Վրաստանում գործող 23 հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի սառեցման սպառնալիքն իրական է։ Կազմակերպությունները արձագանքել են հունիսի 27-ին կայացած Եվրոպական խորհրդի նիստին, որտեղ Եվրամիության ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Վրաստանում վերջին զարգացումների և ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարների կարծիքով՝ ռուսական օրենքի ընդունումը ակնհայտ հետընթաց է նախորդ տարի Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին տրված 9 քայլերի կատարման գործընթացում։
«Եվրոպական խորհուրդը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հստակեցնել իրենց մտադրությունները՝ փոխելով իրենց որդեգրած կուրսը, քանի որ դա վտանգի տակ է դնում Վրաստանի ուղին դեպի Եվրամիություն և «կհանգեցնի անդամակցության գործընթացի փաստացի դադարեցման»։
Բացի այդ, Եվրոպական խորհուրդը կոչ է արել իշխանություններին ապահովել ազատ և արդար ընտրություններ 2024 թվականի աշնանը և դադարեցնել ֆիզիկական հարձակումները, ահաբեկումները և սպառնալիքները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ։
Աշնանը Եվրահանձնաժողովը կներկայացնի ընդլայնման վերաբերյալ հերթական զեկույցը, որում, ի թիվս այլ հարցերի, կգնահատվի Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի սահմանած 9 քայլերի կատարողականը։
Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի սառեցման սպառնալիքն իրական է, ինչը հաստատում են նաև Եվրամիության և նրա անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Նշված դեպքում Եվրամիության այս որոշման պատասխանատվությունը կրում է Վրաստանի կառավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հասարակական կազմակերպությունները կառավարությանը կոչ են անում.
- Չեղարկել ռուսական օրենքը և այլ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հակասում են Եվրամիության հիմնարար սկզբունքներին և արժեքներին,
- Չդիմադրել Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կամքին՝ դառնալու եվրոպական ընտանիքի անդամ և հոգ տանել եվրոպական ինտեգրման ճանապարհին ձեռք բերված յուրաքանչյուր նվաճման մասին,
- Կատարել Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 9 քայլերը։
Հայտարարությունը ստորագրել են՝ Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան (GRASS), Բազմակուսակցական ժողովրդավարության Արևելյան Եվրոպայի կենտրոնը (EECMD), Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտը (DRI), Ժողովրդավարության պաշտպանները, Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնը, Tbilisi Pride, Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) , Կանաչ այլընտրանքը, Արդար ընտրությունները (ISFED), Քաղաքացիական հասարակության հիմնադրամը, Դատարանի պահակը, Սափարին, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՎԵԻԱ), Վրաստանի դեմոկրատական նախաձեռնությունը (GDI), Վրաստանի եվրոպական ուղեծիրը, Վրաստանի ապագայի ակադեմիան, Սոցիալական արդարության կենտրոնը, Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը, Իրավունքներ Վրաստանը, Կանանց նախաձեռնությունների աջակցության խումբը, Խոշտանգումների զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական կենտրոնը, Խորհրդային անցյալի հետազոտությունների լաբորատորիան, Միջազգային թափանցիկություն – Վրաստանը:
