Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները դիմել են Եվրահանձնաժողովին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Շուրջ 170 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրահանձնաժողովին և, չնայած Վրաստանում առկա խնդիրներին, խնդրում են հանձնարարական տալ երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է, որ դա կօգնի վրաց ժողովրդին ավելի լավ դիմադրել ռուսական շահերին, քանի որ ավելի շատ ԵՄ նշանակում է ավելի քիչ Ռուսաստան: Կազմակերպությունների ներկայացուցիչները դիմումը հանձնել են Վրաստանում Եվրամիության դեսպանին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրաստանը սպասում է Եվրահանձնաժողովի հանձնարարականին Եվրամիությանն անդամակցության թեկնածության կարգավիճակի վերաբերյալ։ Ստորագրող վրացական հասարակական կազմակերպությունները միավորված են ընդհանուր առաքելությամբ՝ պաշտպանել և ներկայացնել Վրաստանի քաղաքացիների շահերը, պաշտպանել և հաստատել եվրոպական ժողովրդավարական արժեքները։

Մեր, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների մեծ մասի անսասան ընտրությունն ու կենսական շահն է, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կապրի արժանապատվորեն՝ խաղաղ, բարգավաճ, ազատ և արդար պայմաններում։ Այդ իսկ պատճառով մենք Վրաստանի կառավարությանը խնդրեցինք ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել։

Վրաստանի համար եվրոպական հեռանկարի ճանաչումից ի վեր մեր ջանքերն ուղղված են եղել Վրաստանի իշխանությունների կողմից 12 հանձնարարականների իրականացմանը, որոնք պետք է բարելավեն Վրաստանի քաղաքացիների վիճակը։

Այսօր մենք հստակ տեսնում ենք 12 հանձնարարականների կատարման հետ կապված դժվարությունները, բայց, միևնույն ժամանակ, եվրոպական ընտրությունը մնում է հասարակության հիմնական ձգտումը, որը համախմբում է քաղաքացիներին արդյունավետ համերաշխության մեջ։

Մենք պայքարել և պայքարում ենք Վրաստանում ավելի լավ ժողովրդավարության համար, ինչին պահանջում և արժանի են Վրաստանի քաղաքացիները, և որի արժեքներն այսօր միավորում են Եվրամիության 27 պետությունները։

2023 թվականի մարտին մենք կարողացանք համախմբել վրացական հասարակությանը ընդդեմ «ռուսական օրենքի», որը մեծ պատ կլիներ Վրաստանի և Եվրամիության միջև։ Հենց այդ ջանքերով էլ տապալվեց այս օրենքը, և հնարավոր եղավ ցույց տալ բոլորին, որ վրաց ժողովուրդը պատրաստ է ապագայում ևս պաշտպանել երկրի եվրոպական ապագան։

Մենք՝ վրացական հասարակական կազմակերպություններս, կարծում ենք, որ թեկնածուի կարգավիճակ ստանալը, բացի վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների ճանապարհին կարևոր առաջընթաց լինելուց, կօգնի վրաց ժողովրդին ավելի լավ դիմակայել Վրաստանում ռուսական շահերին, քանի որ ավելի շատ ԵՄ նշանակում է ավելի քիչ Ռուսաստան։

Դիմում ենք մեր երկրի հավատարիմ և ամուր եվրոպացի բարեկամներին, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովին, չնայած Վրաստանում առկա խնդիրներին, 12 առաջնահերթությունների կատարման օբյեկտիվ գնահատմանը զուգահեռ, տրվի հանձնարարական, որ Եվրոպական խորհուրդը 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 8-ին հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ։

Անցյալ տարի Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և թեկնածուի կարգավիճակ ստանալու համար առաջ քաշեց 12 կետից բաղկացած նախապայմաններ։ Վրաստանի դիմումին ի պատասխան հանձնաժողովի պատրաստած եզրակացության մեջ առաջնահերթությունների թվում են քաղաքական բևեռացման դադարեցումը, դատաիրավական բարեփոխումները, ապաօլիգարխացումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացումը, լրատվամիջոցների ազատության ապահովումը և այլն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):