«Երազանքը» Հակակոռուպցիոն բյուրոն վերածել է քաղաքացիական հասարակության վրա հարձակման մեխանիզմի. «Իմ ձայնը»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ակնհայտ է, որ «Վրացական երազանքը» իր ստեղծած բյուրոն կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն վերածել է քաղաքացիական հասարակության վրա հարձակվելու մեխանիզմի։ Հակակոռուպցիոն բյուրոն նշանակվել է որպես վարչապետի պատժիչ ապարատ վրացական ոչ կառավարական հատվածի դեմ։ Կառավարությունը սկսեց կիրառել ռուսական օրենքը՝ օգտագործելով այս բյուրոն»,- ասվում է «Իմ ձայնը» կոալիցիայի հայտարարության մեջ, որով 30-ից ավելի հասարակական կազմակերպություններ արձագանքել են Հակակոռուպցիոն բյուրոյի այսօրվա որոշմանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կոալիցիան կարծում է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» և նրա տնօրեն Էկա Գիգաուրիին ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ ճանաչելու որոշումը դուրս է գալիս սահմանադրության և օրենսդրության շրջանակներից և ցույց է տալիս կառավարության վախը դիտորդական առաքելություններից։

«Բյուրոյի որոշմամբ բոլորին, ովքեր խոսում են հանրային խնդիրների և քաղաքացիների կարիքների մասին, հայտարարում են որպես քաղաքական դերակատար։ Այս որոշմամբ Բյուրոն իրեն իրավունք է տվել գրաքննություն կիրառել և սկսել ֆինանսական մոնիթորինգ բոլորի նկատմամբ, ով բարձրաձայնում է, որ մեր ճանապարհը գնում է միայն ԵՄ։

Ցանկացած գործունեություն, որն ունի սահմանադրական նպատակ, Բյուրոյի կողմից համարվում է քաղաքական գործունեություն և նախատեսվում է հարձակումների ենթարկել։ Բյուրոյի որոշումը ցույց է տալիս կառավարության մտավախությունը դիտորդական առաքելությունների գործունեությունից»,- կարդում ենք հաղորդագրությունում։

«Իմ ձայնը» կոալիցիան, որը միավորում է ավելի քան 30 կազմակերպություն, նախատեսում է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար կազմակերպել «աննախադեպ լայնածավալ» դիտորդական առաքելություն։ Սա ներառում է նախընտրական շրջանում ընտրողներին իրազեկելու քարոզարշավ, նախընտրական շրջանի և ընտրությունների օրվա դիտարկում, ընտրողների ձայների պաշտպանություն, միջազգային և տեղական գործընկերների հետ ընտրությունների հարցերի շուրջ համագործակցություն և նրանց իրազեկում: Նշված կոալիցիայի անդամ է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը։

Սեպտեմբերի 24-ին հակակոռուպցիոն բյուրոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանին» և նրա ղեկավար Էկա Գիգաուրիին ճանաչել է որպես «ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ»։

Բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի խոսքով՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» և Էկա Գիգաուրին ինչպես անմիջականորեն, այնպես էլ «Իմ ձայնը հանուն Եվրամիության» արշավի շրջանակներում ակտիվորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավում, որը նպատակ ունի ինչպես աջակցել կոնկրետ քաղաքական կուսակցությունների, այնպես էլ զերծ պահել կոնկրետ քաղաքական կուսակցության սատարումից:

Կուպրաշվիլիի ստորագրած որոշման համաձայն՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» և Էկա Գիգաուրին համարվել են «ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ», քանի որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները համարում են որպես որոշակի հանրաքվե (Ռուսաստանի և ԵՄ-ի միջև), որը համընկնում է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հայտարարություններին։

Հակակոռուպցիոն գործակալությունը մեջբերում է Էկա Գիգաուրիի հայտարարությունը՝ ուղղված ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին. «Վրացիների համար հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն իրականում հանրաքվե են։ Հստակ ընտրություն ժողովրդավարական, բարգավաճ եվրոպական ապագայի և Ռուսաստանի ճահիճում արբանյակ դառնալու միջև»: Բացի այդ, որոշման մեջ չկա Գիգաուրիի կամ նրա կազմակերպության որևէ հայտարարություն, որով նրանք ընտրողներին կոչ են անում աջակցել որոշակի կուսակցության կամ զերծ մնալ նրան սատարելուց։

Որոշման մեջ կարդում ենք, որ «Իմ ձայնը Եվրամիության համար» քարոզարշավն օգտագործվում է որպես «հայտարարված քաղաքական նպատակներին հասնելու միջոց/հարթակ»։

«Արշավների նպատակներին հասնելու համար օգտագործվել են համապատասխան ֆինանսական և նյութական ռեսուրսներ, այդ թվում՝ կայքի ստեղծում, հատուկ հավելվածի ստեղծում, մի շարք հանդիպումներ և միջոցառումներ են անցկացվել Վրաստանի տարբեր շրջաններում, մի շարք տեսանյութեր են պատրաստվել և տարածվել են հոլովակներ, որոնց բովանդակությունը ցույց է տալիս ընտրությունների միջոցով փոփոխությունների կոչ, որը նպատակ ունի զերծ պահել քաղաքական կուսակցությանը սատարելուց»,- նշված է որոշման մեջ։

«Ընտրիր Եվրոպան» քաղաքացիական շարժումը, նրա տնօրեն Խաթունա Լագազիձեն և համահիմնադիրներ Սոփիկո Ճղոնիան, Նիկոլոզ Շուրղաիան, Գիորգի Ռուխաձեն, Շալվա Ձեբիսաշվիլին, Գիորգի Պապելիշվիլին, Լելա Ջելավան, Գիորգի Տակտակիշվիլին և Իվանե Ճղոնիան նույնպես ճանաչվել են «ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ»։

Նշված կազմակերպություններն ու անհատները 5-օրյա ժամկետ ունեն ֆինանսական տեղեկատվությունը, ներառյալ բանկային հաշիվները, հակակոռուպցիոն բյուրո ներկայացնելու համար։ Ռաժդեն Կուպրաշվիլիի խոսքով՝ պահանջը չկատարելու դեպքում լրացուցիչ որոշում կկայացվի, և Հակակոռուպցիոն բյուրոն ինքը կհաշվի դրանց ծախսերը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):