Խորհրդարան ներկայացված օրինագիծը Վրաստանին շեղելու է եվրոպական ճանապարհից․ ԱՄՆ-ը՝ ռուսական օրենքի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ևս մեկ անգամ արձագանքել է Վրաստանի իշխող կուսակցության կողմից անկախ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները սահմանափակող ռուսական օրենքի կրկին նախաձեռնությանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մենք խորապես մտահոգված ենք, որ Վրաստանի խորհրդարան ներկայացված օրինագիծը կշեղի Վրաստանը եվրոպական ուղուց և կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք բարելավում են Վրաստանի քաղաքացիների կյանքը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հետևել Եվրամիության ձգտումներին»,- գրել է դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը X սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Միլլերը պատասխանել էր այս թեմայով լրագրողի հարցին և հիշեցրել 2023 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունները։ Նրա խոսքով՝ «անցյալ տարի տասնյակ հազարավոր վրացիներ դուրս եկան փողոցներ իրենց եվրոպական հավակնությունները հստակեցնելու համար և հրաժարվեցին այս օրենքը ընդունելու փորձից»:

Վրաստանի ռազմավարական գործընկերները քննադատում են ռուսական օրենքի ընդունման ծրագիրը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ «օտարերկրյա գործակալների» կամ «օտարերկրյա ազդեցության» մասին օրինագծի կրկին նախաձեռնումը «իրականում հակասում է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»։ Ստոլտենբերգը մտավախություն ունի, որ «օրենքը, որը ներդնում է օտարերկրյա գործակալի այս գաղափարը», իրականում ազդեցություն կունենա ինչպես միջազգային, այնպես էլ Վրաստանում գործող բազմաթիվ լրատվամիջոցների վրա։

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Վրաստանի իշխանություններին հիշեցրել է 1-ին և 9-րդ հանձնարարականները, ըստ որոնց՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը երկրում և դիմակայեն ԵՄ-ի և նրա արժեքների դեմ ուղղված ապատեղեկատվությանը։

Եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները բացասական են գնահատում օրինագիծը։ Նրանցից ոմանք կենտրոնանում են առաջիկա ընտրությունների վրա և կարծում են, որ «Վրացական երազանքի» նպատակը քաղաքացիական հասարակությանը սահմանափակելն է։

«Վրացական երազանքը» մտադիր է, որ խորհրդարանը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը երեք ընթերցմամբ էլ ընդունի այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրենքի նախագծի տեքստը լինելու է նույնը, միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» կփոխարինվի «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն նշել է, որ նույնիսկ ավելի մեծ բողոքի դեպքում, քան նախորդ տարի էր, օրինագիծը հետ չի կանչվի։

Մինչ այժմ «Վրացական երազանքի» ղեկավարները հայտարարում էին, որ չեն վերադառնա օրենքի նախագծին, և այս հարցը փակված է։ Կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կողմ է ռուսական օրենքի կրկին նախաձեռնմանը։

Նման օրենսդրություն Ռուսաստանում ընդունվել է 2013 թվականին, և դրա նպատակը ոչ թե թափանցիկությունն է, այլ կառավարության գործունեությունը քննադատող մարդկանց կամ կազմակերպությունների ճնշումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):