47 տարեկանում բանտում մահացել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին։ Բանտարկյալի մահվան մասին տեղեկությունը հրապարակել է Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դա դրական արդյունքի չի բերել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- հայտնել են Դաշնային քրեակատարողական ծառայությունից։
Ընտանիքը Նավալնիի մահվան մասին տեղեկությունն այս պահին չի հաստատել։
SOTAvision հրատարակությունը երեկ՝ փետրվարի 15-ին, տեսագրություն է հրապարակել դատական նիստից, որին Նավալնին մասնակցել է հեռակա կարգով։ «Ալեքսեյն ուժեղ է, առողջ ու կենսուրախ»,- գրում է հրատարակությունը։

Ալեքսեյ Նավալնին ռուսական ընդդիմության առաջնորդներից էր և նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդը։ 2013 թվականին նա երկրորդն էր Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում։ 2016 թվականին Նավալնին հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին։ Սկսեց նախընտրական քարոզարշավը, սակայն 2017 թվականի դեկտեմբերին ԿԸՀ-ն մերժեց նրան գրանցել որպես թեկնածու։ 2017-2018 թվականներին Նավանլին Ռուսաստանում բողոքի զանգվածային շարժման առաջնորդն էր։
2020 թվականի օգոստոսի 20-ին Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տիպի թույնով, ինչի հետևանքով նա ընկել է կոմայի մեջ և հաջորդ հինգ ամիսների ընթացքում բուժվել Բեռլինում։ 2021 թվականի հունվարի 17-ին քաղաքական գործիչը Գերմանիայից վերադարձել է Մոսկվա՝ չնայած նրա դեմ քրեական գործ հարուցելուն։ Նրան ձերբակալել են օդանավակայանում։
2021 թվականի փետրվարի 2-ին դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց 2 տարի 8 ամիս ազատազրկման՝ Իվ Ռոշեի կոսմետիկայի գործով փորձարկման պարտավորությունները խախտելու համար։ 2022 թվականի մարտին դատարանը Նավալնիին դատապարտեց 9 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Նա մեղադրվում էր նվիրատվություններ հավաքելու ժամանակ խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ 2023 թվականի օգոստոսին Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ «ծայրահեղական կազմակերպություն» ստեղծելու համար։
Սկզբում քաղաքական գործիչն իր պատիժը կրել է Վլադիմիրի շրջանի հատուկ ռեժիմի բանտում, իսկ 2023 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է հատուկ ռեժիմի գաղութ Полярный волк («Բևեռային գայլ»): Նշված գաղութը գտնվում է Սիբիրում՝ Յամալ թերակղզու Խարփ բնակավայրում։ 2024 թվականի փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ 15 օրով հայտնվել է պատժախցում։
Ալեքսեյ Նավալնիի կողմից 2011 թվականին հիմնադրված Հակակոռուպցիոն հիմնադրամը տարիներ շարունակ լրագրողական հետաքննական նյութեր է պատրաստում և բացահայտում Ռուսաստանի կառավարությունում առկա կոռուպցիան։ 2021 թվականին ֆիլմ է հրապարակվել կոռուպցիոն սխեմայի մասին, որը, ըստ հետաքննության հեղինակների, ղեկավարում է Վլադիմիր Պուտինը։ Ֆիլմը «Պուտինի պալատի» մասին է՝ նստավայր Սև ծովի ափին Գելենջիկ քաղաքում, որի կառուցումն արժեցել է 100 միլիարդ ռուբլի։ Պալատը շրջապատված է 7000 հեկտար փակ տարածքով և վերահսկվում է Անվտանգության դաշնային ծառայության կողմից։
