Հասարակական կազմակերպությունների գնահատմամբ՝ Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար սահմանված 12 պայմաններից այս պահին միայն մեկն է լրիվությամբ կատարվել, որը վերաբերում է Վրաստանի դատարանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումները հաշվի առնելուն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Պետք է կատարվի հինգ պայման՝ ապաբևեռացում, անկախ դատական համակարգ, ապաօլիգարխացում, լրատվամիջոցների ազատություն և քաղաքացիական հասարակության ներգրավում պայմանների կատարման գործընթացում։
Հասարակական կազմակերպությունների հաշվետվության համաձայն, ապաբևեռացման հետ կապված ակնկալիքների թվում են 2024 թվականի ընտրությունների համար ընտրական շեմի իջեցումը մինչև 2 տոկոս, «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիայի ազատ արձակումը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահմանյան հիվանդանոց տեղափոխումը, «Վրացական երազանքի» և ընդդիմության թշնամական հռետորաբանության դադարեցումը և քաղաքացիական սեկտորի և անկախ լրատվամիջոցների դեմ թշնամական հռետորաբանության ավարտը։ Այս բոլոր խնդիրները մինչ օրս մնում են մարտահրավեր։ Հասարակական կազմակերպությունները նշում են, որ մեծացել է քաղաքական բևեռացումը իշխանության և ընդդիմության, իշխանության և լրատվամիջոցների, իշխանության և քաղաքացիական հասարակության միջև։
Անկախ դատական համակարգի մասով ոչ կառավարական կազմակերպությունները նշում են, որ Վրաստանի խորհրդարանը դեռ չի ընտրել Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամներին, իսկ խորհրդարան ներկայացված օրենքի նախագիծը չի ներառում Գերագույն խորհրդի բարեփոխումը։ Բացի այդ, բարձր քվորումով գլխավոր դատախազի ընտրության վերաբերյալ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ։
Հասարակական կազմակերպությունները կարծում են, որ ապաօլիգարխացմանը կարելի է հասնել այլ հանձնարարականների իրականացման միջոցով։ Նրանք նշում են, որ «Վրացական երազանքը» երկու ընթերցմամբ ընդունել է ապաօլիգարխացման մասին օրենքի նախագիծը, թեև Եվրամիությունը չի խնդրել ապաօլիգարխացման օրենսդրական կարգավորում։ Զեկույցում առկա մարտահրավերների թվում է «Վրացական երազանքի» մոտեցումը, որ ապաօլիգարխացման մասին օրենքը կանդրադառնա միայն քննադատական լրատվամիջոցների և ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների վրա, բայց չի ազդի Բիձինա Իվանիշվիլիին։
Լրատվամիջոցների ազատության հետ կապված հիմնական մարտահրավերներն են՝ Նիկա Գվարամիայի ազատազրկումը, վերաքննիչ դատարանի կողմից՝ «Պիրվելի» հեռուստաընկերության հիմնադիրի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռի անփոփոխ թողնելը, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթի Կեզերաշվիլիի դեմ դատական վեճը, որը ստեղծում է «Ֆորմուլա»-ի խմբագրական անկախությունը կորցնելու վտանգ, հուլիսի 5-ի բռնության կազմակերպիչների անպատժելիությունը, լրագրողների ապօրինի գաղտնալսման փաստերը չհետաքննելը, «Վրացական երազանքի» կողմից տեսալսողական մեդիա ծառայությունների վերաբերյալ եվրոպական հրահանգի կողմնակալ մեկնաբանությունը և թերի օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որոնք դուրս են գալիս եվրոպական դիրեկտիվի պահանջներից՝ ի վնաս լրատվամիջոցների ազատության։ Հասարակական կազմակերպությունները նշում են, որ խորհրդարանի նախագահը հրաման է արձակել հաստատել խորհրդարանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, ինչը խախտում և խոչընդոտում է ԶԼՄ-ների խորհրդարանում ազատ գործելու իրավունքը։
Հինգերորդ չկատարված հանձնարարականը վերաբերում է քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը 12 հանձնարարականների իրականացման մեջ։ Ըստ զեկույցի՝ հաշվի չեն առնվել հանրային պաշտպանի թեկնածուների, դատական բարեփոխումների, հակակոռուպցիոն միջոցառումների, ժողովրդավարական վերահսկողության, լրատվամիջոցների և խոցելի խմբերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության առաջարկությունների մեծ մասը։ Բացի այդ, «Վրացական երազանքը» արգելափակել է «Արդար ընտրությունների» (ISFED) մասնակցությունը ընտրական հարցերով աշխատանքային խմբում։ Զեկույցում նշվում է, որ չնայած այսպես կոչված «գործակալների» մասին օրենքի տապալմանը, «Վրացական երազանքը» շարունակել է իր հարձակումները քաղաքացիական սեկտորի վրա և ակտիվացրել՝ վարկաբեկիչ արշավը:
«Չնայած օրենքը ընդունելուց հրաժարվելուն, «Վրացական երազանքի» ղեկավարները հասարակական կազմակերպություններին օտարերկրյա ազդեցության գործակալներ են անվանում։ Քաղաքացիական սեկտորին մեղադրում են նաև եվրաինտեգրման գործընթացին խոչընդոտելու, սադրանքների կազմակերպման, ապակառուցողական գործունեության և Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու ցանկության մեջ։ Նաև կասկածի տակ է դրվում նրանց ֆինանսներն ու հավատարմությունը երկրին»։
Երկու առաջարկություններ՝ կապված կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և գենդերային հավասարության հետ, համարվում են հիմնականում իրականացված։ Մասամբ իրականացված չորս առաջարկություններից են ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, հակակոռուպցիոն միջոցառումները, խոցելի խմբերի պաշտպանությունը և անկախ հանրային պաշտպանի նշանակումը։
«Մինչև տարեվերջ կառավարությունն ու հասարակությունը դեռ ժամանակ ունեն այս պայմանների կատարումն արագացնելու և, որ ամենակարևորն է, միասնական կամք դրսևորելու համար։ Միգուցե մինչև հոկտեմբեր ոչ բոլոր պայմաններն ամբողջությամբ կատարվեն, բայց կարող է առաջընթաց երևալ։ Դրա համար, առաջին հերթին, կառավարությունը պետք է բավարար քաղաքական կամք դրսևորի»,- ասում է Բաց հասարակության հիմնադրամի գործադիր տնօրեն Քեթի Խուցիշվիլին։
Եվրոպական հանձնաժողովի 12 հանձնարարականների կատարումը գնահատել են հետևյալ ինը հասարակական կազմակերպությունները՝ «Բաց հասարակություն հիմնադրամ», «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ», «Դատարանի ժամապահ», «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն», «Վրաստանի ռազմավարության և միջազգային հարաբերությունների հետազոտությունների հիմնադրամ», «Կառավարման մոնիթորինգի կենտրոն», «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա», «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» և «Սափարի»: