Չորս ամսում Եվրամիությունում ապաստան է խնդրել Վրաստանի 9 586 քաղաքացի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Կախա Մճեդլիձեի

Եվրամիությունում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը շարունակում է աճել։ 2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ Եվրամիության երկրներում ապաստան է խնդրել 9 586 քաղաքացի, ինչը 1731-ով ավելի է 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) տվյալների համաձայն՝ հունվարին ապաստանի դիմում է ներկայացրել Վրաստանի 2 535 քաղաքացի (որից 2277-ն առաջին անգամ են նման դիմում ներկայացրել, իսկ 258-ը՝ կրկնակի), փետրվարին՝ 2269 (առաջին անգամ 2045), մարտին՝ 2600 (առաջին անգամ՝ 2292), իսկ ապրիլին՝ 2182 քաղաքացի (առաջին անգամ՝ 1936)։

Վրաստանի քաղաքացիներն ամենից հաճախ ապաստան են հայցում Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Այս երկրներին հաջորդում են Բելգիան, Իռլանդիան և Իսպանիան։

ԵՄ ապաստանի գործակալության տվյալներով՝ 2023 թվականի ապրիլի դրությամբ ԵՄ երկրների համապատասխան մարմինները ճնշումների են ենթարկվել ապաստանի հայցերի մեծ քանակի պատճառով։ Միայն ապրիլին, տարբեր երկրների քաղաքացիներից ապաստանի շուրջ 75 000 դիմում է ներկայացվել, որոնց ավելանում են այն 687 000 դիմումները, որոնց վերաբերյալ դեռ առաջին ատյանի որոշում չի կայացվել։

Ապրիլին Վրաստանի 15 805 քաղաքացիների դիմումները՝ ոմանք վեց ամսով, ոմանք՝ կես տարուց ավելի, սպասել են առաջին ատյանի որոշում կայացնող մարմնի քննարկմանը։

2022 թվականին ԵՄ երկրներից ապաստան է խնդրել Վրաստանի 28 797 քաղաքացի։ Առաջին անգամ դիմում է ներկայացրել 26 400 քաղաքացի, երկրորդ անգամ՝ 2397 քաղաքացի։ Անցյալ տարի ապաստան հայցողների թիվը կրկնապատկվել է 2021 թվականի համեմատ։ ԵՄ ապաստանի գործակալությունը նշել է, որ Վրաստանի քաղաքացիները առնվազն 2008 թվականից ի վեր ամենաշատ ապաստանի դիմումներն են ներկայացրել:

Վրաստանի կառավարությունը քաղաքացիների զանգվածային արտահոսքը Եվրոպա կապում է 2017 թվականին Եվրամիություն առանց վիզայի ռեժիմի ներդրման հետ։ Ինչպես իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն է հայտարարել՝ եթե չլիներ առանց վիզայի ռեժիմը, ապա Վրաստանը կունենար միգրացիայի դրական հաշվեկշիռ։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Բելգիան Վրաստանին հանել է անվտանգ երկրների ցանկից։ Այս ցանկը Բրյուսելում թարմացվում է տարին մեկ անգամ՝ համաձայն երկրների վերջին իրավիճակի և հաշվի է առնում իրավիճակը օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, քաղաքական կայունության առումով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։