«Վրացական երազանքի» կողմնակիցները Թբիլիսիում՝ Նորվեգիայի դեսպանատան մոտ բողոքել են Նորվեգիայում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պարգևատրության դեմ և դեսպան Հելեն Սանդ Անդրեսենից պահանջել հայտարարություն անել, որ համաձայն չէ Պահպանողական կուսակցության որոշման հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ այսօրվա ակցիայի կազմակերպիչը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը՝ Թոռնիկե Մոլաշվիլին էր։
«Միխեիլ Սաակաշվիլիին չպետք է պարգևատրել, այսօր նա գտնվում է հինգաստղանի հյուրանոցում, ժողովուրդը պետք է պահանջի, որ նրան վերադարձնեն բանտ։ Վրաց ժողովրդի համար վիրավորանք է, երբ նման մարդուն պարգևատրում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար։ Մենք այս կառավարությանն ընտրել ենք ժողովրդավարական ճանապարհով, բայց ոչ, նրանք չեն ուզում այս իշխանությունը»,- հանրահավաքում ասել է Մոլաշվիլին։
Այս տարի Նորվեգիայի Պահպանողական կուսակցությունը Միխեիլ Սաակաշվիլիին է փոխանցել նորվեգացի քաղաքական գործիչ Շուր Լինդերբրեկեի անվան մրցանակը՝ մարդու իրավունքների, քաղաքական և տնտեսական ազատությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների խթանման համար։
Որոշումը քննադատել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչները։ Մարտի 27-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Միխեիլ Սաակաշվիլիին համեմատել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի հետ՝ ասելով, որ դա մոտավորապես նույնն է, երբ ինչ-որ մի երկիր Բրեյվիկին մրցանակ տա։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ Բրեյվիկի և Սաակաշվիլիի միակ սկզբունքային տարբերությունն այն է, որ Բրեյվիկը սպանել է ընդամենը 77 մարդու։
«Ինձ զարմացնում է ահաբեկիչ Բերինգ Բրեյվիկի հետ համեմատությունը, որը ես չափազանց անտեղի եմ համարում»,- ասել է Վրաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը։
Դեսպանի խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահի պարգևատրման մասին Թբիլիսիում Նորվեգիայի դեսպանատունը տեղեկացված չի եղել և այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։
Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նա մեղավոր է ճանաչվել և վեց տարվա ազատազրկման է դատապարտվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, ինչպես նաև Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։ Երրորդ նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում և ասում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:
