Բազմահազարանոց բողոքի ակցիաների արդյունքում խորհրդարանական մեծամասնությունը մերժեց «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքը և այն երկրորդ ընթերցմամբ՝ 1 կողմ, 35 դեմ ձայնով տապալեց։ Օրենքին կողմ քվեարկած միակ պատգամավորը «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի անդամ, կուսակցության տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ և իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն քվեարկության ավարտից հետո ասել է, որ օրինագիծը կարևոր աշխատանք է կատարել տարբեր առումներով և շնորհակալություն է հայտնել այն նախաձեռնողներին։
«Առաջինը, բոլորը խոստովանեցին, որ գործակալությունը ամոթալի գործ է, անկախ նրանից, թե ում գործակալն ես: Սա այս օրինագծի առաջին ձեռքբերումն է։ Երկրորդ՝ բոլորը լսել են նաև, որ այդ մարդիկ, ավելի ճիշտ՝ կազմակերպությունները, զբաղվում են հասարակական տարբեր գործունեությամբ, օրինակ՝ բեմից պահանջում են կառավարության հրաժարականը, ինչը ՀԿ-ի գործը չէ, ինչպես նաև կեղծված են հայտարարում չկեղծված ընտրությունները, եկեղեցուն են հայհոյում, ԼԳԲՏ քարոզչություն են անում, սադրանքներ կազմակերպում այսպես կոչված Հարավային Օսիայի սահմանին: Այդ կազմակերպություններն իրականում ոչ թե վրաց ժողովրդի, այլ արտաքին ազդեցության գործակալներ են։ Սա երկրորդ տեղեկությունն է, որ այս օրինագիծը շատ հստակ և պարզ կիսում է վրաց հասարակության հետ։ Այս օրինագծի երրորդ կարևոր ուղերձն այն է, որ Բակուրիանիի ծրագիրը երբեք կյանքի չի կոչվի, այսինքն՝ ՀԿ-ների ձեռքով ոչ ոք Վրաստանում իշխանության չի վերադարձնի «Ազգային շարժմանը»։
Դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ժողովրդի ուժի» թիմին, որը նախաձեռնել էր այս օրենքի նախագիծը, ինչպես նաև յուրաքանչյուր պատգամավորի, ով առաջին ընթերցմամբ աջակցել է դրան։ Մենք սկզբունքային որոշում կայացրինք, շատ բաների հետ հաշվի նստեցինք, և այսօր այս որոշումը ստորագրվեց խորհրդարանում»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ վերջին իրադարձությունները նախազգուշացում են «Վրացական երազանքին», որ այն չպետք է դեմ գնա վրաց ժողովրդի կամքին։
«Վրացական երազանքը» մարտի 7-ին, 78 պատգամավորի աջակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը պարտավորեցնում էր այն լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին, որոնց ֆինանսավորման 20%-ից ավելին ստացվում էր արտերկրից, գրանցվել որպես «գործակալներ»։ Արդարադատության նախարարությանը տրվում էր լիազորություն՝ ԶԼՄ-ներում և հասարակական կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու, անձնական տվյալների մշակման և 25 հազար լարի տուգանք սահմանելու։ Օրենքի նախագծով այս օրենքը խախտողին 5 տարի ժամկետով ազատազրկում էր նախատեսված։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ռուսաստանի Դաշնությունում գործում է 2012 թվականից և օգտագործվում է անկախ լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը լռեցնելու համար։ 2022 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ նշված օրենքը խախտում է Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանված միավորումների իրավունքը։ Դատարանը նշել է, որ միջազգային կամ արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար հատուկ կարգավիճակի և իրավական ռեժիմի ստեղծումն արդարացված չէ, և սահմանափակումները միջամտություն են նրանց օրինական գործառույթներին։
Մարտի 7-8-ին՝ Թբիլիսիում, խորհրդարանի մոտ ընդդեմ ռուսական օրենքի ընդունման բազմահազարանոց բողոքի ցույցեր է անցկացվել, որոնք ցրվել են ՆԳՆ-ի կողմից՝ հատուկ ջոկատայինների միջոցով։ Կառավարությունը խաղաղ ցուցարարների դեմ զանգվածաբար արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ միջոցներ է կիրառել։ Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Մարտի 8-ի գիշերը բողոքի ակցիայի մասնակիցներին անխնա ցրելուց հետո ցուցարարները դիմակայել են հատուկ ջոկատայիններին և քարեր նետել նրանց մեքենաների ուղղությամբ։ Խորհրդարանի հարակից փողոցներում վնասվել և այրվել են ոստիկանական մեքենաներ, ջարդվել են խորհրդարանի շենքի ապակիները։ Ներքին գործերի նախարարությունը երկու օրում բերման է ենթարկել ցույցերի 134 մասնակցի։
Մարտի 9-ի առավոտյան «Վրացական երազանքը» հայտարարեց, որ ետ է կանչելու օրինագիծը։ Երեկ խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել հերթական բազմահազարանոց բողոքի ակցիան։ Ցուցարարները պահանջում էին անհապաղ լիագումար նիստ անցկացնել ու պաշտոնապես տապալել օրենքը, ինչպես նաև պահանջում էին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ Երեկ ՆԳՆ-ն հայտարարեց, որ վարչական կարգով բերման ենթարկված բոլոր 133 անձինք ազատ են արձակվել, թեև նրանց գործերը քննվում են դատարանում։