Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ բանավեճի ժամանակ «Վրացական երազանքը» խիստ քննադատության է ենթարկվել ռուսական օրենքը կրկին նախաձեռնելու համար և պահանջվել է, որ այն ընդունել փորձողները պետք է ենթարկվեն պատժամիջոցների։ Բազմիցս հնչել են «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա») և պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Վաժա Սիրաձեի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Պետրաս Աուստրևիչուսի խոսքով՝ Վրաստանի իշխող կուսակցության՝ «օտարերկրյա ազդեցության մասին» օրենք ընդունելու կրկնակի փորձերը խոսում են նրանց մտադրության մասին՝ վերահսկելու քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները և ազդելու գալիք խորհրդարանական ընտրությունների վրա։
«Այս ամենը հակասում է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակին, Վրաստանի ստանձնած պարտավորություններին ու քաղաքական բարեփոխումների ոգուն։ Ռեպրեսիվ օրենքը այսպես կոչված Արևմտյան պրակտիկայով արդարացնելու փորձերը պարզապես խղճուկ են։ Նման օրենքը Ռուսաստանի ավտորիտարիզմին վերադառնալու բանալին է։ Ես դիմում եմ Եվրամիության ինստիտուտներին՝ կոնկրետ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի այն քաղաքացիների դեմ, ովքեր խաթարում են ժողովրդավարական գործընթացները և հալածանքներ են կազմակերպում խաղաղ ցուցարարների դեմ, մասնավորապես՝ Զվիադ Խարազիշվիլիի և Վաժա Սիրաձեի նկատմամբ։ Այդ մարդիկ գործում են վրաց ժողովրդի կամքին հակառակ»,- ասել է Ավստրևիչուսը։
Մարկետա Գրեգորովան նշել է, որ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո Վրաստանի կառավարությունը դրժեց իր խոստումը և փորձում է ընդունել ռուսական օրենքը։ Բացի այդ, ըստ Եվրախորհրդարանի, նախատեսվում է սահմանափակել ԼԳԲՏ+ իրավունքները Վրաստանում, և խաղաղ ցուցարարները կրկին բախվում են բռնաճնշումների, այս անգամ Զվիադ Խարազիշվիլիի կողմից։ Նրա խոսքով՝ այս ամենը հակասում է Եվրամիության նորմերին ու արժեքներին։
«Երբ Ռուսաստանի կողմից օկուպացված և հարձակման ենթարկված մի երկիր ամեն ինչ անում է եվրոպական արժեքներին մոտենալու համար, այստեղ, իհարկե, նկատի ունեմ Ուկրաինան, ավելի ցավալի է տեսնել, թե ինչպես է Վրաստանը մոտենում ռուսական համակարգին։ Թեկնածուի կարգավիճակը մշտական ձեռքբերում չէ։ Հնարավոր են ֆինանսական հետևանքներ։ Խնդրում եմ, ձեր քաղաքացիներից էլ մի խլեք եվրոպական ճանապարհը»,- ասել է Գրեգորովան։
«Իրականում իմ տպավորությունն այնպիսին է, որ եթե մենք խոսում ենք «օտարերկրյա գործակալների» մասին, ապա «օտարերկրյա գործակալները» իշխող կուսակցությունում են, կրկնօրինակում են ռուսական օրենքները, նպաստում են ռուսական իշխանությանը, և գուցե նույնիսկ կառավարում են նրանց անունից։ Ինձ շատ է հետաքրքրում, թե ուր է գնում այս երկիրը և ուր է գնում նրա իշխող կուսակցությունը։ Մենք սատարում ենք ժողովրդի կամքին և լիակատար համերաշխություն ենք հայտնում վրացական և եվրոպական դրոշներով հանրահավաքի մասնակիցներին», - ասել է Մայքլ Գալլերը, ով իր ելույթի վերջում ևս մեկ անգամ պահանջել է ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Ըստ եվրոպացի պատգամավորի՝ հենց Իվանիշվիլին է, ով փաստացի ուղղորդում է Վրաստանում օրակարգը։
Վիոլա ֆոն Կրամոնը Բիձինա Իվանիշվիլիի մարիոնետներ է անվանել Վրաստանի խորհրդարանի 83 պատգամավորներին, որոնք առաջին ընթերցմամբ սատարել են ռուսական օրենքը։ Կրամոնը նշել է, որ Իվանիշվիլին երկրի եվրոպական ապագան ոչնչացնելու առաջադրանքը ստանում է Կրեմլից։
«Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ «Վրացական երազանքը» գտնվում է հատակում, դա ինձ զարմացնում է և ավելի ցածր է ընկնում, քանի որ «Վրացական երազանքն» իրականում ռուսական երազանք է։ Երբ խորհրդարանի 83 անդամները միաձայն սատարեցին ռուսական օրենքը, դա արդեն ժողովրդավարություն չէ, դա մարիոնետների շոու է, իսկ Բիձինա Իվանիշվիլին այս 83 կոճակ սեղմելու վարպետն է։ Իսկ Կրեմլում նստած է մարիոնենտենրի վարպետի վարպետը։
Օլիգարխը ռուս տերից ստանում է միակ հրահանգը՝ Վրաստանը հետ քաշել ռուսական ճահիճ, քանդել երկրի եվրոպական ապագան ու ստեղծել տգեղ «ռուսական աշխարհ»։ Պուտինին հաճոյանալու համար Իվանիշվիլին և նրա խամաճիկները կանեն ամեն ինչ՝ խախտել սահմանադրությունը, ծեծել մարդկանց, դավաճանել երկրին։
Բայց վրաց ժողովուրդը ձեռքերը ծալած չի նստի ու ընդունի դա։ Առջևում երիտասարդությունն է, քանի որ ազատության մեջ ծնվածները չեն ընդունում ռուսական կապանքները։ Մենք կանգնած ենք Վրաստանի խիզախ ժողովրդի կողքին՝ իրենց և մեր եվրոպական ապագայի համար պայքարում»,- ասել է Վիոլա ֆոն Կրամոնը։
Միրիամ Լեքսմանիի խոսքով՝ «Վրացական երազանքի» կողմից կրկին ներկայացված օրենքը նույնն է, ինչ գործում է պուտինյան Ռուսաստանում, և այն ոչ մի կապ չունի թափանցիկության ամրապնդման հետ, այլ խաթարում է քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների աշխատանքը։
«Եթե օրենքն ընդունվի վրաց ժողովրդի ձգտումներին հակառակ և խախտելով հանձնաժողովի հանձնարարականները, մեր պատասխանը պետք է լինի հստակ։ Նախ, մենք պետք է սառեցնենք Վրաստանի անդամակցության բանակցությունների բացման փուլը։ Երկրորդ՝ Վրաստանին ցանկացած ապագա ֆինանսական օգնություն պետք է պայմանավորվի այդ վնասակար օրենքի չեղարկումով։ Եվ վերջապես, ևս մեկ անգամ կոչ եմ անում Խորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի դեմ»,- ասել է Լեքսմանը։
Մարինա Կալիուրանդը դիմել է «Վրացական երազանքին»՝ դադարեցնել վտանգ ստեղծել Վրաստանի եվրոպական նկրտումների համար և նշել, որ դա միայն այս օրենքին չի վերաբերում։
«Ցավոք, սա ԵՄ ժողովրդավարական սկզբունքներն ու արժեքները խարխլելու ավելի երկար գործընթաց է: Դուք պատմական հնարավորություն ունեք իրականացնելու ձեր ժողովրդի երազանքը՝ միանալ Եվրամիությանը։ Մի հիասթափեցրեք մարդկանց։
Ես ուզում եմ Վրաստանի ժողովրդին վստահեցնել, որ դուք ունեք մեր անսասան աջակցությունը ձեր եվրոպական ձգտումներում, և վստահ եմ, որ հաջորդ Եվրախորհրդարանը կշարունակի աջակցել ձեզ եվրոպական ընտանիքում տեղի համար պայքարում, բայց դուք պետք է նաև անեք ձեր մասը՝ հոկտեմբերին գնալ ընտրությունների և ընտրել իսկապես եվրոպամետ և առաջադեմ ազգային խորհրդարան»,- ասել է Կալիուրանդը։
Եվրախորհրդարանը պատրաստվում է «Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը վերստին ներկայացնելու փորձերի և քաղաքացիական հասարակության սահմանափակումների մասին» բանաձև ընդունել։ Բանաձևի վերջնական տեքստը քվեարկության կդրվի հինգշաբթի՝ ապրիլի 25-ին։