Զիվզիվաձեի խնդրանքով լրատվամիջոցները ջնջել են հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա քննադատում է կառավարությանը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Երբ տեսնում ես մարդկանց ճնշված, երբ մեկ մարդուն ծեծում են տասը հոգով, դա շատ ընկճող է։ Ավելին, երբ հեռուստացույցով դիտում ես ու միակ բանը, որ կարող ես անել հեռվից, մանավանդ, եթե ունես նման կարգավիճակ, եթե անգամ մարզիկ ես, այնքան մեծ հնարավորություն ունես, պետք է գոնե կանգնես այն մարդկանց կողքին, ովքեր ճնշվել են։ Ոմանք ասում էին, որ սադրանքներ են կազմակերպում, և ինչ-որ բան, բայց ինչ սադրանք էլ ինչ-որ մեկը կազմակերպի, մեկին տասը մարդ չպետք է ծեծի, ընկածին էլ ոտքով չպետք է խփեն։ Ես հենց դա եմ գրել։ Առավել ևս, որ երիտասարդներն էին այնտեղ, և ես հանդես եկա [նախաձեռնությամբ]»,- Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բուդու Զիվզիվաձեի այս խոսքերն արդեն հեռացվել են YouTube-ում երեկ հրապարակված հարցազրույցից։ «Ջափարայի Փոդքասթ»-ը բացատրում է, որ այդ մասը հեռացվել է հյուրի խնդրանքով:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հարցազրույցից հանվել է նաև այն հատվածը, որտեղ ֆուտբոլիստը Ռուսաստանին թշնամի է անվանում. «Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանը թշնամի է և միշտ էլ դա կասեմ։ Մայրս նույնպես տեղահանված է Աբխազիայից և ենթարկվել է ռուսական ագրեսիայի։ Եթե ​​նույնիսկ դա չլիներ, մենք կարող ենք տեսնել, թե հիմա ինչ են անում Ուկրաինայում և ինչ արեցին մեզ հետ, նույնիսկ 2008 թվականին։ Ես այդ ժամանակ փոքր էի, բայց դա շատ լավ հիշում եմ։ Ռուսաստանը թշնամի պետություն է ոչ միայն մեզ, այլև գրեթե բոլորի համար»։

Բուդու Զիվզիվաձեի հարցազրույցից այս մեջբերումները առցանց լրատվամիջոցները նկարների միջոցով տարածել են ֆեյսբուքում։ Ժամերի ընթացքում որոշ լրատվամիջոցներ հեռացրել են մեջբերումներով նկարները:

«Տաբուլան» պարզաբանել է, որ Բուդու Զիվզիվաձեի խոսքերով նկարները ջնջվել են հենց նրա խնդրանքով։ «Հեռացնելուց առաջ նրան հարցրինք, թե ինչ պատասխանել մարդկանց, ովքեր հարցեր կունենան։ «Պատրաստվում եմ Եվրոպային, և ավելորդ աժիոտաժի կարիք չկա» - գրել է նա մեզ»։

«Այս որոշումը կայացվել է խմբագիրների կողմից՝ հենց խաղացողի խնդրանքով։ Նրա խոսքով՝ խնդրանքը հիմնված է առաջիկա առաջնությունից առաջ լրացուցիչ էմոցիաներից ու ոգևորությունից խուսափելու ցանկությամբ»,- գրել է «Պուբլիկա»-ն։

Գերմանական «Կարլսրուե» ակումբում հանդես եկող Բուդու Զիվզիվաձեն բազմիցս արձագանքել է Թբիլիսիում ռուսական օրենքի դեմ բազմահազարանոց ցույցերին։ Մայիսի 2-ին նա համերաշխություն է հայտնել հանրահավաքի մասնակից երիտասարդներին և դատապարտել հարձակումները խաղաղ ցուցարարների վրա։ Ֆեյսբուքում հրապարակված գրառման մեջ նա իր մտահոգությունն է հայտնել, որ ֆուտբոլի մասին մտածելու և Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու փոխարեն ստիպված է դիրքորոշում հայտնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Բայց որպես Վրաստանի շարքային քաղաքացի՝ ես ինձ պարտավոր եմ կրկին կրկնել՝ ոչ Ռուսաստանին և ոչ այն ամենին, ինչը Վրաստանին մղում է դեպի Ռուսաստան։ Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա է։ Ես կանգնած եմ այն ​​երիտասարդների կողքին, ովքեր վտանգի տակ են դնում իրենց առողջությունը Վրաստանի ապագայի համար։ Խաղաղ ցուցարարների վրա հարձակվելն արդարացում չունի։ Ցանկանում եմ, որ Վրաստանը միշտ լինի նույնքան միասնական ու երջանիկ, որքան մարտի 26-ի գիշերը։ Վրաստանը ես եմ»,- գրել է Բուդու Զիվզիվաձեն։

Ազգային հավաքականի մի շարք խաղացողներ, այդ թվում՝ Գիորգի Քոչորաշվիլին, Զուրիկո Դավիթաշվիլին, Գիորգի Մամարդաշվիլին, Խվիչա Կվարացխելիան, Ջաբա Կանկավան և Գիորգի Չակվետաձեն, դեմ են արտահայտվել ռուսական օրենքին։

Այս ֆոնին Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Քարթու» բարեգործական հիմնադրամը 30 մլն լարի է խոստացել ազգային թիմին, իսկ կառավարությունը մրցանակը 850 հազար լարիից դարձել է 3 մլն լարի։

Օրեր առաջ ազգային հավաքականի անդամ և նախկին ավագ Ջաբա Կանկավան գրել էր, որ չի խաղալու Եվրոպայի առաջնությունում. «Ուզում եմ ձեզ հայտնել իմ որոշման մասին, որը կայացրել եմ մարտի խաղերից հետո։ Հավաքական հրավիրվելու դեպքում, ես կգնամ Եվրոպայի առաջնություն ոչ թե որպես խաղացող, այլ որպես սովորական երկրպագու»:

Կանկավան երկու անգամ արձագանքել է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ հանրահավաքներին։ Ապրիլի 17-ին և մայիսի 2-ին նա Ռուսաստանի հասցեին հայհոյանքներ է գրել ու նշել է, որ Վրաստանի ապագան միայն Եվրոպայում է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):