Վրաստանի իշխանությունը պետք է դադարեցնի բռնությունների ցիկլը. Amnesty International

Ծեծի ենթարկված Զուկա Բերձենիշվիլին

Միջազգային Amnesty International կազմակերպությունն արձագանքում է քաղաքացիական ակտիվիստ Զուկա Բերձենիշվիլիի վրա տեղի ունեցած հարձակմանը և իշխանություններին կոչ է անում դադարեցնել բռնությունների ցիկլը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Տասնյակ նմանատիպ բռնի միջադեպերից հետո Զուկա Բերձենիշվիլիի վրա հարձակումը, որը տեղի ունեցավ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ խորհրդարանի նախագահն անձամբ նրան սպառնալիք անվանեց կառավարության համար, լուրջ մտահոգություն է առաջացնում։ Պետական ​​պաշտոնյաների նման գործողությունները հեշտությամբ կարող են որպես կանաչ լույս ընկալվել իշխանության քննադատների նկատմամբ անպատիժ բռնության համար:

Մեզ խորապես անհանգստացնում է վրացական կառավարության այն կեղծ պնդումը, որ իր դեմ ուղղված քննադատությունը դաժան հակակառավարական դավադրություն է: Նրանց կողմից այլախոհության ճնշումը պաշտպանության ձև չէ, դա հարձակում է մարդու իրավունքների վրա և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի միջազգային պարտավորությունների խախտում է։ Կառավարության քննադատությունը, որքան էլ դաժան լինի, պաշտպանված է խոսքի ազատությամբ, և բոլոր պետական ​​պաշտոնյաները պետք է կրեն բարձր մակարդակի քննադատություն և հսկողություն:

Վրաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն բռնությունների ցիկլը, անհապաղ հետաքննի բոլոր բռնի հարձակումները և ապահովի, որ մեղավորները, անկախ նրանից, ովքեր են նրանք, պատասխանատվության ենթարկի արդար դատավարության առջև», - ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևը:

Զուկա Բերձենիշվիլին հունիսի 11-ին Թբիլիսիում իր տան մոտ հարձակման է ենթարկվել երեք անձի կողմից։ Ակտիվիստը հարվածներ է ստացել դեմքին, ինչի հետևաքով վիրահատություն է տարվել։ Հարձակումից մեկ ժամ առաջ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցում հրապարակել է գրառում, որտեղ Զուկա Բերձենիշվիլիին անվանել է «վրդովված քաղաքացիներից», ով մասնակցում է «կազմակերպված և քաղաքական դրդապատճառներով ահաբեկչության» իշխող կուսակցության անդամների դեմ։ Պապուաշվիլիի խոսքով՝ Բերձենիշվիլին «Սիրցխվիլիա» շարժման անդամ է և սպառնալով ու հայհոյանքներով զանգել է պատգամավորներին։ «Դոնորները, մերժելով իրենց կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների քաղաքական ծայրահեղականությունը, նորմալացնում են ահաբեկչությունը»,- գրել է Պապուաշվիլին։ Զուկա Բերձենիշվիլին չի հերքում, որ զանգահարել է այն պատգամավորներին, ովքեր պաշտպանում են ռուսական օրենքը։ Նրա խոսքով՝ ինքը երկու տարի է՝ «Սիրցխվիլիա» շարժման անդամ չէ, երբեք ակտիվության համար գումար չի ստացել։

Հունիսի 7-ին Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի մոտ հարձակման է ենթարկվել ակտիվիստ Նիկո Մանագաձեն՝ «Հանուն ազատության» ուսանողական շարժման հիմնադիրը։ Հունիսի 2-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամ Ցոտնե Կոբերիձեն հարձակման է ենթարկվել Թբիլիսիի իր տան մոտ գտնվող ավտոբուսի կանգառում: Բացի այդ, ոստիկանությունը ձերբակալել է Գորիից ակտիվիստ Իոսեբ Բաբաևին, որը հակառուսական ակցիաների մասնակից է։ Դատախազությունը նրան պատրաստվում էր մեղադրանք առաջադրել ապօրինի զենք-զինամթերք գնել-պահելու հոդվածով, որը պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ, սակայն դատավոր Լևան Դարբաիձեն բոլոր քննչական գործողությունները ճանաչել է անօրինական և արդարացրել է նրան։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։