Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը որպես պարգև 30 մլն լարի է խոստանում ֆուտբոլի ազգային հավաքականին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Քարթու» բարեգործական հիմնադրամը ֆուտբոլի ազգային հավաքականին 30 մլն լարի է խոստանում, եթե վերջինս դուրս գա Եվրոպայի առաջնության ենթախմբից։ Հայտարարությունը «Քարթուն» հրապարակել է այսօր՝ ֆուտբոլի ազգային հավաքականի պատմական հաղթանակից գրեթե մեկ ամիս անց։ Այս խոստմանը նախորդել էին ազգային հավաքականի խաղացողների հայտարարությունները՝ ընդդեմ ռուսական օրենքի և ի պաշտպանություն Վրաստանի եվրաինտեգրման։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնություն դուրս գալով յուրաքանչյուր վրացու մեծ ուրախություն պարգևեց։ Այս հաջողության՝ սերունդների երազանքի իրականացման հետևում թաքնված է յուրաքանչյուր խաղացողի, մարզչական շտաբի ներկայացուցչի, ֆուտբոլի ասպարեզում ընդգրկված մարդկանց մեծ աշխատանքը։

Այդ իսկ պատճառով ֆուտբոլային թիմի մոտիվացիային էլ ավելի նպաստելու համար «Քարթու» հիմնադրամը որպես պարգև Եվրոպայի առաջնության ենթախմբից դուրս գալու համար ֆուտբոլի թիմին 30 մլն լարի կտա։ Միաժամանակ ենթախմբից դուրս գալուց հետո «Քարթու» հիմնադրամը յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթանակի համար ազգային թիմին կպարգևատրի հավելյալ 30 մլն լարիով»,- ասվում է Իվանիշվիլիի հիմնադրամի հաղորդագրությունում։

Ֆուտբոլի թիմի հաղթանակից ընդամենը մի քանի օր անց «Վրացական երազանքը» նորից օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ հետ էր կանչվել բազմահազարանոց բողոքի ակցիաների պատճառով և խոստացվել էր այլևս չվերադառնալ օրինագծին։ Չնայած հանրության բողոքներին և միջազգային գործընկերների կոչերին, թե այս օրենքը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը, իշխող կուսակցությունը միևնույն է՝ առաջին ընթերցմամբ ընդունեց այն։ Կուսակցության ղեկավարներն ասում են, որ այս անգամ չեն նահանջելու։

Ազգային հավաքականի և իսպանական «Լևանտե» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին առաջիններից էր, ով արձագանքեց «Այո Եվրոպային»։ Ոչ ռուսական օրենքին» ակցիային։ Նա Instagram սոցիալական ցանցում հրապարակել է ցույցի ժամանակ արված լուսանկար, որտեղ երևում է զարմուհին՝ ԵՄ դրոշը ձեռքին։ «Վրացական երազանքի» առաջնորդներից, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ ֆուտբոլիստի հայրը՝ Ռոին Քոչորաշվիլին «նաց է, Գախարիայի կուսակցության ներկայացուցիչ»։

Ռուսական օրենքի վերաբերյալ հակադիր դիրքորոշում են հայտնել նաև ազգային հավաքականի մյուս խաղացողները.

Բուդու Զիվզիվաձե. «Ոչ Ռուսաստանին, Վրաստանի ճանապարհը Եվրոպայում է»։ Ինձ ոչ ոք չպետք է շնորհակալություն հայտնի, քանի որ ես ասում եմ այն, ինչ պետք է ասի յուրաքանչյուր վրացի»։

Գիորգի Չակվետաձե. «Վրաստանը՝ Եվրոպայում»։

Խվիչա Կվարացխելիա. «Եվրոպական ճանապարհը միավորում է մեզ»։ Առաջ դեպի Եվրոպա։ Խաղաղություն Վրաստանին»։

Գիորգի Մամարդաշվիլի. «Վրաստանի ուղին և ապագան անցնում է միայն Եվրոպայով»։

Զուրիկո Դավիթաշվիլի. «Վրաստանի ճանապարհը Եվրոպայում է, եվրոպական ճանապարհը միավորում է մեզ։ Առաջ դեպի Եվրոպա։ Խաղաղություն Վրաստանին»։

Գիորգի Ծիտաիշվիլի. «Վրաստանի ուղին և ապագան անցնում է միայն Եվրոպայով»։

Ապրիլի 29-ին «Վրացական երազանքը» ի պաշտպանություն ռուսական օրենքի «համընդհանուր հավաք» կանցկացնի խորհրդարանի շենքի մոտ, ճիշտ այն վայրում, որտեղ մեկ շաբաթ շարունակ ամենօրյա ցույցեր են անցկացվում ընդդեմ ռուսական օրենքի։ Հանրային ծառայությունների աշխատակիցներին պարտավորեցնում են մասնակցել ռուսական օրենքը սատարող հանրահավաքին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Վրացական երազանքը» երրորդ՝ վերջին ընթերցմամբ ռուսական օրենքը կընդունի հունիսին՝ Եվրոպայի առաջնությունում ազգային հավաքականի խաղերի ժամանակ։

«Եվրո 2024»-ը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Վրաստանը մեկնարկային հանդիպումը կանցկացնի Թուրքիայի հետ հունիսի 18-ին՝ Դորտմունդում, ապա հունիսի 22-ին Համբուրգում կհանդիպի Չեխիայի ընտրանու հետ, իսկ հունիսի 26-ին Գելզենկիրխենում կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):