովուրդը պետք է իրականացնի այս դատավճիռը»:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականին։