«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ է ընտրվել Լևան Խաբեիշվիլին։ Ներկուսակցական ընտրություններում նա ստացել է 21 656 ձայն (52,58%), գործող նախագահ Նիկա Մելիան՝ 16 476 ձայն (40%)։ Խաբեիշվիլիի ընտրվելուց հետո Կոբա Նաղոփիան լքել է քաղխորհրդի նախագահի պաշտոնը։ Իրենց պաշտոններից հրաժարական են տվել Ակակի Մինաշվիլին՝ քաղաքական քարտուղար, Բաչո Դոլիձեն՝ կազմակերպչական քարտուղար, Գիորգի Պատարաիան՝ մամուլի ծառայության ղեկավար, Գիորգի Կիրթաձեն՝ Բաթումիի կազմակերպության նախագահ, Անա Գոգոլաձեն՝ ռազմավարական զարգացման քարտուղար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ես լքում եմ «Միացյալ ազգային շարժման» քաղխորհրդի նախագահի պաշտոնը, ինչպես նաև հենց քաղխորհրուրդը։ Ես մնում եմ միայն կուսակցության շարքային անդամ, քանի դեռ Պուտինի անձնական բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է բանտում, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին չեն տեղափոխել արտերկիր բուժման, որը նրա կյանքը փրկելու միակ միջոցն է։ Կմնամ կուսակցությունում, թե ոչ, որոշում կկայացնեմ ավելի ուշ, երբ Միխեիլ Սաակաշվիլին ազատության մեջ լինի, և ինձ հնարավորություն կտրվի շփվել նրա հետ»,- ասել է Նաղոփիան «Մթավարի արխի»-ի եթերում։
«Ես նախկինում ասել էի, որ եթե Նիկա Մելիան չհաղթի ընտրություններից հետո, կլքեմ Բաթումիի կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ Սա չի նշանակում, որ ես անձամբ կամ կուսակցության որևէ անդամ դուրս ենք գալիս «Ազգային շարժումից»։ Մենք մնում ենք կուսակցությունում այն իդեալների համար, որոնց համար եղել ենք այստեղ»,- ասել է Գիորգի Կիրթաձեն։
«Ազգային շարժումն» այս ընտրություններով ապացուցեց, որ իրեն հաղթելը, մարտի դաշտից հեռացնելն ուղղակի անհնար է»,- հաղթանակից հետո հայտարարել է Լևան Խաբեիշվիլին։ «Մենք, իհարկե, չենք պատրաստվում տոնել։ Գործընթացը, որը մեր երկիրը կտանի դեպի խաղաղություն, սկսվում է այսօր, ինչպես Միշան ու իր ընկերները դա արեցին 2003 թվականին:
Այս հաղթանակը պատկանում է Միխեիլ Սաակաշվիլիին, ով այժմ պայքարում է իր կյանքի համար, և նրա պայքարը կապված է նաև երկրի ազատության հետ։ Ակնհայտ է, որ առաջին որոշումները կապված են լինելու նախագահ Սաակաշվիլիի ազատության համար պայքարի հետ։ Միշա՛, ուզում եմ քեզ խոստանալ, որ մենք կանգ չենք առնելու, քանի դեռ քո կյանքն ու առողջությունը, մեր երկրի ազատությունը ապահովված չէ։
Այս հաղթանակը պատկանում է Նիկա Գվարամիային, ով իր օրինակով ապացուցեց, որ այս ճակատամարտում մեզ կոտրել հնարավոր չէ։ Այս հաղթանակը պատկանում է նաև Նիկային և նրա համախոհներին, Նոնային և նրա համախոհներին, Գիորգիին և իր անխոնջ ընկերներին: Այսօր ես ձեզ բարեկամության ձեռք եմ մեկնում։ Իմ հիմնական խնդիրն է միավորվել ընդհանուր թշնամու դեմ պայքարում։ Այս ճանապարհին մեզ անզիջում պայքար է սպասվում, ուստի ժամանակն է անցնելու հիմնական գործին։
Ուզում եմ Բիձինային և իր խամաճիկներին ասել, որ նրանց գլխին իսկապես սև ամպ է կուտակվել, և վրաց ժողովուրդը մոտ ապագայում այդ զայրույթը կկոտրի ռուս օլիգարխի և նրա խամաճիկ, հանցավոր ռեժիմի գլխին»,- ասել է Խաբեիշվիլին։
Կուսակցության նախագահի մեկ այլ թեկնածու Նոնա Մամուլաշվիլին, ով ընտրություններում ստացել է 1537 ձայն (3,73%), ասել է, որ փողն ու ոչ ֆորմալ ազդեցությունները հաղթել են քաղաքականությանը։
«Պետք է նշեմ, որ ընտրությունների արդյունքներն ինձ հիմք չեն տալիս հուսալու, որ կսկսվի այնպիսի գործընթաց, որն այսօր անհրաժեշտ է մեր երկրին։ Ցավոք սրտի, դա ցույց տվեց նախընտրական միջավայրը։ Լևանին շատ հաջողություններ եմ մաղթում, հիմա խնդիրը նա չէ։
Խնդիրն այն է, որ մեծ պատկերում փողը և ոչ ֆորմալ ազդեցությունները հաղթել են քաղաքականությանը: Ուզում եմ հավատալ, որ արդյունքը չի լինի այն, ինչը սովորաբար լինում է նման դեպքերում»,- գրել է Նոնա Մամուլաշվիլին։
«Ազգային շարժման» նախագահի չորրորդ թեկնածու Գիորգի Մումլաձեն ստացել է 1 516 ձայն (3,68%)։
Լևան Խաբեիշվիլիի աջակցում էին ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին։ Նիկա Մելիան, ով 2020 թվականի դեկտեմբերի վերջին չորս տարի ժամկետով ընտրվել է կուսակցության համագումարի կողմից, մեղադրել է Կեզերաշվիլի-Մերաբիշվիլիին ներկուսակցական գործընթացներին միջամտելու և ոչ ֆորմալ ազդեցությունների մեջ։ Մելիան ասել է, որ ընտրություններից առաջ Մերաբիշվիլին ծրագրել էր իր դեմ տարածել գաղտնի ձայնագրությունը, քանի որ «կարծում էր, որ այդ ձայնագրության տարածումը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա»։
Մելիան հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Խաբեիշվիլիին և ասել, որ շարունակելու է պայքարել «Վրացական երազանքի» դեմ, թեև կուսակցությունում իր դերի մասին կորոշի ավելի ուշ։
Հունվարի 28-30-ը «Ազգային շարժման» ներկուսակցական ընտրություններն անցկացվել են էլեկտրոնային եղանակով։ Ընտրություններին գրանցվել է 49 638 մարդ, որից քվեարկությանը մասնակցել է 41 264-ը։ Ընտրությունների վերջնական արձանագրությունը պետք է հաստատի կուսակցության համագումարը, որից հետո նոր նախագահը կստանձնի իր պարտականությունները։ Համագումարի օրը դեռ հայտնի չէ։