«Վրացական երազանքի» կառավարությունը նախատեսում է ստեղծել պետական ​​դրամաշնորհների կառավարման գործակալություն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» կառավարությունը նախատեսում է հիմնել հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ Պետական ​​դրամաշնորհների կառավարման գործակալություն, որը կվերահսկվի հենց կառավարության կողմից:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Արդեն իսկ նախաձեռնվել է «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, և «Վրացական երազանքի» պատգամավորներն այն քննարկում են արագացված կարգով։

Գործակալության նպատակն է լինելու պետական ​​բյուջեով աջակցել Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններին, որոնց «գործունեության ուղղությունները համահունչ կլինեն երկրի զարգացման առաջնահերթություններին»։

Օրենքի նախագծի բացատրական գրությունում քննարկվում է հասարակական կամ ոչ կառավարական կազմակերպությունների կարևորությունը՝ որպես «ժողովրդավարական հասարակության և պետության անբաժանելի մաս»: Նշվում է, որ նման կազմակերպությունները կարևոր դեր են խաղում երկրի զարգացման գործում՝ իրենց վերահսկիչ (այսպես կոչված watchdog), վերլուծական (այսպես կոչված think tank) կամ ծառայություններ մատուցող (այսպես կոչված service provider) պրոֆիլի շնորհիվ։ Բացատրական գրության մեջ նշվում է, որ հասարակական կազմակերպությունների գործունեությունը պետությունից անկախ է, սակայն «եվրոպական մի շարք երկրներում կա պետական ​​ֆինանսավորմամբ դրանց զարգացմանն աջակցելու և խրախուսելու հաջող պրակտիկա»։

Օրենքի նախագծի համաձայն՝ նոր ձևակերպմամբ կսահմանվի «Դրամաշնորհների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը, համաձայն որի՝ Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հանրային իրավունքի իրավաբանական անձը, որին հանձնարարվելու է աջակցել հասարակական կազմակերպություններին, նույն նպատակով դրամաշնորհներ տրամադրելու հնարավորություն կունենա։

Պետական ​​դրամաշնորհների կառավարման գործակալությունում նախատեսվում է աշխատանքի տեղավորել մոտ 10 մարդ։ Գործակալության ստեղծման և գործունեության, ինչպես նաև դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք միջոցների ֆինանսավորման վրա այս տարի կծախսվի 20 մլն լարի։

«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո էր հայտարարել, որ կառավարությունը պետական բյուջեից կֆինանսավորի​ կազմակերպություններին, որոնք կամավոր գրանցված են ռուսական օրենքի հիման վրա ստեղծված «գործակալների ռեգիստրում»։ Կոբախիձեն այն ժամանակ ասել էր, որ առաջին դրամաշնորհային ծրագրերը կֆինանսավորվեն 2025 թվականի հունվարից։

«Վրացական երազանքը» վերջերս կրկին վերադարձավ այս թեմային, երբ կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարեց քննադատական ​​լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին սահմանափակող նոր օրենքների ներդրման մասին: Մդինարաձեի խոսքով՝ իրենք կընդունեն ամերիկյան օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) գործող տարբերակի «ուղիղ պատճենը», որից հետո ռուսական օրենքը կչեղարկվի։

«Անցյալ տարի խորհրդարանն ընդունեց FARA-ի թեթև տարբերակը, որը մենք դեռ ամբողջությամբ չենք գործարկել։ Սակայն, ինչպես գիտեք, չնայած դրա ուժի մեջ մտնելուն, արտաքին ֆինանսավորում ստացող մի քանի տասնյակ ամենահարուստ և խոշոր ՀԿ-ները նույնիսկ գրանցված չեն ռեգիստրում։ Հետևաբար, դրա փոխարեն մենք կընդունենք ամերիկյան նոր օրենք՝ դրա գործող տարբերակի ուղղակի պատճենը և կապահովենք դրա ամբողջական կիրարկումը», - փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում ասել է Մամուկա Մդինարաձեն։

Մդինարաձեն նաև հայտարարել է, որ բացարձակապես բոլոր օրենքներից ու ենթաօրենսդրական ակտերից կհանվեն այն նորմերը, որոնք նախատեսում են հասարակական կազմակերպությունների պարտադիր մասնակցությունը հանրային որոշումների կայացման գործընթացում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։