Տաբածղուրիում պահանջում են մանկապարտեզ բացել. բնակիչները պետիցիա են ստեղծել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Չեմ ուզում, որ երեխաները ճնշվեն միայն այն պատճառով, որ նրանք ապրում են Տաբածղուրիում։ Մենք ոչ մի բանում մեղավոր չենք, որ այստեղ ենք ծնվել»,- Իրինա Մարտիրոսյանը 16 տարեկան է, սովորում է Տաբածղուրիի դպրոցի 11-րդ դասարանում և իր ամբողջ ժամանակը տրամադրում է համալսարան ընդունվելու համար ինքնուրույն պատրաստվելուն։ Նա ցանկանում է ուսումը շարունակել Թբիլիսիում՝ զբոսաշրջության ուղղությամբ։ Լսելով, որ «Մթիս Ամբեբին» Տաբածղուրիում մանկապարտեզ բացելու պահանջով պետիցիա ներկայացնելու համար ստորագրություններ է հավաքում, ծնողների համաձայնությամբ, որոշել է այս գործը իր ձեռքն առնել։ Իրինան գյուղում այն քչերից է, ով լավ է տիրապետում վրացերենին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մանկապարտեզ չի հաճախել ո՛չ նա, ո՛չ նրա եղբայրն ու քույրը, ո՛չ էլ նրա համայնքից որևէ մեկը, որը Տաբածղուրիի հետ ներառում է նաև Մոլիթ գյուղը։ Երկուսում էլ ապրում են ազգությամբ հայեր՝ ավելի քան 750 մարդ։ Տաբածղուրին պատկանում է Բորջոմիի մունիցիպալիտետին և գտնվում է ծովի մակարդակից գրեթե 2000 մետր բարձրության վրա։

Մոտակա մանկապարտեզը Ծաղվերի ավանում է, որը գտնվում է 42 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե ​​անգամ հասարակական տրանսպորտ լինի, նախադպրոցական տարիքի երեխաների համար շատ դժվար կլինի ամեն օր 84 կիլոմետր անցնել։

Ջավախեթիի բարձրավանդակում առատ ձյան պատճառով ձմռանը Տաբածղուրին մի քանի ամսով կտրվում է Բորջոմ-Բակուրիանիի կողմից, իսկ այնտեղ հնարավոր է հասնել միայն Ախալքալաքից, երբեմն նույնիսկ այս ճանապարհով է անհնար։

Վրաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, իսկ «Վաղ և նախադպրոցական դաստիարակության և կրթության մասին» Վրաստանի օրենքի 4-րդ հոդվածում ասվում է, որ նախադպրոցական դաստիարակությունն ու կրթությունը ըստ ցանկության է, համընդհանուր և հասանելի բոլոր համապատասխան տարիքի երեխաների համար, սակայն Տաբածղուրիի և ազգային փոքրամասնություններով բնակեցված շատ համայնքների երեխաները զրկված են օրենքով երաշխավորված այս իրավունքից:

«Վրացական երազանքի» կառավարությունը 2015-2021 թվականների քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական ​​ռազմավարության փաստաթղթում գրել է, որ ազգային փոքրամասնությունների համար պետական ​​լեզուն սովորելու ամենաարդյունավետ միջոցը այն նախադպրոցական կրթության մակարդակից սկսելն է։ Նույն բովանդակությամբ արձանագրություն կա նաև 2021-2030 թվականների պետական ​​ռազմավարության մեջ, սակայն ոչինչ չի փոխվում:

Բորջոմիի շրջանում գործում է 11 մանկապարտեզ, որոնցից ոչ մեկը ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված գյուղերում չէ։

Քվեմո Քարթլիում իրավիճակը ծայրահեղ անհավասար է: Տարածաշրջանում ավելի քան 5 հազար երեխա զրկված է մանկապարտեզից։

Դմանիսիի մունիցիպալիտետի 57 գյուղերից միայն յոթն ունեն մանկապարտեզ։ Շրջանի բնակչության 65%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։

Բոլնիսիի շրջանում նույնպես, 48 գյուղերից միայն հինգն ունեն մանկապարտեզ, իսկ չորս գյուղերում գործում են այլընտրանքային նախադպրոցական կրթության ցերեկային կենտրոններ։ Շրջանի բնակչության 63%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։

Ծալկայի մունիցիպալիտետի 43 գյուղերից մանկապարտեզ կա միայն վեցում։ Բնակչության մոտ 53%-ը էթնիկ փոքրամասնություններ են։ Նրանցից 39%-ը հայեր են, գրեթե 7%-ը՝ ադրբեջանցիներ, նույնքանը՝ հույներ։ Հայերով ու հույներով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։ Նախադպրոցական կրթությունը հասանելի է ադրբեջանցիներով բնակեցված միայն մեկ գյուղում՝ Կիզիլ-Կիլիսայում։

Կախեթիում, Սագարեջոյի մունիցիպալիտետում գործում է 29 մանկապարտեզ։ Գրեթե բոլոր վրացական գյուղերն ունեն նախադպրոցական ուսումնական հաստատություն, բացառությամբ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի: Իորմուղանլո համայնքում, որտեղ բնակվում է շրջանի բնակչության 33%-ը (շուրջ 17 հազար մարդ), գործում է ընդամենը մեկ մանկապարտեզ, որտեղ կարող է տեղավորվել 30 երեխա։

Տաբածղուրիում մանկապարտեզ բացելու պահանջով Բորջոմիի մունիցիպալիտետի սակրեբուլոյին ներկայացվելիք պետիցիայի համար անհրաժեշտ է առնվազն 270 ստորագրություն՝ մունիցիպալիտետում գրանցված ընտրողների 1%-ը։ Դասերից հետո Իրինան տնետուն է գնում՝ համագյուղացիներին բացատրելով, թե ինչ և ինչու է խնդրում։ Նրան վստահում են, բոլորը ստորագրում են պետիցիան, բայց չեն հավատում, որ Տաբածղուրիում մանկապարտեզ կբացվի։ Բազմիցս խոստացել են լուծել խնդիրները, բայց ամեն ինչ մնացել է նույնը։

Երեկ Իրինան ֆեյսբուքում կարդացել է, որ վարչապետի որդին սովորելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր ուսումնարաններից մեկում՝ Փենսիլվանիայի համալսարանում։ Նա շնորհավորում է հասակակցին հաջողությունների համար, բայց զարմանում է, թե ինչու Իրակլի Ղարիբաշվիլին, ով 10 տարի կառավարությունում է, չի կարողացել այնպես անել, որ Տաբածղուրիում ապրող երեխաները մանկապարտեզ ունենան։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 28-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է իրականացնել մանկապարտեզների կառուցման-վերականգնման ծրագիր և դրա համար պետբյուջեից 1,3 մլրդ լարի կհատկացվի։ Վարչապետի խոսքով՝ ծրագրի իրականացումը կսկսվի 2023 թվականի հունվարի 1-ից։

«Մթիս Ամբեբիի» աջակցությամբ վերջին երկու ամիսների ընթացքում Ծալկայի, Դմանիսիի, Բոլնիսիի, Ախալքալաքի, Բորջոմիի, Տղիբուլիի, Ճիաթուրայի, Սաչխերեի, Սագարեջոյի սակրեբուլոներում ներկայացվել և ներկայացվելու է շուրջ 15 պետիցիա՝ մանկապարտեզների բացման և դրանց գործունեությունն ապահովելու պահանջով:  «Մթիս Ամբեբին» նախադպրոցական կրթության հասանելիությունը խթանելու նախագիծն իրականացնում է USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի աջակցությամբ։

- Եթե ​​ձեր գյուղում մանկապարտեզ չկա, դուք իրավունք ունեք պետիցիայով դիմել սակրեբուլոյին։

- Մենք կօգնենք ձեզ

Քաղաքացիական ակտիվությունների կենտրոն

Հեռախոս՝ 599 337 336

Էլ. հասցե՝ Mtisambebi@gmail.com

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):