Ադրբեջանը սահմանային հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, որտեղով անցնում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը։ Ըստ Ադրբեջանական կողմի՝ այդ անցակետը պետք է կանխի «ապօրինի հայկական զինված խմբավորումների համար կենդանի ուժի, զենքի և ականների ապօրինի տեղափոխումը» իրենց տարածքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ 2022 թվականի օգոստոսից ի վեր Լաչինի և Քելբաջարի շրջաններում հայտնաբերվել են ավելի քան 2 700 հակահետևակային ականներ, որոնք 2021 թվականին արտադրվել են Հայաստանում և Լաչինի միջանցքով տեղափոխվել Ադրբեջան։ Հայաստանը կտրականապես հերքում է մեղադրանքը:
«Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային հսկողության մեխանիզմի ստեղծումը կծառայի ճանապարհի երկայնքով տեղաշարժի թափանցիկության, օրենքի գերակայության և, հետևաբար, տեղաշարժի անվտանգության ապահովմանը։ Ադրբեջանի օրինական որոշումն ու քայլը՝ իր ինքնիշխան տարածքում սահմանային հսկիչ անցակետ ստեղծելու վերաբերյալ, համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին և նորմերին։ Վերահսկողության այս մեխանիզմը կիրականացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ համագործակցությամբ։ Կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության երկու ուղղություններով թափանցիկ և կանոնավոր անցման համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Հակարի գետի կամրջի վրա անցակետի ստեղծումը կոպտորեն խախտում է 2020 թվականի հրադադարի պայմանագիրը և կոչ են անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները.
«Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ»:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս Լաչինի միջանցքը արգելափակված է ադրբեջանցի ակտիվիստների կողմից՝ Լեռնային Ղարաբաղում առաջացնելով սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող բժշկական սարքավորումների պակաս։ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ այնտեղ ապրող 120 000 ազգությամբ հայերը կտրված են արտաքին աշխարհից։ Փետրվարին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը։
2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մի մասի և նրա հարակից տարածքների վրա, որոնք գտնվում էին հայկական ուժերի ձեռքում։ Պատերազմում զոհվել է ավելի քան 6 500 մարդ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են համաձայնագիր (համատեղ հայտարարություն) Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին, որի հիման վրա Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ, իսկ Ադրբեջանի իշխանությունները պարտավորվել են ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղափոխման անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով: