Bellingcat միջազգային հետաքննական խմբի գործադիր տնօրեն Խրիստո Գրոզևը արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ իր թունավորման հետաքննության վերաբերյալ դիմումին և օգնություն առաջարկել Վրաստանի իրավապահ մարմիններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վստահ եմ, որ նրանք շահագրգռված են այս հետաքննությամբ։ Մենք պատրաստ ենք օգնել, եթե նրանք պատրաստ լինեն մեզ հետ կիսվել տվյալներով՝ կասկածյալների ցանկացած տեղաշարժ, սահմանի հատում և այն, ինչ նրանք համարում են, որ լրացուցիչ ստուգման կարիք ունի»,- ասել է Գրոզևը ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Bellingcat-ի լրագրողները ծանոթացել են ամերիկացի թունաբանի զեկույցին, խորհրդակցել քիմիական զենքի հարցերով աշխատող ռուս գիտնականների հետ և եկել են այն եզրակացությանը, որ Սաակաշվիլիին ծանր մետաղներով թունավորելու վարկածն ամենահավանականն է։
«Այո, սրանք թունավորման ախտանիշներ են, որոնք համապատասխանում են ծանր մետաղներով թունավորմանը։ Սա, իհարկե, բավարար չէ, և առայժմ հիմնված է միայն ախտանիշների վրա, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ այդ ախտանիշները նաև լինեն այսպես կոչված բուժման արդյունքը»,- ասել է Խրիստո Գրոզևը։
Ըստ «Դոժդ»-ի, Գրոզևը կարծում է, որ Սաակաշվիլիին թունավորելու շարժառիթ կա: Նրա խոսքով, Վրաստանի նախկին նախագահը ներառված է «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Գլխավոր հետախուզական բաժնի թշնամիների շրջանակում, որոնք կարող են նման որոշում կայացնել»:
Միխեիլ Սաակաշվիլին հունվարի 4-ին հրապարակավ դիմել է Խրիստո Գրոզևին. «Սիրելի՛ Խրիստո, ես երկար ժամանակ եղել եմ Ձեր աշխատանքի երկրպագուն, բայց երբեք չեմ մտածել, որ ստիպված կլինեմ Ձեզնից օգնություն խնդրել»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ։ «Դուք հավանաբար գիտեք, որ ամերիկյան լաբորատորիան և Նյու Յորքի հայտնի թունաբանը պարզել են, որ ես թունավորվել եմ բանտում այս տարվա մարտին։ Իսկապես, մարտին ինձ շատ վատ էի զգում, ունեի բարձր ջերմություն, ճգնաժամային վիճակ, սրտխառնոց, առատ քրտնարտադրություն, գլխացավ, Covid-ի թեստերը բացասական էին: Այդ ժամանակվանից իմ առողջական վիճակը չի բարելավվել։ Բանտի ղեկավարությունը ստիպված է եղել ինձ տեղափոխել կլինիկա, որտեղ բժիշկներն անմիջապես կասկածել են թունավորման համար, սակայն վարչակազմը հնարավորինս ձգձգել է՝ արյունից թույնի հետքերը հեռացնելու համար։ Ի դժբախտություն նրանց, շատ ավելի ուշ իմ մազերի ու եղունգների մեջ թույներ և ծանր մետաղներ հայտնաբերվեցին»:
Նախկին նախագահը Խրիստո Գրոզևին խնդրել է հետաքննել «Ռուսաստանի և Ռուսաստանի հետ առնչվող շարժումները Վրաստանում»։ Նամակում նա նշել է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության բարձրաստիճան պաշտոնյա գեներալ Սերգեյ Բեսեդան և այլ պաշտոնյաներ հաճախ են ժամանել Վրաստան, ինչը, ըստ նրա, «հաստատված փաստ է»։
«Եթե կարող եք, հետաքննեք Ռուսաստանի և Վրաստանի միջև գաղտնի և օլիգարխիկ սխեմաները։ Վստահ եմ, որ շատ բաներ կան գտնելու, որոնք նաև կարևոր կլինեն իմ կյանքը փրկելու համար»,- դիմել է Խրիստո Գրոզևին Սաակաշվիլին։
Bellingcat-ը հետազոտողների, քննիչների և քաղաքացի լրագրողների անկախ միջազգային խումբ է, որը հետաքննական լրատվության համար օգտագործում է բաց աղբյուրները և սոցիալական մեդիան: Bellingcat-ի հետաքննությունները ներառում են ռուսական հետախուզական գործակալների հայտնաբերումը, որպես կասկածյալներ 2018 թվականի մարտին Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի բարձրագույն հետախուզական գործակալության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ: Bellingcat-ը մասնակցել է նաև լրագրողական հետաքննությանը, որը պարզել է, որ 2019 թվականի օգոստոսին Գերմանիայում Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունը կազմակերպվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության կենտրոնի կողմից։ Հետաքննության տվյալներով՝ Խանգոշվիլիի սպանության համար գերմանական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված «կիլեր» Վադիմ Կրասիկովը վերապատրաստվել է Անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության կենտրոնի բազայում և կեղծ անուն-ազգանունով արտասահմանյան անձնագիր է ստացել հենց հատուկ ծառայության կողմից։
Այս թեմայով՝
Հանկարծակի մահվան վտանգ կա, քանի որ Սաակաշվիլին պատշաճ բուժում չի ստանում. ամերիկացի փորձագետ