Եվրախորհրդարանը Վրաստանի թեկնածուի կարգավիճակին աջակցող բանաձև է ընդունել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրախորհրդարանը 486 կողմ 99 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը կոչ է անում Եվրոպական խորհրդին դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովում որոշում կայացնել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարում են, որ ելնելով բարեփոխումներից պետք է բանակցություններ սկսել նաև Բոսնիա-Հերցեգովինայի հետ, իսկ Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բանաձևի հեղինակները Եվրամիության ընդլայնումն անվանում են ռազմավարական ներդրում խաղաղության և անվտանգության մեջ։ «Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը, ընդլայնումը ռազմավարական առումով էլ ավելի կարևոր է դարձել և հանդիսանում է ԵՄ-ի տրամադրության տակ գտնվող ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքներից մեկը»,- ​​ասվում է բանաձևում։

Միաժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ուկրաինայի վերաբերյալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունները և նշում, որ Օրբանը վնասում է ընդլայնման գործընթացին։

Նոյեմբերին Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, առաջարկել է Ուկրաինային և Մոլդովային բանակցություններ սկսել Եվրամիությանն անդամակցելու շուրջ, իսկ Վրաստանին տրամադրել անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Ինչպես ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, իրենց առաջարկությունն է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել այն վերապահումով, որ կառավարությունը կարևոր քայլեր կձեռնարկի բարեփոխումների իրականացման գործում։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը Եվրամիության 27 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կկայացնեն դեկտեմբերի 14-15-ին, Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում։

Որոշման համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Վիկտոր Օրբանը սպառնում է վետո դնել Ուկրաինայի անդամակցության բանակցությունների և Եվրամիության կողմից զգալի ֆինանսական և ռազմական օգնության վրա: Հունգարիայի վարչապետի դիրքորոշումը վտանգի տակ է դնում ընդլայնման ողջ փաթեթը, այդ թվում՝ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի շնորհումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):